Արցախի հարցով պահանջատիրական ցույց՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց․ արձագանք՝ Լիբանանից

Արցախի հարցով պահանջատիրական ցույց՝ Ադրբեջանի դեսպանատան դիմաց․ արձագանք՝ Լիբանանից

Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայության դեմ։ Այս բնորոշումն, ի դեպ, տվել են նաև ՄՔԴ-ի նախկին դատավոր Օկամպոն, Լեմկինի ինստիտուտը, միջազգային մի շարք գործիչներ և այլն։ Բաքվի կողմից պարբերական ռազմական սադրանքներ, բռնություններ, էթնիկ զտումներ, բռնի տեղահանված արցախցիների՝ դեպի Հայաստան ձգվող հոծ խմբեր, զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ։ Կարճ ասած՝ համազգային տառապանք՝ Արցախի հայաթափման ու կորստի անասելի ցավով։ 

Ինչպես համայն հայությունը, հայաշատ Լիբանանում ևս խորը տագնապով ու ցավով են հետևում ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին և արցախահայության ճակատագրին։ Հայռնի է, որ սեպտեմբերի 28-ին, Լիբանանի հայերը պահանջատիրական ցույց կանցկացնեն Ադրբեջանի դեսպանատան դիմաց՝ ի աջակցություն Արցախի։

Թեմայի շուրջ «Հրապարակ»-ը զրուցել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի հանրային կապերի պատասխանատու Հակոբ Հավատյանի հետ։

- Եթե հակիրճ ու բովանդակալից, ապա պետք է ցավով արձանագրենք, որ Ադրբեջանը նոր ցեղասպանություն է իրականացնում Արցախում։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում բնավեր ու տնավեր եղած արցախցուն, որ բազում զրկանքներից զատ այժմ բռնել է պանդխտության ճամփան։

Հ․ Հ․ - Այն, ինչ տեղի է ունենում հայոց աշխարհում, անկարելի է մեկ բառով սահմանում տալ։ Փաստորեն, 21-րդ դարի առաջին ցեղասպանության դեմ հանդիման ենք, որ հատկանշվում է ցեղային զտման, տեղահանման, բնաջնջման գործոններով։ Ավելին, այս բոլորը տեղի է ունենում, երբ միջազգային հանրային կարծիքը մնում է անտարբեր, և մեծապետական փոխշահադիտական ընդհանուր գործընթացին զոհ է դառնում հայության դարավոր իրավունքը։ Թշնամին չի վարանի նաև՝ ոչնչացնելու մշակութային կոթողներն ու Արցախի հայապատկանելիությունն արտահայտող բոլոր կառույցները։ Այս բոլորի կողքին հայրենի իշխանություններն իրենց անկարողությամբ ու պառակտումի քաղաքականությամբ դյուրացնում են պարտությունից պարտություն թավագլոր ընթացող երթը։

- Աշխարհն արձագանքել և արձագանքում է Արցախում տեղի ունեցող ոճրագործությանը՝ Բաքվին կոչ անելով զերծ մնալ բռնությունից և հարգել, պաշտպանել ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը։ Հետաքրքիր է, Լիբանանի պաշտոնական կամ հանրային շրջանակներում ի՞նչ գնահատականներ են հնչում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Հ․ Հ․ - Ինչպես ակնարկեցի՝ միջազգային ընտանիքի զորակցությունը չի անցնում դատապարտումի և զորակցության բառապաշարից անդին․ գործնական ոչ մի նախաձեռնության ականատես չենք տակավին բոլորի կողմից անխտիր։ 
Լիբանանի մեջ հայկական համայնքն ամեն օր ու ամեն վայրկյան շնչում է Արցախով ու իր բազկերակը ամրորեն շաղկապել է Արցախահայությանը։ Այս ծիրի մեջ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և իր Հայ դատի մարմինը ծավալում են ինտենսիվ գործունեություն քաղաքական և դիվանագիտական հարթակների վրա։ Թեև Լիբանանը փոքր երկիր է և նրանից անկարելի է ակնկալել ներգործուն ազդեցություն միջազգային կարծիքի ձևավորման ընդհանուր հոլովույթի մեջ, բայց անցնող օրերին քաղաքական կողմերն ու պետական անձինք դատապարտող խոսքերով ու Արցախի զորակցության հայտարարություններով մասնակից դարձան հայության դրսևորած ցասումին և ընդվզումին։

Լիբանանի պաշտոնական տեսակետին անդրադառնալով, նշեմ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցության ջանքերի շնորհիվ, Լիբանանի արտգործնախարարությունը առաջին իսկ օրից հրապարակեց հայտարարություն՝ պահանջելով դադարեցնել Արցախահայության նկատմամբ իրականացվող անմարդկային գործողութիւնները՝ շեշտը դնելով մարդու իրավունքների հարգման միջազգային նորմերի վրա։

- Լիբանանահայությունը տասնամյակներ ի վեր, Հայոց նորանկախ պատմության ամբողջ ընթացքում գործուն ու ահռելի աջակցություն է ցուցաբերել թե՛ Մայր Հայաստանին և թե՛ Արցախին։ Տեղյակ ենք, որ սեպտեմբերի 28-ին Լիբանանում ապրող մեր հայրենակիցները պահանջատիրական ցույց են անցկացնելու Ադրբեջանի դեսպանատան դիմաց։ Կոնկրետ ո՞վ է նախաձեռնել այդ ակցիան և որո՞նք լինելու միջոցառման հիմնական ուղերձները։

Հ․ Հ․ - Նշեցի, որ լիբանանահայությունը միշտ էլ համահայկական խնդիրների, տագնապների ու պահանջատիրական մեր երթի մեջ գտնվել է պատասխանատվության ու հանձնառության բարձրագոիյն մակարդակի վրա։ Այս համայնքն Արցախի ազատագրական պայքարին և դրանից հետո պետականության կայացման գործընթացի մեջ փորձել տալ ամեն բան, նվիրաբերելով նաև իր ընտրյալներին։ Այսօր, լիբանանահայությունը համայն հայության նման ապրում է հուսաբեկման, ընդվզումի և ցասումի աննախընթաց պահեր։

Այս բոլորին կողքին, սակայն, աննահանջ պայքարի հարուստ կենսափորձ նվաճած այս գաղութը, որ պատվով և արժանապատվությամբ դիմակայել է բոլոր վտանգներին ու մարտահրավերներին, այսօր ևս ինքն իրեն հանձնառու է զգում պարտության անիվը կասեցնելու և դեպի նոր հաղթանակների սկիզբ ուղղություն ճշտելու առաքելության մեջ։
Այս իմաստով, Սեպտեմբերի 28-ին, Ադրբեջանիի դեսպանատան դիմաց կայանալիք պահանջատիրական ցույցը, որը կազմակերպել է ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեն, մեր նշած սկզբունքներին և համոզումներին հարազատ արտահայատությունն է, և վստահ ենք, որ այս պահանջատիրական աննկուն կամքով մեր ժողովուրդը պիտի շարունակի իր երթը ու կառչած մնա հայության անկորնչելի իրավունքներին և տեսլականներին։

- ԼՂ-ում տեղի ունեցողին զուգահեռ, Հայաստանում սրվել է ներքաղաքական իրավիճակը․ տասնյակ հազարավոր քաղաքացիներ, քաղաքական ուժեր, տարատեսակ հանրային շարժումների ներկայացուցիչներ դուրս են եկել փողոցներ՝ անհնազանդության խաղաղ ակցիաներ կազմակերպելով և պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Ըստ ձեզ, որքանո՞վ կհաջողի այս պայքարը՝ ՀՀ իշխանություններին տապալելու իմաստով։

Հ․ Հ․ - Հայաստանի մեջ ներքաղաքական բեմի վրայ կատարվող իրադարձությունները, ինչպես նաեւ ժողովրդական զանգվածային շարժումներն ու իշխանությունների հրաժարականը պահանջող արտայայտություններն ամենօրյա կերպով ժողովրդի խավերի մէջ ստեղծում են լայն հետաքրքրություն եւ սպասման մթնոլորտ։
Ներքին պառակտումը կասեցնելու, ազգային միասնակամություն առաջացնելու, հայկական ներուժը համախմբելու, Հայաստանին ու հայությանն սպառնացող վտանգներին դիմակալելու ու վերջապես հզօր հայրենիք ու հայություն վերակերտելու համար անթույլատրելի է այսօր հայրենի պետության ղեկը վստահել պարտությունից պարտություն հայրենիքն ու հայությունն առաջնորդող այս իշխանություններին։

Կացության ելք ապահովելու առումով անհապաղ անհրաժեշտ է հայոց պետականությունը օժտել ազգային գաղափարախոսությամբ, արժեքներով ու տեսլականներով առաջնորդվող պետական ներկայացուցիչներով, որպեսզի հնարավոր լինի առաջին հերթին հայ մարդու մոտ վերականգնել հավատքն ու վճռականությունը և, անշուշտ, պայքարունակ ոգին և ապագայի հանդէպ հավատը։    
Դժնդակ այս կացության մեջ պարտավոր ենք ազգովին գտնելու վերականգնումի ու փրկության ճանապարհը։     

Զրուցեց՝ Արա Ալոյանը