«Սպայկան» գտնվում է ճգնաժամային կառավարման մեջ

«Սպայկան» գտնվում է ճգնաժամային կառավարման մեջ

Մաքսայինի հետ խնդիրների պատճառով «Սպայկա» ընկերությունը մի քանի օր առաջ  ահազանգում էր ու սպառնում հրաժարվել Ռուսաստան ապրանք մատակարարելուց` այն բանից հետո, երբ հայկական դեղձերով բեռնատարները մնացել էին «Վերին Լարս» անցակետում։  Այս խնդիրը, ընկերության զարգացման գծով փոխտնօրեն Կարեն Բաղդասարյանի տեղեկացմամբ, ի վերջո հաղթահարվել է, բեռնատարները շարժվել են Ռուսաստան, բայց ահագին ապրանք է փչացել։ «Մեր խնդիրը ոչ թե բեռնատարների շարժվել-չշարժվելն է, այլ այն, որ իրենք ջերմաստիճանային ռեժիմը չեն պահպանում, քանի որ իրենց տարածքում էնպիսի սառնարանային համալիր չկա, որ մեքնայից բեռնաթափվող ապրանքի ջերմաստիճանային ռեժիմը պահպանվի, իրենք չունեն։ Իրենք էլ են, ի դեպ, դա ընդունում։ Այսինքն՝ մենք հարցը բարձրացնում էինք ոչ թե այն մասով, որ երկար են պահում, որովհետև երկու ժամ էս կողմ-էն կողմը մեզ չի հետաքրքրում, այլ որ մեքենայից ապրանքը 30 աստիճան արևի տակ դատարկելուց ու հետ բարձելուց հետո բեռը փչանում է, կորցնում է իր ապրանքային տեսքը, և դրանից հետո ապրանքի կյանքը կտրուկ նվազում է»։

Այս ընթացքում, ըստ Կարեն Բաղդասարյանի, իրենք կրել են հարյուր հազարավոր դոլարի վնաս։ 
Նաև տեղեկություն ունեինք, որ ընկերությունը կարող է գնալ սնանկացման, քանի որ բանկերի մի մասը սառեցրել են հարաբերությունները, մյուս կողմից` ընկերության տնօրենի ազատ արձակման գրավի համար են շրջանառու միջոցներից հսկայական գումարներ մուծել, և վերջապես՝ տարեկան միայն 5-6 միլիոն դոլարի տոկոսադրույք են վճարում։

Կարեն Բաղդասարյանը չհերքեց՝ ասելով․ «Ամեն բիզնես ունի տարիների ընթացքում իր ստեղծած արժեքները, որոնց մեջ կարևորագույն արժեքներից մեկը հարաբերություններն են գործընկերների հետ։ Իսկ գործընկերների մեջ մտնում են հաճախորդները, բանկերը, տարբեր պետական ատյանները Հայաստանում ու արտասահմանում։ Հիմա այդ  ամբողջ պատմությունը, կոպիտ ասած, մեր ողնաշարը ջարդել է էնպես, որ շատ դժվար է վերականգնվել։ Հիմա բանկերը, բնականաբար, ասում են` ե՞րբ է ձեր այդ քրեական գործն ավարտվելու, մինչև ավարտվելը պատրաստ չեն արդյունավետ երկխոսության, մեր գործընկերներն ասում են՝ մենք ձեզ հետ երկարաժամկետ ծրագրեր չենք ուզում անել»։

Նրա ամփոփմամբ՝ ընկերությունը գտնվում է ճգնաժամային կառավարման մեջ՝ այս քրեական գործի ու անորոշության պայմաններում։  Կվերականգնեն ուժերը կամ կսնանկանա՞ն, թե՞ դանդաղ կզարգանան` ցույց կտա ժամանակը։