Օպերային թատրոնի պերճանքն ու թշվառությունը

 Օպերային թատրոնի պերճանքն ու թշվառությունը

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը ռեբրենդինգի է ենթարկվել եւ դարձել` Հայաստանի ազգային օպերայի եւ բալետի թատրոն, բայց փոփոխության է ենթարկվել ոչ միայն թատրոնի անվանումը, այլեւ տարբերանշանը (լոգոն), կայքը, իսկ փոփոխությունն էլ հիմնավորվում է «Նոր միտք, նոր սկիզբ» կարգախոսով:

«Նոր սկզբի», «Նոր մտքի» մեկնարկը թատրոնն ազդարերեց օրեր առաջ` մեծ շոու տոնախմբությամբ, որը կազմակերպվել էր ոչ թե թատրոնի ճեմասրահում, կամ մեկ ուրիշ հարիր վայրում, այլ հենց թատրոնի գլխավոր բեմահարթակի վրա`նոր տարբերանշանով պատրաստված աֆիշներով, նոր լոգո տորթով եւ յուրային հյուրերի ցանկով:

Եթե կարճ, ապա թատրոնն իր ֆեյսբուքյան էջում նոր ռեբրենդինգը ներկայացրել էր այսպես. «Ա.Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնը, պահպանելով թատրոնի 90-ամյա պատմության արտացոլանքը, ձեռնամուխ է եղել իրականացնելու ռեբրենդինգ՝ ավելացնելով ժամանակի շունչը ոչ միայն խաղացանկում, այլ նաեւ արտաքին տեսքում՝ ժամանակակից տարբերանշան, կայք, գույներ»,-հավելելով նաեւ, որ թատրոնն այսուհետ հանդես կգա նոր շնչով՝ համապատասխան միջազգային ստանդարտներին։ Հաղորդագրությունից տեղեկանում ենք նաեւ, որ ռեբրենդինգի իրականացումը թատրոնի երիտասարդ թիմի մտահղացումն է եղել, իսկ «պատասխանատու» գործը վստահվել է «Ինդիգո Բրենդինգ» ընկերությանը:

Նոր տարբերանշանն իրենից ներկայացնում է օպերայի շենքի կլոր ուրվագիծը` վերեւից շրջանակված, բայց միտումնավոր, թե` ոչ, մոռացության է մատնվել այն փաստը, որ այդ շենքում կա եւս մեկ առանձին կառույց` Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` իր նույնքան հարուստ պատմությամբ: Ըստ այդմ, իրավունք ունե՞ր Օպերային թատրոնն իր տարբերանշանում ներառել նաեւ Արամ Խաչատրյան համերգասրահը, որն ինքն իրենով եւս առանձին կառույց է: Պարզվում է` իրականացված ռեբրենդինգը, որի արդյունքում Արամ Խաչատրյան համերգասրահն ու Ազգային ֆիլհարմոնիկը ձուլվել են Օպերային թատրոնին, մեծապես վիրավորել ու նույնիսկ անկանկալի է բերել այդ կառույցներին, որոնք իրենց դժգոհությունը հենց արարողության ժամանակ հայտնել են ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին, ով ընդամենը գովել է մյուս կողմի «ճարպկությունը»:

Պարզվում է` նոր տարբերանշանի Օ-ն, ոչ միայն շենքի ուրվագիծն է վերեւից, եւ օպերայի առաջին տառը, այլ նաեւ երգիչների բերանի բացվածքի ձեւը, որոնք անընդհատ շեշտադրելով, հեղինակները մոռացության են տվել ու հետին պլան մղել բալետի հանգամանքը: Մինչդեռ պետք չէ մոռանալ, որ սա օպերայի եւ բալետի թատրոն է: 

Հետաքրքրական է, որ ռեբրենդինգի արդյունքում կուլ են գնացել նաեւ հայերեն տառերը, նոր տարբերանշանը ներկայացվել է միայն լատինատառ տարբերակով, մինչդեռ «Լեզվի մասին» օրենքը լատինատառի կողքին պահանջում է նաեւ հայատառ գրության առկայությունը: Անգամ տորթի վրայի լոգոտիպն է եղել լատինատառ: Ի դեպ, տորթը կտրելու պատիվն էլ վերապահվել է ոչ թե թատրոնի առաջատար արտիստներին, այլ` մարքեթինգի բաժնի աղջիկներին, Դուրգարյանին եւ նրա խորհրդականին:

