Ընդդիմադիր պատգամավորները կհետևե՞ն Վանեցյանին

Ընդդիմադիր պատգամավորները կհետևե՞ն Վանեցյանին

Մի փոքրիկ դիտարկում։ Ֆրանսիայի հրապարակ սկզբում Արթուր Վանեցյանը եկավ ու կոչ արեց, որ մարդիկ հավաքվեն ու պաշտպանեն իրենց հայրենիքը։ Սովորաբար առաջինը եկողը առաջնորդը չասեմ , գոնե կազմակերպիչն է լինում։ Ինքն է կորդինացնում ու կազմակերպում աշխատանքը։ Շատ զարմացա, որ Արթուր Վանեցյանը արհեստականորեն դուրս մղվեց կամ գուցե, որոշ հանգամանքներից ելնելով, ինքն իրեն դրեց խաղից դուրս վիճակում։ Սերժ Սարգսյանի հայտնի ակնարկը, որ շատ քննարկվեց մամուլում, կարծում եմ դրան էր ուղղված։ Բնական է, կասեք, հայրենիքի փրկության համար էր շարժումը և առաջին, երկրորդ չկա, բայց թույլ տվեք ասել, որ ես նման բան չեմ տեսել, երբ մարդը դուրս է գալիս հրապարակ ու իր շուրջը համախմբում մարդկանց, հետո մեկ ուրիշն է գալիս՝ կորդինացնում և առաջնորդում շարժումը։ Միավորում թող էլի լիներ, բայց փոքրիկ ձնագունդն է գլորվելով մեծանում։ Սա բնության տարրական օրենք է, որ անտեսվեց։ Ես սրան կարևորություն չէի տա, եթե չհասկանայի, որ եղածի վրա ավելանալով է ցանկացած բան ավելանում։ Կարելի էր լրացնել, ավելացնել, օգնել, բայց չեմ ընդունում, որ կարելի էր շարժման բնույթը կասկածի տակ դնել։ 

Այսօր էլի ընդդիմադիր պատգամավորներից առաջինն Արթուր Վանեցյանն է դիմում ներկայացրել պատգամավորական մանդատը վայր դնելու վերաբերյալ։ Հուսամ նույն պատկերը չի լինի։ Իրար ետևից ընդդիմության պատգամավորները վայր չեն դնի մանդատները՝ փորձելով առաջնայնությունը նրանից վերցնել։ Կարծում եմ Վանեցյանի քայլը զուտ տակտիկական քայլ է, որովհետև նա տեսնում է, որ շարժման մեջ լուրջ փոփոխություն է անհրաժեշտ։ Մի բան էլ ավելացնեմ։ Արթուր Վանեցյանն առաջին պաշտոնյան էր, որ հրաժարական տալով բացահայտեց այս իշխանության գոյության լուրջ վտանգը։ Դրա մասին հայտարարեց բացահայտ։ Նման մարդու վարկանիշը զրոյացնելու համար իշխանությունը ինչքա՜ն ջանք թափեց։ Դեղին մամուլի նախկին ներկայացուցիչը շատ լավ տիրապետում է մարդկանց սևացնելու, արատավորելու հատկանիշներին։ 

Վանեցյանն առանց մանդատի կարող է ավելի շատ շարքային քաղաքացիներ ընդգրկել իր շուրջ , քան մանդատավորները։ Նրա քայլը պարզ մարտավարություն է։ Շարունակելու է պայքարը՝ առանց մանդատի։

Ընդդիմադիր պատգամավորները կհետևե՞ն Վանեցյանին։ Կարծում եմ ՝ ոչ։ Խրամատ զիջելը անհեթեթություն է։ Ինչպես պատերազմի դաշտում՝ փոխում են խրամատի զինվորին, բայց դիրքը չեն լքում։