Թուրքիան Սիրիայում իր ռազմաքաղաքական ներգրավվածությամբ կարողացավ դիվանագիտական հարթության մեջ իր համար շահեկան դիրքեր ապահովել․ Լևոն Հովսեփյան

Թուրքիան Սիրիայում իր ռազմաքաղաքական ներգրավվածությամբ կարողացավ դիվանագիտական հարթության մեջ իր համար շահեկան դիրքեր ապահովել․ Լևոն Հովսեփյան

Վաղը հանդիպում է նախատեսված է Շվեյցարիայի Ժնև քաղաքում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև Մինսկի մի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման թեմայով։ Տարածաշրջանային պետություններից Իրանը և Թուրքիան նույնպես փորձում են ներգրավել բանակցություններում որպես միջնորդ։   


Թեմայի շուրջ «Հրապարակը»  զրուցել է ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի դասախոս, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, արևելագետ Լևոն Հովսեփյանի հետ։


-Ի՞նչու է ուզում Իրանը ներգրավվածություն ունենալ բանակցություններում։ Իրանը փոխարտգործնախարարը գնացել է Բաքու, նաև Երևան է գալու, տարածաշրջանային երկրներ է այցելելու։ Ըստ Ձեզ՝ հիմա Իրանն ի՞նչ է փորձում անել։

-Իրանի մասով այն արտաքին մակարդակը, որ տեսնում ենք պաշտոնական Թեհրանի հայտարարությունների մասով, պետք է որոշակիորեն զանազենք ավելի խորքային մակարդակից, որն իրականում կա։ Ակնհայտ է, որ  այն, ինչ տեղի է ունենում Արցախում, արցախա-իրանական սահմանի երկայնքով, անվտանգության սպառնալիք է հենց Իրանի համար։ Եվ պատահական չէ, որ իրանական կողմն ուժերի կենտրոնացում արեց, այդ թվում՝ հենց «Իսլամական հեղափոխության պահապանների» կորպուսի կարևոր ստորաբաժանումները, այդ թվում՝ նաև հատուկ ջոկատայինների տեղաբաշխում այդ հատվածներում։ Նաև պաշտոնական Թեհրանը հայտարարեց, որ թաքֆիրիները՝ այդ վարձկան զինյալները, ահաբեկիչները, որոնք սնուցվում են Թուրքիայից և ոչ միայն, գտնվում են Արդբեջանում, և հատկապես արդեն  Իրանի սահմանի երկայնքով Արցախում ռազմական գործողությունների շրջանում։ Ակնհայտ է, որ դրանք սպառնալիք են Իրանի համար։ Եվ Իրանի Իսմալական Հանրապետությունը, որը պայքարում էր նույն ահաբեկիչների դեմ Մերձավոր Արևելքում՝ Սիրիայում, Իրաքում, այլ հատվածներում, որպեսզի ոչնչացնի այդ ահաբեկչական օջախները, հիմա փաստորեն հայտնվել են անմիջապես իր սահմանին։ Սա սպառնալիք է, և իրանական կողմը լուրջ գիտակցում է դա։ Բացի այդ, Իրանը նաև դիվանագիտական մակարդակում է փորձում ակտիվություն դրսևորել, դիվանագիտական հարթակում փորձել ինչ-որ միջնորդական ջանքերով հանդես գալ, որը նախկինում էլ ունեցել է նույն Արցախյան գոյամարտի ժամանակ։ Այնպես որ, այստեղ ռազմաքաղաքական լուրջ գործոն կա, որ Իրանը հաշվի է առնում, և կարծում եմ, որ իր  ռազմաքաղաքական կուրսը հարմարեցնեում է ընթացող գործընթացներին։ Այն, ինչ տեղի է ունենում հիմա, չի բխում Իրանի անվտանգության շահերից, որը բնականաբար հստակորեն գիտակցում է Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

-Թուրքիան հիմա ի՞նչ է փորձում անել։

-Ինչ վերաբերում է Թուրքիային, մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը ծրագրավորված, պլանավորված և կառավարվող գործողութուն է հենց Անկարայի կողմից, Թուրքիայի կողմից, բավականին հստակ, մանրակրկիտ պլանավորված։ Նույնիսկ հրադադարի փորձերի, ռեժիմի հաստատման փորձերը, որ կատարվեցին, ակնհայտ է, որ հենց Թուրքիայի դրդմամբ դրանք չիրականացվեցին։ Պատահական չէ, որ ամեն մի նման գործընթացից առաջ տեղի է ունենում Չավուշօղլուի անմիջապես զանգը Բաքու, որից հետո Բաքուն սկսում էր ակտիվ գործողութուններ, հրթիռակոծություններ քաղաքացիական բնակավայրերի, քաղաքների ուղղությամբ։  Այսինքն՝ Թուրքիան ներգրավվել է այս գործողությունների մեջ տարբեր ձևաչափերով, բարձրազաստիճան սպայակազմի կոնկրետ ներգրավման միջոցով, ռազմական գործողությունները կառավարում, ղեկավարում են բարձրաստիճան թուրք զինվորականներ ամենաբարձր մակարդակով։ Բացի այն ռազմատեխնիկական աջակցությունը, որ տրամադրվում է Թուրքիայի կողմից, նաև հատուկ նշանակության ուժերի տեղաբաշխում և ուղարկում Ադրբեջան, որոնք մասնակցում են հատուկ նշանակության գործողությունների։ Եվ բնականաբար այն փորձառությունը, որ Թուրքիան ձեռք բերեց Սիրիայում, Իրաքում, Լիբիայում ահաբեկիչներին, ահաբեկչական խմբավորումներին օգտագործում է տարբեր գոտիներում և այս անգամ նաև մեր դեմ, Արցախի դեմ։ Թուրքիայի քաղաքական նպատակը, բացի ռազմականից, իրավիճակ փոխելով Հարավային Կովկասում, այսպես ասած՝ ցույց տալ, որ ինքը հավասար է Ռուսաստանին։ Եվ դա Անկարայի պաշտոնական և փորձագիտական մակարդակներում բավականին հստակ դրսևորվում էր՝ ասելով․ «որքան Ռուսաստանն իրավունքներ ունի այս տարածաշրջանում, այդքան էլ ունի Թուրքիան, ուստի Թուրքիայի ներգրավվածությունը պետք է հաշվի առնել»։ Եվ Թուրքիայի այս ակտիվությունը՝ ամեն կերպ փորձել իրավիճակ փոխել, մեծացնել իր ռազմաքաղաքական ներգրավվածությունը տարածաշրջանում, փորձել իր համար բանակցային ֆորմատում ներգրավվելու հիմքեր ապահովել, այս փորձառությունը Թուրքիան ունի։


-Աստանայի՞ ձևաչափը նկատի ունեք։   

-Այո, Թուրքիան Սիրիայում իր ռազմաքաղաքական ներգրավվածությամբ կարողացավ դիվանագիտական հարթության մեջ իր համար շահեկան դիրքեր ապահովել, տեսնում ենք նաև Լիբիայի համատեքստում և այլն։  Ուստի Թուրքիան բացի իր ռազմաքաղաքական ներկայությունը մեծացնելուց,  բացի այն, որ հավակնություն ունի հենց Ադրբեջանում ռազմաբազա հիմնելու, նաև ցանկանում է ներգրավվել և իրականացնել իր ներգրավվումը բանակցային գործընթացում։   


-Բայց ի՞նչ եք կարծում, համանախագահող երկրները կհամաձայնվե՞ն, որ Թուրքիան և Իրանը ներգրավվեն, կամ միայն Թուրքիան։

-Ռուսական կողմը մի քանի անգամ նշեց, որ համենայնդեպս Թուրքիայի ներգրավվածությանը դրական չի վերաբերվում։ Եվ նաև մյուս համանախագահող երկրները՝ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան հասկանում են, որ Թուրքիան ուղղակի չի կարող ներգրավվել որևէ բանակցային ձևաչափում։ Եվ այն, ինչ այսօր կատարվում է, ադրբեջանական ագրեսիան Թուրքիայի հրահրմամբ և Թուրքիայի ուղղակի միջամտությամբ ագրեսիան Արցախի դեմ, որևէ հիմք չի տալիս, որ Թուրքիան ներգրավվի, որևհետև բացի ապակայունացումից այս տարածաշրջանում և բանակցային գործընթացում, այլ բան չի կարող տեղի ունենալ։    

-Իսկ եթե ընդհանուր իրավիճակին նայում եք, Թուրքիան էլ ի՞նչ միջոցների կդիմի, որ ամեն կերպ խցկվի բանակցային գործընթացի մեջ, պարտադրի իր ցանկությունը։

-Թուրքիան գնում է հենց այդ հրահրման ճանապարհով, իր խամաճիկին՝ Բաքվի ռեժիմին, Ալիևի ռեժիմին հրահրելով, որպեսզի Բաքուն չենթարկվի որևէ հրադադարի, որպեսզի Թուրքիան կարողանա թելադրել իր պայմանները՝ ցույց տալով, որ ինքը վճռական է, որ պետք է հաշվի նստել Թուրքիայի մոտեցումների հետ և աստիճանաբար փորձել նաև դիվանագիտական հարթությունում իր համար դրական, շահեկան, նպաստավոր ինչ-որ պայմաններ  պարտադրել, և սա ակնհայտ է։ Եվ հենց այսօր էլ տեղի է ունեցել Չավուշօղլու-Բայրամով հեռախոսազրույցը, և ակնհայտ է, որ թուրքական կողմը հենց իրականացնում է հրահրում։ Պատահական չէ նաև այն տեղեկատվությունը, որ Ստեփանակերտի վրա կիրառվում են «Ֆ16» ինքնաթիռներ։  Սա չի կարող տեղի ունենալ Թուրքիայի բարձրագույն ղեկավարության, նախագահի մակարդակով հրահանգի բացակայության դեպքում։ Ակնհայտ է, որ Թուրքիան գնում է «լուրջ» քայլերի։ Եվ բնականաբար փորձելով իրավիճակ փոխել, որի մասին հենց իրենք են ակնարկում, իրավիճակ փոխել տարածաշրջանում, կոնկրետ՝ ռազմական թատերաբեմում, պարտադրել Ռուսաստանին, ինչու ոչ՝ տարբեր դերակատարներին,  ավելի լուրջ հաշվի նստել թուրքական գործոնի հետ։ Բայց ակնհայտ է, որ անվտանգության լուրջ սպառնալիք է  ընդհանրապես ոչ միայն Թուրքիան շրջապատող երկրների համար, այլև՝ մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքից, Միջերկրածովյան տարածաշրջանից մինչև Հարավային Կովկաս լուրջ անվտանգային խնդիրներ կան նաև Ռուսաստանի Դաշնության համար։ Հյուսիսային Կովկասի հետ կապված մենք հիմա տեսնում ենք Թուրքիայի շատ ակտիվությունը Կենտրոնական Ասիայում՝ այցելություն Ուզբեկստան, ռազմական պայմանագրերի ստորագրումը և այլն։ Այնպես որ, Թուրքիան ավելի մեծ աշխարհաքաղաքական գործընթաց է ուզում տանել՝ աշխարհաքաղաքական գործընթացներում ինչ-ինչ հարցեր լուծելու համար։   

-Իսկ վաղը Ժնևում հնարավոր հանդիպման մասով ի՞նչ կասեք, Թուրքիան փորձո՞ւմ է ազդեցություն ունենալ վաղվա հանդիպման վրա և նորից փորձել ընդգծել իր կողմից նշվող կարևորությունը։

-Ես կարծում եմ, որ որևէ արդյունք չի լինելու, և Թուրքիան գնում է հենց այդ ճանապարհով։ Թե՛ Ֆրանսիայի, թե՛ Ռուսաստանի, թե՛ Միացյալ Նահանգների միջնորդությամբ հրադադարի ռեժիմի փորձերը հենց Թուրքիայի ձեռագրի արդյունքում, ձեռագրի պատճառով ձախողվեցին։ Եվ կանհայտ է արդեն մի բան․ որ Ադրբեջանը՝ թե՛ Իլհամ Ալիևը, թե՛ ընդհանրապես ադրբեջանական պետությունը, գործում են Թուրքիայի ձեռագրով, Թուրքիայի շուրթերով։      

-Այսինքն՝ վաղը հանդիպումից ի՞նչ ակնկալել, եթե կայանա։

-Ես, ճիշտն ասած, լուրջ ակնկալիքներ, լուրջ սպասելիքներ, այդ հարցով չունեմ։ Սա հերթական բանակցային ինչ-որ բանը կլինի, որում կրկին շատ մեծ թուրքական ակտիվություն կա։ Այդ առումով ես կարծում եմ, որ հերթական անգամ ևս սա ինչ-որ արդյունք չի տա։   


-Իսկ ի՞նչ միջոցներով է պետք Թուրքիային արանքից հանել և հեռու պահել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացից։

-Ես դրա մասին տարբեր փորձագիտական հարթություններում տարիներ առաջ խոսել եմ։ Եվ այն անպատժելիությունը, որ կար Թուրքիայի նկատմամբ, գործողությունների նկատմամբ, ուղղակի Էրդողանին հասցրեց մի այնպիսի իրավիճակի, որ նրա ինքնավստահությունը և սանձարձակությունը սահմաններ չեն ճանաչում։   

-Նկատի ունե՞ք Լիբիայում, Սիրիայում ներգրավվածություն, Կիպրոս։

-Այո, Սիրայում, Իրաքում, Լիբիայում, Արևելյան Միջերկրական ծովում, Էգեյան ծովում։ Եվ այդ սանձարձակությունը տարիների ընթացքում բերեց սանձարձակության մի աստիճանի, որ այսօր Թուրքիան մարտահրավերներ է նետում նաև մի քանի այլ ուղղություններով։ Ուստի սա այդ անպատժելիությունն է, որ Թուրքիային հասցրեց, ավելի շուտ Էրդողանին հասցրեց նման կետի։ Եվ Էրդողանը փորձում է նաև շատ հետաքրքիր ձևով խաղարկելով իսլամական գործոնը։ Հիմա տեսնում ենք, թե ինչ է կատարվում թուրք-ֆրանսիական հարաբերություններում, իրեն դրևորելով որպես իսլամական աշխարհի պաշտպան, իսլամական հալածյալ աշխարհի առաջնորդ, պահապան՝ փորձում է նաև այս առումով մոբիլիզացնել նաև իսլամական աշխարհը։ Մենք տեսնում ենք նաև ակտիվությունը Թուրքիա-Պակիստան հարթության մեջ։ Այնպես որ, բավականին լուրջ աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիա կա, որտեղ Թուրքիան այլևս որևէ սահման չի ճանաչում։   

-ԱՄՆ-ը  չի՞ ուզում ազդեցություն ունենալ, թե՞ չի կարողանում, կամ Մեծ Բրիտանիան։     

-Մեծ Բրիտանիան այլ հարց է, որովհետև մեծբրիտանական քաղաքականությունն ակնհայտ է, այլ ուղղության մեջ է։ Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, բնականաբար Միացյալ Նահանգներն ունի Թուրքիային զսպելու լուրջ մեխանիզմներ և որոշ բաներ կիրառում է։ Տեսեք, օրինակ՝ «Ֆ-35» բազմաֆունկցիոնալ կործանիչների հետ կապված, որ Թուրքիան այդ ծրագրի մաս էր կազմում և պետք է մատակարարվեին Թուրքիային, որպես պատժամիջոց կիրառվեց, Թուրքիան դուրս մնաց այդ ծրագրից և հիմա տեղեկատվություն եղավ, որ Թուրքիայի համար նախատեսված «Ֆ-35»-ները փոխանցվելու են Հունաստանին, այն դեպքում, երբ հիմա թուրք-հունական շատ վատ հարաբերություններ են, և, կարելի է ասել, նույնիսկ նախապատերազմական։ Տեսնում ենք, թե ինչ լուրջ ճնշում կա Թուրքիայի գնած «Ս-400» ռուսական համակարգերի հետ կապված։ Եվ հիմա, կարծես, թուրք-ամերիկյան հարաբերություններում մի նոր, լարվածության մի նոր բան է ավելանում․ դա ամերիկյան հյուպաթոսության աշխատակիցների ձերբակալությունն է լրտեսության մեղադրանքով։ Եվ ընդամենը տարիներ առաջ նման մի միջադեպ շատ լուրջ լարվածություն առաջացրեց թուրք-ամերիկյան հարաբերություններում, երբ 2018 թվականին ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ սահմանեց Թուրքիայի նկատմամբ՝ բարձրացնելով այլումինի և պողպատի ներկրման տարիֆները, որը թուրքական տնտեսության համար, թուրքական լիրայի համար բավական լուրջ հետևանք ունեցավ։ Եվ սա հենց ստիպեց Էրդողանին, որպեսզի ընդառաջ քայլ կատարի Միացյալ Նահանգների հանդեպ։ Իսկ Միացյալ Նահանգների զսպման, պատժի տեսակները Թուրքիայի նկատմամբ դեռևս շատ-շատ մեծ են՝ տնտեսականից, ֆինանսականից մինչև տեխնոլոգիական և ռազմական, տարբեր առումներով։ Բավականին բարդ աշխարհաքաղաքական խճանկար է ստեղծվել, բավական բարդ աշխարհաքաղաքական պատկեր է, որտեղ տարբեր բևեռների միջև շահերը և հակասությունները շատ զիգզագաձև և շատ խճողված են։