Երևան քաղաքում քայլելը խնդիր է դարձել 

Երևան քաղաքում քայլելը խնդիր է դարձել 

Օպերայի հարակից սրճարանների ապամոնտաժումը քաղաքային նոր իշխանությունները համարեցին որպես հեղափոխության և սոցիալական արդարության խորհրդանիշ։ Սա՝ երևանցու կանաչ տարածքներ ունենալու սահմանադրական իրավունքի շրջանակում։ Երևանցին, սակայն, ունի նաև մայրաքաղաքում քայլելու իրավունք, ինչը նույնպես լուրջ խնդիր է։ Մայթերին դրված սեղան-աթոռներով սրճարանները գրավել են հետիոտների տարածքը․ Արամի փողոց, Սարյան, Կասկադի հարևանությամբ և այլ կենտրոնական փողոցներում այդ վիճակն է։ 
Սարյանում, օրինակ, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանից մինչև «Բյուրոկրատ» գրախանութ գործնականում քայլելն անհնար է, եթե, իհարկե, հետիոտնը ուղղակի սրճարանների միջով <աղքատ ազգականի> կարգավիճակով չի անցնում։ Ըստ որում, խոսքը Սարյանի երկու մայթերի մասին է։ Իսկ իրավիճակը էլ ավելի է բարդացնում այն, որ այդ նեղլիկ փողոցում 2 շարքով կայանված են սրճարանի այցելուների ավտոմեքենաները։ 
Արամի փողոցում պատկերն այլ է, այնտեղ թեպետ չկան սրճարաններ, բայց այնտեղ էլ հավերժ շինարարություն է ընթանում, և փողոցը, բացի մեքենաներից նեղացնում են նաև շինարարության ատրիբուտները՝ կռունկներ, բետոնաշաղախող մեքենաներ, շինարարական աղբ եւ այլն։ 

Նշենք, որ սրճարանների ընդլայնումները դեպի մայթեր հենց այնպես չեն և ինչպես նշեցինք Սարյան փողոցի վրա տեղակայված սրճարանները դա իրականացնում են որոշակի գումարի դիմաց։ Գումարի չափ, սրճարանի մենեջերը չնշեց և խորհուրդ տվեց մնացած հարցերով դիմել Երևանի քաղաքապետարան։ 

Երևանի քաղաքապետի նախկին թեկնածու, ճարտարապետ Անահիտ Թարխանյանն ասում է, որ իրականում, մայրաքաղաքում քայլելու խնդիրը առաջին հայացքից մանր, բայց շատ լուրջ հարց է և որ հետիոտն էլ ունի ազատ և անվտանգ տեղաշարժվելու իրավունք։ «Հետիոտները պետք է ունենան տեղաշարժի մինիմալ տարածք և, այո, սա լրջագույն խնդիր է, և դա չի կարող լուծվել նրանով, որ փողոցները լայնացնում են։ Սա այլ երկրներում լուծվում է իրավունքներով և պայմանագրերով, որոնք կնքվում են սրժարանների հետ։ Եվ եթե վերջիններիս գործունեությունը դուրս է մնում քաղաքային իշխանություների ուշադրությունից, իհարկե, 2 սեղանի փոխարեն՝ կդնեն 20-ը։ Եվ դա մեծ դժվարություններ է ստեղծում և շատ տհաճ է, երբ քայլում ես երեխայից հետ։ Նախ, ես ամեն անգամ զարմանում եմ՝ ոնց են այնտեղ նստած մարդիկ ուտում, երբ կա էլեմենտար հիգիենայի հարց»։ Անահիտ Թարխանյանն ամփոփելով՝ ասաց, որ քաղաքապետ Հայկ Մարությանին քաղաքապետության 6 ամիսների ընթացքում այդպես էլ չհաջողվեց բարելավել մարդկանց քաղաքային կյանքը։ «Մենք ունենք հանրային տրանսպորտի խնդիր, որն առ այսօր լուծված չէ։ Մենք չենք տեսնում քայլեր այն ուղղությամբ, որ Երևան քաղաքում հանրային տրանսպորտը սկսի նորմալ աշխատել, որ գծերի վրա դուրս բերվեին բազմաթիվ մարդատար ավտբուսներ։ Նույնը՝ երկաթուղայինների երթուղիների վերանայմանն է վերաբերում։ Քաղաքում, առհասարակ, հասակական տրանսպորտը չի կարողանում ապահովել կայանատեղերը։ Սրան զուգահեռ, կազմակերպել կազմակերպված ավտոպարկինգ»,-ասում է Անահիտ Թարխանյանը։ Նա նշեց նաև կարմիր գծերի հետ առնչվող մի խնդիր, երբ «կարմիր գծերը», որոնք նախատեսված են եղել այլ նպատակների համար, այսօր բիզնեսի են վերածվել, քանի որ հայերը շատ ճկուն և ինքնակազմակերպվող միտք ունեն։ 

Խոսքն այն մասին է, որ տարբեր կազմակերպություններ, որոնք պետք է վարձակալության վերցնեին որոշ տարածքներ՝ շոշափելի գումարի դիմաց, որ այնտեղ կանգնեցնեին իրենց պատկանող մեքենաները, վճարում են տարեկան 12 հազար դրամ և արդյունքում մայրաքաղաքի ամենակենտրոնական փողոցներում՝ Բաղրամյան պողոտայում՝ Նախագահականի ու ԱԺ-ի դիմաց կայանում են մեքենաների անվերջանալի շարք։ «Եվ իհարկե, այլ մեքենաները, որ պետք է ժամանակավոր կանգնեին, մշտական (տարեկան վարձավճար) չունենալու ու տեղ չլինելու պատճառով կանգնում են երկրորդ շարք».,-ասում է Թարխանյանը՝ նշելով, որ իր համար անհասկանալի է, թե ինչու ինչ-որ ընկերության մեծ ավտոբուսները պետք է տարին բոլոր կանգնած լինեն Բաղրամյան պողատայի վրա։ 
Իհարկե, Սարյանն՝ իր գինետներով, դարձել է երևանցիների ու զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը, որտեղ կարելի է տեսնել, որ դեմոկրատական միջավայրում ինչպես են մի գավաթ գինու շուրջ իրար հետ աշխույժ զրուցում հայաստանյան օլիգարխն ու արտիստը, դերասանն ու քաղաքական գործիչը։ Այս վայրը, ի դեպ, հայտնի է նրանով, որ ապրիլյան հեղափոխության տղաների ու աղջիկների սիրած վայրն է, ուր նաև հախաճում են նաև այսօր։ Ինչի պատճառով էլ Սարյանը, թերևս, այսօր մի քիչ քաղքենական է դարձել։ 


Մենք Օպերայի սրճարանատերից դաշնակցական Միքայել Մանուկյանին հարցրեցինք՝ արդյոք քաղաքային իշխանությունները երկակակի ստանդարտներով չեն մոտենո՞ւմ իրենց ու Սարյանի սրճարանատերին։ Վերջինս ասաց, որ, այո, հետիոտները ունեն խնդիր, բայց և ասաց, որ այն, ինչի մասին խոսվում է, պետք է նայվի կոնկրետ վայրերով։ «Ամեն ինչ հարաբերական է, սա քաղաք է, ի վերջո, գոյություն ունի քաղաքային մշակույթ, քաղաքային մշակույթը նաև իրենից ենթադրում է սրճարաններ, ռեստորաններ, ամբողջ աշխարհն է այդպես, հիմա օրինակներ են բերում, չգիտեմ՝ եվրոպաներ․․ կարող ա՞ մենք եվրոպաներում չենք եղել, չենք տեսել» ,-ասում է դաշնակցական նախկին պատգամավորը։ Նա նշում է, սակայն, որ այնտեղ ամեն ինչ տարբերակված է, չափված և այնտեղ մարդիկ Շանզ էլիզեյի վրա կարողանում են նորմալ քայլել՝ չնայած ամեն քայլափոխի՝ սրճարան է։ Այսինքն՝ պետք է մոտեցումն այն լինի, որ այնտեղ, որտեղ սրճարանները խանգարում են հետիոտնի տեղաշարժմանը, չպետք է լինեն։ 

Հ․Գ․ Ի դեպ, որոշակի գործունեություն ծավալու պատճառով վերջերս մի քիչ շատ շփվեցինք անշարժ գույքի գործակալների հետ, որոնցից մի քանիսը պնդեցին, որ գրասենյակային տարածքների շատ մեծ պահանջարկ կա՝ ռեստորանային և սրճարանային բիզնես ծավալող ընկերությունների կողմից։