ՔՊ-ն առաջարկում է օրենքով արգելել ՀՀ քաղաքացիներին դոլարով ու եվրոյով վարկ տրամադրելը

ՔՊ-ն առաջարկում է օրենքով արգելել ՀՀ քաղաքացիներին դոլարով ու եվրոյով վարկ տրամադրելը

ՔՊ-ն առաջարկում է օրենքով արգելել ՀՀ քաղաքացիներին արտարժույթով վարկ տրամադրելը։ Նպատակը փոխարժեքի կուրսի տատանումներից առաջացած ռիսկը կանխելն է։ Նախագիծը զեկուցող պատգամավոր Գևորգ Պապոյանն այսօր հայտարարեց, որ վերջին տարիներին ֆինանսական և ոչ ֆինանսական շուկաներում աճել են անորոշությունները, ինչպես նաև արտարժույթի փոխարժեքի տատանողականությունն է մեծացել, և դա էական ռիսկեր է առաջացնում ոչ միայն պետության, այլև քաղաքացիների համար։ Ըստ Պապոյանի՝ խոսքն այն քաղաքացիների մասին է, որոնք արտարժութային վարկեր ունեն:

«Խնդիրը հատկապես ցայտուն է բնակարանային հիփոթեքային կրեդիտների դեպքում, 20 տարվա կտրվածքով քաղաքացին, որի եկամուտները դրամային են եղել, շատ մեծ ռիսկերի է ենթարկվում: Սրանից 2 ամիս առաջ եվրոյի փոխարժեքը 392 էր: Այն քաղաքացին, որը եվրոյով հիփոթեքային վարկ էր վերցրել, այսօր 9 տոկոս ավելի փոխարժեքով պետք է վճարի»,- հայտարարեց ՔՊ-ական պատգամավորը:

Ընդդիմությունը, սակայն, դեմ արտահայտվեց այս նախագծին։ 

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասաց, թե եթե իրենց նպատակը դոլարիզացիայի մակարդակը լուծելն է, ուրեմն թող բերեն սահմանափակեն արտարժույթով ավանդները։ «Հիմա էստեղ ես չեմ հասկանում նաև, թե Կենտրոնական բանկի քյարը ո՞րն ա։ Այսինքն՝ ԿԲ-ն, ըստ էության, պետք է որ կողմնակիցը լինի ավելի քիչ ազգային արժույթի սահմանափակումներին, որովհետև, ի վերջո, արժութային քաղաքականությունն իր տիրույթում է, և ինչքան շատ սահմանափակում՝ այնքան ցածր լիկվիդայինություն։ Բա էս լավ օրերը հո միշտ չե՞ն լինելու։ Վաղը, մյուս օրը, որ ազգային արժույթը սկսեց արժեզրկվել, մի հատ էլ էս սահմանափակումները բերեցին էլի լրացուցիչ արժեզրկման․․․ էստեղ շատ ու քչի մասին չի խոսքը, քաղաքականության մասին է խոսքը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը։