Հայկական ճահիճ

Հայկական ճահիճ

Մինչ «հեղափոխական» մամուլը փորփրում էր՝ ՀՀԿ-ականներից ով ում քավոր-սանիկն է, ինչ պաշտոնի ու հարստության տեր է, որտեղ է հանգիստն անցկացնում Սերժ Սարգսյանը, ընտանիքի հետ է, թե՝ առանձին, ով է հոգացել նախագահի արձակուրդի ծախսերը, շոու-բիզնեսի որ «աստղը» շուտով կամուսնանա կամ կամուսնալուծվի եւ ինչ կապեր ունի առաջին տիկնոջ կամ նախագահի թիկնազորի պետի հետ, «հետհեղափոխական» մամուլը սեւեռված է Նիկոլ Փաշինյանի «բրդուճ» ուտելու, նրա տիկնոջ հագուստ-կապուստի, որդու ծառայության վայրի ու պայմանների, առհասարակ՝ իմքայլականների կենցաղային, խնամի-բարեկամական հարաբերությունների, Սասուն Միքայելյան-Ռոմանոս Պետրոսյան հակասությունների, Վահե Գրիգորյան- Հրայր Թովմասյան «կենաց-մահու» պայքարի եւ, իհարկե, Ռոբերտ Քոչարյանի դեմ «քաղաքական հետապնդումների»  ու Հայաստան-Արցախ «խորթացման»  վրա: Նույնը՝  սոցիալական ցանցերում: Կարծես Հայաստանը եւ հայ ժողովուրդը չունեն իրական հոգսեր, մարտահրավերներ:

Կարծես՝ եթե Փաշինյանը ոչ թե լավաշ-պանիրը բրդուճ անի, գյուղավարի կծոտի, այլ զբոսախնջույքի ժամանակ էլ ճերմակ անձեռոցիկ կապի եւ «մածունն ուտի դանակ-պատառաքաղով»՝ Հայաստանի բոլոր խնդիրները մի վայրկյանում կլուծվեն: Կչքվի պատերազմի սպառնալիքը, Արցախը փաստացի սահմաններով կճանաչվի  եւ կմիավորվի մայր-հայրենիքին, շրջափակումը կվերանա, կսկսվի մե՜ծ հայրենադարձություն, եւ կյանքը պարզապես կզրնգա արարտյան բարկ արեւի տակ:

Հայ իրականությունն ինչպես թաղված էր ճահճում, այդպես էլ մնում է: Եւ զուր է հուսալ, թե արտաքին մի բարեկամ մեզ օգնության ձեռք կպարզի: Իսկ ով ասում է «կարելի է զարգանալ նաեւ այս իրավիճակում»՝ նման է հայտնի ստախոսին, որ վստահեցնում էր, թե ճահճից փրկվել է՝ սեփական ձեռքերով վեր քաշելով սեփական մազերից:

Ճահիճը մեզ կլանում է ժամ առ ժամ, օր-օրի: Եւ միամտություն է վարչապետի հրճվանքը, թե ինչքան ծանոթանում, ավելի է համոզվում՝ ինչ հզոր դեմքեր ունի Սփյուռքը: Ունի, հետո՞: Այդ հզորները ոչ  թե մեր  ազգային, այլ իրենց հզոր դարձրած  երկրի՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Կանադայի, Ռուսաստանի, Լիբանանանի, Իրանի հարստությունն են:

Եւ եթե դեռ մի քանիսը կան՝ սենտիմենտալ մի պահի հիշում են իրենց հայկական ծագումը, Հայաստանը դրանից ոչինչ չի շահում: Բացի այն մեկ-երկու հազար դոլար գումարից, որ սփյուռքահայը ծիրանի սեզոնին ծախսում է Երեւանում: Մնացածը բացարձակ երազխաբություն է: Եւ՝ մտավոր ու, հատկապես, քաղաքական շեղվածք, երբ ասում են՝ «Սփյուռքը մեր ուժն է»:

Ցեղասպանության հետեւանքը չի կարող ազգային ներուժ լինել: Եւ դեռ հարց է՝ ի՞նչ էր լինելու Սփյուռքի վիճակը, եթե հետանկախական Հայաստանից չհեռանար մեկ միլիոնից ավելի հայ: Բայց մենք համառորեն թաղվում ենք «Սփյուռքից կգան, ներդրումներ կանեն, Հայաստանը ոտքի կկանգնեցնեն» ճահճի մեջ: Չեն գա, սիրելիներս, գործարար մարդու համար Հայաստանը մի անհրապույր երկիր է: Նա կնախընտրի իր փողը ներդնել անգամ Թուրքիայում, եթե համոզված լինի եւ երաշխիքներ ունենա, որ այն տարեկան քսան տոկոս շահույթ է բերելու:

Հայաստանի ապագան կարող են կերտել եւ պետք է կերտեն միայն նրա քաղաքացիները, այն մոտ երեք միլիոն մարդիկ, որ քաջություն են ունեցել չհեռանալ: Որ Արարատյան դաշտում լոլիկ են աճեցնում, Գեղարքունիքում՝ կաղամբ ու կարտոֆիլ: Նրանք, որ հրաշքի ոչ հավատում են, ոչ՝ սպասում: Պարզապես ապրում են հայրենիքում, բանակին զինվոր են տալիս, բյուջեին՝ հարկեր:

Եւ իշխանության խնդիրն է՝ նրանց պահել գուրգուրոտ հայացքի տակ: Անել նույնիսկ անհնար թվացողը, որպեսզի նրանց գործելու ասպարեզն ընդլայնվի: Հարկային տեռորի չենթարկվեն, ոչ էլ՝ ոստիականական քմահաճության եւ բյուրոկրատական անտարբերության: Հեշտ եւ անհամեմատ անվտանգ է, երբ իշխանությունը տրվում է «համազգային միասնության» խաբկանքին:

Դժվար եւ վտանգալի է՝ կարողանալ ժողովրդին ձեւակերպել իրականությունը, նրան վերադարձնել գործնական առաքելության եւ պատասխանատվություն ստանձնել ոչ թե այսօրվա կոսմետիկ քայլերի, այլ՝ ապագայի հեռանկարի համար: Նախկինները խուսափեցին: Նորերը դեռ խուսանավում են, որ ավելի շատ անցյալի իշխանական վարքն է հիշեցնում, քան՝ ուղենշմարում իրական զարթոնք:

Ազգային ըղձախոսությունն է այն ճահիճը, որ կլանում է մարդկանց ստեղծարար էներգիան: Կտրում ժողովրդին իրականությունից: Դրանով իսկ՝ վերափոխվող աշխարհից: Մենք մեզ համար ստեղծել ենք վիրտուալ միջավայր: Եւ ինքնաբավարարվում ենք «եռամիասնության» ու «ազգային միասնական օրակարգի» մասին քնարական զեղումներով: Իսկ ճահիճը դաժան անտարբերությամբ անում է իր գործը: Հայկական ճահիճը, որից միայն մեկ փրկություն կա՝ ներքին հզոր էներգիայով չորացնել: Եւ երկիրը դուրս բերել բանուկ ճանապարհի վրա: Ընդունել ոչ պոպուլյար, բայց պրագմատիկ որոշում եւ  անել առաջին քայլը՝ իշխանության խնդիրն է: Ունե՞նք այդ իշխանությունը…