Նորովի բրենդավորված Օպերային թատրոնի դեմքը դժգոհություններով է ընդունվել ոչ միայն թատրոնում, այլ նաեւ հանրության լայն շրջանակներում: Բավական է միայն կարդալ թատրոնի ֆեյսբուքյան էջում տարբեր մասնագիտությունների տեր օգտատերերի արձագանքներն ու մեկնաբանությունները, որոնք դեռ չեն հասցրել ջնջել, արդեն կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես է ընդունվել ակադեմիական թատրոնի նոր «փաթեթեւավորումը»:

Դժգոհության առիթ է դարձել մի հանգամանք եւս. ռեբրենդինգի արդյունքում ընդհանրապես սղվել, դուրս է թողնվել Ալեքսանդր Սպենդիարյանի անունը, ում անունով էլ հենց կոչվում է թատրոնը: Բացի այդ, Օպերային թատրոնի շենքը, լինելով մեր երկրի, մայրաքաղաքի մշակութային սիմվոլներից մեկը, որի պատկերն առկա էր արդեն նախկին լոգոյի վրա, իրականացված ռեբրենդինգից հետո ամբողջությամբ հանվել է տարբերանշանի վրայից, որի արդյունքում Օպերայի շենքից մնացել է միայն դատարկ Օ տառը:

Օպերայի կայքը նույնպես ռեբրենդինգի է ենթարկվել, կարմիր եւ ոսկեգույն գույները փոխարինվել են «ժամանակակից» գույներով` սեւ ու սպիտակով, ինչ խոսք, 2018-ից հետո ակտուալ է այդ գունավորումը մեզանում:

Այստեղ հետաքրքրական է նախարարության կեցվածքը, որը լոկ հանդիսատեսի դեր է ստանձնել, փոխարենը հենց թատրոնի ներսում գործող գեղ խորհրդի միջոցով հետամուտ լիներ այն փոփոխություններին, որոնք «նոր մտքի» տակ էականորեն փոխում են թատրոնի դեմքն ու դիմագիծը:  

Արտիստներին վիրավորել է նաեւ նոր տարբերանշանի շնորհանդեսը բեմահարթակի վրա անցկացնելու փաստը ու դա այն դեպքում, որ ոչ բոլորին եւ հատուկ կոշիկներով է միայն թույլատրելի բարձրանալ բեմ, այլ կերպ ասած` բեմի հանդեպ հարգանքը զրոյացվեց նաեւ այս կերպ:   

Ի վերջո, ի՞նչ «նոր սկզբի» մասին է ազդարարում թատրոնի ժամանակավոր տնօրինությունը, ի՞նչ «նոր միտք» է դրվել 90 ամյա օպերային թատրոնի տարբերանշանի մեջ, երբ անգամ դրա միտքն է պլագիատ արված: Նոր ռեբրենդինգի ենթարկված Օպերային թատրոնի տարբերանշանը գրեթե մեկին մեկ կրկնում է Պերմի թատրոնի տարբերանշանը: Հատկանշական է, որ հարցազրույցներից մեկում տարբերանշանի հեղինակ գործակալության ներկայացուցիչը խոստովանում է, որ տպավորվել է Պերմի թատրոնի տարբերանշանով եւ մի «թեթեւ» նմանություն կա մերի հետ: 

Ի դեպ, տարբերանշանի հեղինակ «Ինդիգո Բրենդինգ» ընկերությունը ամիսներ առաջ մեղադրվեց մեկ այլ պլագիատի մեջ` Հայփոստի գործով, երբ պարզվեց, որ «2022 EUROPA Competition» փոստային նամականիշերի մրցույթին Հայաստանից ներկայացված աշխատանքը` նկարազարդող Հենրի Ջասթիս Ֆորդի նկարի գրագողությունն էր: