«Հրապարակ». Նույնիսկ ոչխարի հոտը պետք է առաջնորդ ունենա, ուր մնաց՝ խորհրդարանական խմբակցությունը

«Հրապարակ». Նույնիսկ ոչխարի հոտը պետք է առաջնորդ ունենա, ուր մնաց՝ խորհրդարանական խմբակցությունը

Երբ հայտնի դարձավ, որ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները ՄԻՊ պաշտոնում առաջադրում են Լեհաստանում նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին, մի պահ թվաց, թե խորհրդարանական ընդդիմությունը դարձի է եկել եւ տեւական անգործությունից որոշել է վերադառնալ դասական քաղաքական գործընթացների հուն։ Սակայն ուրախությունը կարճ տեւեց, երբ առաջադրումից րոպեներ անց Ռոբերտ Քոչարյանի թիմակիցները սկսեցին «փչացնել» դաշինքի կողմից առաջադրված թեկնածուին, իսկ պատգամավոր Ագնեսա Խամոյանն էլ սկսեց արդարանալ` եթե ՀԿ-ները մեզ չդիմեին, եթե տարբեր իրավապաշտպաններ համաձայնեին, այլ թեկնածու կառաջադրեինք։ Խնդիրը, սակայն, ոչ այնքան թեկնածուի ով լինելն է, որքան քաղաքական գործընթացին մասնակցությունը։ Իսկ թեկնածուի նկատմամբ նեգատիվ վերաբերմունքը թերեւս պայմանավորված է նրանով, որ ամիսներ առաջ Ղազարյանը կոչ արեց ընդդիմությանը՝ Փաշինյանի իմպիչմենթի գործընթաց սկսել, մերժեցին` հիմնավորելով, որ հաջողության չեն հասնի։

Գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընդդիմությունն այսօր ոչ նախանձելի վիճակում է։ Ի՞նչ են արել ընդդիմադիրները վերջին տարիներին՝ ո՛չ հետեւողական պայքար են մղել, որ մոտենան իրենց իսկ հռչակած իշխանափոխության նպատակին, ո՛չ  մանդատներն են վայր դնում, ո՛չ փողոց են դուրս գալիս, անգամ  խորհրդարանի ներսում լիարժեք կռիվ չեն տալիս` բոյկոտելով տարբեր սահմանադրական պաշտոններում թեկնածու առաջադրելու գործընթացը: Նույնիսկ կառավարության հետ հարցուպատասխանն են բոյկոտում, իբր թե Նիկոլ Փաշինյանին զրկելով իրենց հաշվին ինքնահաստատվելու, հասարակությանը մանիպուլացնելու հնարավորությունից: Փոխանակ մասնակցեին եւ բացահայտեին Փաշինյանի ստերը: Հիմա էլ պարզվում է՝ եթե ՀԿ-ները չդիմեին, ՄԻՊ-ի պաշտոնի համար էլ պայքար չէին մղի։ 

Դեռեւս 2 տարի առաջ՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականից հետո էլ տեւական քննարկումներ եղան թեկնածու առաջադրել-չառաջադրելու հարցով, կային լավ թեկնածուներ, օրինակ` Արա Սահակյանի, Հրանտ Բագրատյանի թեկնածություններն էին քննարկվում: Կային մարդիկ, որոնք գիտակցում էին, որ խորհրդարանական մեծամասնությունն իրենց չի ընտրի, բայց պատրաստ էին ամբիոնից հանդես գալ, ի ցույց դնել իշխանական թեկնածուի խեղճությունը, հասարակությանն այլընտրանք տալ։ 

Բայց այն ժամանակ էլ հաղթեց ընդդիմության այն թեւը, որը միշտ կողմ է ոչինչ չանելուն, իբր իրենց չմեղադրեն իշխանության օրակարգը լեգիտիմացնելու համար։

