Ասացի՝ պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք ոնց որ թե կա․ Գեւորգ Դանիելյան

Ասացի՝ պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք ոնց որ  թե կա․ Գեւորգ Դանիելյան

«Երբ առաջին անգամ լսեցի, որ երիտասարդ պատգամավորներ հրաժարակն են պահաջում, ես այդ օրը պատրաստ էի հրաժարական տալ, բայց ասի մի փոքր պետք է հանդիպել, հրաժարականը միշտ էլ կարելի է տալ, բայց պատգամավորներին մի փոքր դաստիարակելու կարիք ոնց որ  թե կա»։ Այս մասին այսօր «Հայաստանի Սահմանադրությունը. կարմիր եւ կանաչ գծեր» կոնֆերանսի ժամանակ ասաց իրավաբան Գեւորգ Դանիելյանը, որը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականից հետո կարճ ժամանակով ստանձնեց ԲԴԽ նախագահի լիազորությունները։

Այնուհետեւ Դանիելյանը շարունակեց․ «Եվ երբ հանդարտվեց, ես ասի կարող եմ՝ հրաժարական տալ։ Ի՞նչ է ստացվում, որ իսկապես դատարանների նկատմամբ  վստահության վերաբերյալ որեւէ արտահայտություն գործադիր իշխանությունը անել չի կարող, սա անթույլատրելի է, անգամ, եթե դուք ասում եք՝ շատ են վստահում , սա էլ է անթույլատրելի։ Դրա համար կան անկախ փորձագետներ»։

Կոնֆերանսին ներկաներից մեկը օրինակ բերելով ԱՄՆ-ի փորձը, որ այնտեղ դատավորներին ընտրում են ընտրության միջոցով, հնարավո՞ր չէ Հայաստանում էլ դա կիրառվի, պատասխանեց․ «Մի առանձին փոփոխություն վերցնենք, կիրառենք, կարծում եմ՝ ոչ թե հաջողություն կունենանք, այլ կձախողենք, խնդիրը գիտեք ինչո՞ւմ է․ մենք վերցնում ենք մի առանձին  ինստիտուտ, ասում ենք՝ իրենց մոտ լավ է աշխատում, բերենք, նույն հաջողությունը կունենանք։

Մենք բերում ենք, լրիվ այլ բան է ստացվում։ Հիմա, եթե դուք մտածում եք, ուրեմն հնարավոր է, ուրեմն պետք է նաեւ մտածեք, որ քաղաքականությամբ զբաղվող անձնանց շրջանակը պետք է լայն լինի։ Մի իրավական մշակույթով, որտեղ զսպվածության պարագայում անգամ պետական պաշտոնյաները փորձում  են այս կամ այն կերպ քողարկված ազդել քաղաքականության վրա, ընտրական գործընթացների վրա, արժի՞ դրան գնալ, թե՞ ոչ։ Ես դա համարում եմ խոցելի։ Մենք հիմա խնդիր ունենք դատավորների թափուր տեղերի, միեւնուն  է չեն դիմում մարդիկ, գրավիչ պաշտոն է, կարգավիճակ է, բայց չեն դիմում մարդիկ։ Եթե մի թեմայի մասին շատ ենք խոսում, ուրեմն խնդիրը կա»։