Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի

Գագիկ Խաչատրյանը բուժման կարիք ունի

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին դատախազությունն ու դատարանը թույլ չեն տալիս, որ մեկնի արտերկիր՝ անհրաժեշտ բուժում ստանալու։ Այս մասին երեկ հայտնեց Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նիստի ընթացքում Սարգսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց, որ Խաչատրյանին թույլ տան մեկնել արտերկիր, քանի որ, ողնաշարի վիրահատությամբ պայմանավորված, նոր հիվանդություններ են ի հայտ եկել, որոնք Հայաստանում բուժման ենթակա չեն։

«Պարբերաբար այս գործով խնդիրներ են լինում, երբ մենք խնդրում ենք, որ թույլ տան մեկնել արտերկիր՝ կոնկրետ հիվանդության հետ կապված բուժում ստանալու, ձգձգվում է, հետաձգվում է, մերժվում է, եւ որպեսզի մերժումներն իրենց՝ դատարանի եւ դատախազության կարծիքով լինեն ձեւականորեն քիչ թե շատ հիմնավորված, իրենք սկզբում որոշում են կոնսիլիում նշանակել։ Օրինակ, երբ նախաքննության փուլում էր, եւ Գագիկ Խաչատրյանն ընդամենը մեկ զանգով ընդհատել էր հետվիրահատական բուժումը եւ ներկայացել էր, որից հետո բժիշկն ասում էր՝ արի, շարունակիր հետվիրահատական բուժումդ, որովհետեւ եթե չանես, կրկնակի վիրահատության կարիք կառաջանա, այն ժամանակ քննչականն ու դատախազությունը որոշեցին, որ հանձնարարեն առողջապահության նախարարին՝ կոնսիլիում անել, առաջատար մասնագետները որոշեն՝ կա՞ հիվանդություն, թե՞ չկա, եւ եթե կա, ապա Հայաստանում հնարավո՞ր է բուժել, թե՞ ոչ։ Այդ պատասխանն առողջապահության նախարարությունը հատուկ չէր ուղարկում, ձգձգում էին, որովհետեւ մենք բոլոր հետազոտություններն անցել էինք, եւ պարզվել էր, որ կա ողնաշարի վիրահատության կարիք, եւ դա Հայաստանում հնարավոր չէ կատարել։ Պատասխանը ձգեցին եւ տրամադրեցին միայն Գագիկ Խաչատրյանին ձերբակալելուց հետո, այսինքն՝ նպատակն այն էր, որ կալանք լինի, ձերբակալում լինի, որ հետո դա պատճառ բռնեն, ասեն, որ դրա համար թույլ չեն տալիս»,- ասաց փաստաբանը։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Գագիկ Խաչատրյանն արտերկրում բուժումը թողել ու ներկայացել է դատարան, ինչը չեզոքացնում է այն կասկածները, որ նա կարող է փախչել։ Փաստաբանի խոսքով՝ դատարանն ու մեղադրողն այս գործով կաշկանդվածություն ունեն, ինչն ապացուցվել է։ «Դատաքննության ժամանակ, երբ մենք միջնորդեցինք, որ գնա բուժման, որոշեցին փորձաքննություն նշանակել, փորձաքննությունը կրկին նշանակեցին, պարզվեց, որ այդ հիվանդությունը Հայաստանում հնարավոր չէ բուժել, դրանից հետո ցանկացած իրավական երկրում, ցանկացած օբյեկտիվ որոշման պայմաններում դատարանը պետք է ասեր, որ քանի որ ես հետաձգել էի միջնորդության քննարկումը՝ այս հարցի պատասխանը ստանալու համար, պատասխանը ստացա՝ որ ունի վիրահատության կարիք, որը Հայաստանում հնարավոր չէ, հետեւաբար, թույլ եմ տալիս մեկնել, բայց մինչեւ հիմա թույլ չեն տվել, որ մեկնի։ Եղել է այլ հիվանդությունների հետ կապված կարճաժամկետ մեկնում, որովհետեւ վիրահատությունը մի քիչ ավելի երկար ժամանակ է պահանջում, բայց երբ դատական նիստեր կային, Գագիկ Խաչատրյանն ընդհատում էր բուժումը, վերադառնում, նիստերի մասնակցում։ Հիմա այս ողնաշարի հիվանդության հետ կապված՝ բազմաթիվ հիվանդություններ են առաջացել, որոնք դեռ էլի առաջանալու են, ինչի մասին բժիշկները պարբերաբար ասել են, ու հիմա էլ առողջապահության նախարարությունից եկած թղթում դրա մասին նշում կա։ Մենք միջնորդեցինք, որ այս հիվանդությունների բուժման համար թույլ տան մեկնի արտերկիր, հիմա կրկին ասում են՝ դիմենք առողջապահության նախարարությանը։ Նախարարությանը դիմեցին, պատասխանը եկավ, որ կան բազմաթիվ հիվանդություններ, որոնք պայմանավորված են ողնաշարի վիրահատություններով եւ այլ հիվանդություններով, կա լրացուցիչ հետազոտությունների եւ բուժման կարիք, հիմա նորից մեղադրանքի կողմն առարկում է, դատարանը թույլ չի տալիս։ Ես ակնհայտորեն տեսնում եմ, որ ե՛ւ մեղադրանքի կողմը, ե՛ւ դատարանը կաշկանդված են, եւ այդ կաշկանդվածությունն ու ուղղորդվածությունը հատկապես երեւում են, երբ նիստերից մեկի ժամանակ մենք միջնորդեցինք, որ Խաչատրյանին մի քանի օրով թույլ տան մեկնել արտերկիր, դատարանը բավարարեց միջնորդությունը, ընդ որում՝ դատախազն առարկել էր։ Ընդամենը մեկ ժամ հետո դատարանից տեղեկացրին, որ դատախազը նոր միջնորդություն է բերել, որ նրա նկատմամբ խափանման միջոց ստորագրություն կիրառվի, իսկ հիմնավորումները նույն հիմնավորումներն էին, որոնք դատախազը դատարանում առարկության ժամանակ ներկայացրել էր։ Առանց ինձ, առանց Խաչատրյանի՝ այդ միջնորդությունը շատ արագ քննարկվում է, դատարանը որոշում է իր նախորդ որոշումը չեղարկել, ստորագրություն է կիրառում, գրություն ուղարկում ոստիկանություն, որ արգելեն ելքը։ Հիմա, դրանից հետո մենք միանշանակ կարող ենք ասել, որ դատարանն ու մեղադրանքի կողմը կաշկանդված են, որ այստեղ ոչ օբյեկտիվ ու ոչ արդար պրոցեսներ են գնում, իրենք չեն կարող հակառակն ընդունել»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ սա Գագիկ Խաչատրյանի նկատմամբ խոշտանգում է։

Նշենք, որ Գագիկ Խաչատրյանի գործը քննում է Երեւանի դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Արթուր Մկրտչյանը։ Գագիկ Խաչատրյանը եւ նրա եղբորորդի Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման եւ պաշտոնեական կեղծիքի համար։ Երկուսն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքը։ Գագիկ Խաչատրյանը, 2019-ին գտնվելով Գերմանիայում, քննիչի հեռախոսային կանչով վերադարձել է Հայաստան ու ներկայացել վարույթն իրականացնող մարմնին։ Կարեն Խաչատրյանը խափանման միջոցի՝ կալանավորման վճռի հրապարակումից հետո անձամբ է ներկայացել դատարան։