Այս պարագայում ի՞նչ իմաստ ունի մանդատները պահելը: Չէ՞ որ այդ նույն մեծամասնությունը խանգարում է նաեւ մյուս բոլոր հարցերում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանին հարցրինք՝ ինչպե՞ս եղավ, որ նախագահի թեկնածու չառաջադրեցին, հիմա վերջապես որոշել են ՄԻՊ պաշտոնի համար կռվել, հասկացել են, որ բոյկոտը ճիշտ ճանապարհ չէ՞։ Սակայն Մանուկյանը հղում արեց Ագնեսա Խամոյանի գրառմանը` չպատասխանելով մեր հարցին։ 

«Պատիվ ունեմ»-ից եւս որեւէ մեկի հետ չհաջողվեց զրուցել, չնայած Ղազարյանը հենց նրանց թեկնածուն է։ ԱԺ նախկին փոխնախագահ Արա Սահակյանի կարծիքով, ցանկացած պարագայում ընդդիմությունը պետք է հասարակությանն այլընտրանք ներկայացնի, մասնակցի բոլոր նման գործընթացներին՝ նույնիսկ հստակ իմանալով, որ հաղթելու շանս չկա։ «Պետք է պայքարել, հակադրել իրենց թեկնածուին իշխանական թեկնածուին։ Այսպիսի առանձին օրինակներով ցույց տալ իրենց առավելությունները։ Այդ ամբողջը կուտակվելու է եւ հաջորդ ընտրություններում քաղաքական դրական «ուղեբեռ» է դառնալու՝ աշխատելով հօգուտ իրենց։ Գուցե իրենք հաջորդ ընտրություններին չե՞ն պատրաստվում նույն ֆորմատով մասնակցել, սրանով է պայմանավորված այս պահվածքը»,- մտորում է Սահակյանը։ Խորհրդարանական ընդդիմությանը նա հիշեցնում է. ««Ընդդիմություն» բառի հոմանիշը փոքրամասնությունն է։ Ընդդիմությունը միշտ փոքրամասնություն է լինում, եթե մեծամասնություն լինեին, կլինեին իշխանություն, բայց ընդդիմությունն այնպես չէ, որ անգործունակ է։ Ես չեմ կարծում, որ իրենց մեջ կան մարդիկ, որ նույնիսկ սա չեն հասկանում։ Ընդդիմությունը՝ ինքը պետք է որոշի՝ խորհրդարանում անելիք ունի՞, թե՞ ոչ։ Ինչ-որ հարցերում տեսնում է իր անելիքը՝ նիստերին մասնակցելիս, հայտարարություններ անելիս, գործուղումների մեկնելիս, բայց մյուս հարցերում՝ ոչ։ Ակնհայտ է, որ ընդդիմությունն անղեկ վիճակում է»։

Սահակյանի ախտորոշմամբ՝ ընդդիմության այս պահվածքն այլ պատճառներ ունի. «Ընդդիմությունը պետք է առաջնորդ կամ առաջնորդներ ընտրի իր համար, առանց առաջնորդության չի կարող առաջ գնալ, որովհետեւ այդ առաջնորդն իր բարոյական կերպարով պետք է հակադրվի իշխանության առաջնորդին։ Ընդդիմությունը չունի առաջնորդ կամ առաջնորդներ, հավանաբար, սա է պատճառը, որ  գաղափարական հեղհեղուկ վիճակում է գտնվում։ Անձնական կյանքում եւս այդպես է․ մարդը փլուզվում է, երբ իր առջեւ նպատակ չունի դրված եւ չի գնում այդ նպատակն իրագործելուն, ընդդիմության փլուզման պատճառն էլ կարծեք դա է՝ քաղաքական նպատակը չի երեւում։ Ընդդիմության մեջ միասնություն չկա, կապող ուժեղ անհատականություններ չկան, որոնք ի մի կբերեն ընդդիմությանը։ Նույնիսկ ոչխարի հոտը պետք է առաջնորդ ունենա, ուր մնաց՝ խորհրդարանական խմբակցությունը»։

Այդուհանդերձ, Սահակյանի խոսքով՝ ընդդիմությունում մտածող մարդիկ կան, եւ հույս կա, որ կլինի շարքերի վերադասավորում․ «Ով չի ուզում խորհրդարանական աշխատանքով զբաղվել, պետք է մանդատը վայր դնի»։