Պետդեպը դժգոհ է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը ՀՀ-ի համար 

Պետդեպը դժգոհ է, որ Թուրքիան փակել է օդային տարածքը ՀՀ-ի համար 

ԱՄՆ Պետդեպը իր դժգոհությունն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ընկերությունների համար։

«ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափված ենք Թուրքիայի հայտարարությունից՝ դադարեցնելու հայկական ավիաընկերություններին իր տարածքով թռիչքներ իրականացնելու թույլտվությունը։ Օդային երթևեկության վերականգնման վերաբերյալ երկրների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները վստահության ամրապնդման կարևոր գործիք են դարձել։ 
Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային կապերը», - ասվում է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ թուրքական իշխանությունները առանց ծանուցման փակել են իրենց օդային տարածքը հայկական ավիաընկերությունների համար՝ ի պատասխան Հայաստանում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված հուշարձանի կանգնեցման: 

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ բացառություն են արել միայն ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ինքնաթիռի մուտքի դեպքում, որի գլխավորած պատվիրակությունն արդեն ժամանել է Թուրքիա։