Ո՞վ կփոխարինի Տավարացյանին

Ո՞վ կփոխարինի Տավարացյանին

Նախշուն Տավարացյանի՝ ԲԴԽ անդամի պաշտոնից հրաժարվելու փաստը դատական իշխանության ներսում քննարկման թոփ թեմա է դարձել։ Շատերը չեն հասկանում՝ ինչ  իմաստ ուներ «կյանքի գնով» դառնալ ԲԴԽ անդամ ու հրաժարվել դրանից։

Տավարացյանի մտերիմներից մեկը տեղեկացրեց, որ իրականում նա ի սկզբանե էլ չի ցանկացել գործուղվել ԲԴԽ, բայց քանի որ իր դեմ է դուրս եկել համայնքի մեծ մասը, հանուն «պրինցիպի» որոշել է ապացուցել, որ ինքը կարող է, ու գործընթացն էլ հակաօրինական չէ, բայց իր ուզածին հասնելուց հետո հրաժարվել է ԲԴԽ անդամությունից։

Հիշեցնենք, որ դեռ անցած նոյեմբերին դատավորների ժողովում  ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրվել էր 3 դատավոր՝ վճռաբեկ դատարանի դատավորներից։ Եվ ամենաբարձր քվեները ստացել էր Սուրեն Անտոնյանը, բայց ժողովը հանկարծ հիշել էր, որ գենդերային սկզբունքով պետք է ԲԴԽ անդամի թափուր տեղը համալրի կին, եւ այդ պատճառով ամենացածր քվեները ստացած Նախշուն Տավարացյանը համարվեց «հաղթող»։

Շուրջ 9 ամիս վճռաբեկում լարված մթնոլորտ էր, Անտոնյանի կողմնակիցներն ամեն ինչ անում էին, որ նրա ընտրությունը ճանաչվի, բայց հուլիսի 11-ի ժողովում Տավարացյանը որոշեց երդվել։ Արդյունքում կրկին աղմուկ բարձրացավ, գործընկերները համարեցին, որ դա անօրինական է, եւ այդ հարցը ներկայացվեց ԲԴԽ դատին, սակայն ԲԴԽ-ն որոշեց, որ ամեն ինչ օրինական է, որից հետո նա ինքնակամ հրաժարվեց։ Հիմա կրկին խոսվում է, որ գենդերային հիմունքներով կին պետք է լինի ԲԴԽ՝ վճռաբեկից ընտրված դատավորը։ Եվ հնչում է Ռուզան Հակոբյանի անունը։