«Քաղաքացու որոշում» կուսակցության ստացած քվեները շատերի համար անակնկալ են լինելու
Մանդարինը խորհրդանիշ, կանաչն էլ իրենց գույնը դարձրած «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն այն քաղաքական ուժն է, որն ընտրություններին մասնակցում է հստակ ծրագրով՝ կառուցել սոցիալ-դեմոկրատական պետություն։ ՔՈ նախընտրական ցուցակը գլխավորող Սուրեն Սահակյանը, մեզ հետ զրույցում ամփոփելով նախընտրական քարոզարշավի այս մեկ շաբաթը, ասաց, որ վերջին մի քանի օրը վատառողջ էր, հիմա նոր է մի քիչ ապաքինվել ու կդժվարանա գնահատական տալ, քանի որ չի կարողացել հետեւել քարոզարշավի ընթացքին։ Այսօր Սուրեն Սահակյանը պետք է մասնակցի քաղաքական ուժերի առաջին համարների բանավեճին։ Բայց դժգոհ է ընդհանուր բանավեճերի անցկացման տրամաբանությունից։
Նա կարծում է, որ այս օրերին քարոզարշավն անցել է ՀՀԿ-ի ու ՔՊ-ի միջեւ, փոխադարձ հայհոյանքների անառողջ մթնոլորտում, ինչի արդյունքում իրենք դուրս են մնում ուշադրությունից։ Նա նաեւ մի հետաքրքիր բան է նկատել բանավեճերի անցկացման հարցում․ «Բոլոր բանավեճերին կարծես ստեղծվել է առաջին ու հետնապահների լիգա, եւ «պատահականորեն» այնպես է ստացվում, որ առաջին լիգայում հայտնվում են ներկա կամ նախկին խորհրդարանական ուժեր, իսկ հետնապահների լիգայում հայտնվում են նորաստեղծ կամ ոչ այնքան հայտնի կուսակցությունները, որոնցից մեկն էլ մենք ենք։ Թե ինչքանով է դա պատահական, թողնենք ընթերցողի հնարամտությանը»։
- Սա ինչ-որ ծրագրված խա՞ղ է, ըստ Ձեզ, ՀՀԿ-ի ու ՔՊ-ի կողմից։
- Ես սա ավելի շատ արդյունավետ քարոզչական մարտավարություն կկոչեի։ Գուցե մարդիկ դրան էդպես են նայում, բայց դա չի ողջունվում մեկը՝ իմ կողմից, եւ վստահ եմ, որ շատերի կողմից չի ողջունվում։
- «Իմ քայլը» կամ գործող իշխանություններն այստեղ իրենց մեղքի բաժինն ունե՞ն, որ մտնում են այդ խաղի մեջ, երբ ՀՀԿ-ն անընդհատ ձեռնոց է նետում, փորձում է միայն իր հետ բանավեճ հրահրել, ասում են՝ մենք այլ ուժերի հետ գործ չունենք, իրենք էլ կարծես խայծը կուլ են տալիս։ Կա՞ նման բան, թե՞ «Իմ քայլին» էլ է ձեռնտու, որ իրենք քննադատության թիրախ ունենան։
- Ինձ թվում է՝ դա երկուստեք շահավետ է, չգիտեմ՝ դա ինչքանով է մտածված դառնում, որքանով՝ ոչ, բայց երկուստեք շահավետ է, ուղղակի փաստն այն է, որ էդ ցեխշպրտոցիի արանքում կորում են քաղաքացու մտահոգությունները, քաղաքացու հոգսերը եւ հարցերը, թե ինչպիսի Հայաստան ենք մենք ուզում տեսնել ապագայում։
- Ձեզ առաջարկ եղե՞լ է մտնել «Իմ քայլի» ցուցակ, քանզի խոսակցություն կար, որ ի սկզբանե ձեզ ուզում էին ընդգրկել «Իմ քայլի» ցուցակում, նույնիսկ կասկած կար, որ ՔՈ-ն «Իմ քայլի» պրոյեկտն է։
- Պաշտոնական որեւէ առաջարկ, որեւէ բանակցություն՝ միանալ, մի ցուցակով գնալ, չի եղել, եւ ծիծաղելի է երկրորդ պնդումը, որ մենք որեւէ մեկի պրոյեկտն ենք։ Մենք մեր անցած ճանապարհով երեւի ցույց ենք տվել, որ մենք որեւէ մեկի պրոյեկտը լինել չենք կարող։
- Ի դեպ, ձեր մանդարինն ի՞նչ է խորհրդանշում։
- Մանդարինը խորհրդանշում է համերաշխություն եւ արդյունքի արդար վերաբաշխում։
- Ի՞նչ եք կարծում, դուք կանցնե՞ք Ազգային ժողով։
- Կարծում եմ՝ այո։ Կարծում եմ, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության ստացած քվեները շատերի համար, այդ թվում՝ սոցիոլոգների եւ փորձագետների համար, անակնկալ են լինելու։
- Դուք քննադատո՞ւմ եք Նիկոլ Փաշինյանին եւ գործող իշխանությանը, քանզի այսօր այդ հարցը շատ է արծարծվում, որ եթե ընդդիմություն ես, ինչո՞ւ չես քննադատում գործող իշխանությանը։
- Ես հենց նոր քննադատում էի գործող իշխանությանը նրա համար, ինչ ինքն անում է։ Եվ անբովանդակ քննադատություններից զերծ եմ մնում, իսկ եթե կա, թե ինչի համար քննադատել, ոչ մի բան ինձ չի կարող կաշկանդել, որպեսզի քննադատեմ։
- Իսկ այս 6-7 ամսում նրանց կատարած աշխատանքում, արտաքին ու ներքին քաղաքական հարցերում կատարած քայլերում, սոցիալական խնդիրների լուծման կամ տված խոստումների կատարման ուղղությամբ տարված աշխատանքներում տեսնո՞ւմ եք քննադատության տեղ։
- Մի քանի քննադատության տեղ կա։ Նախ՝ ես ժամանակավոր կառավարությանը վերաբերվել եմ որպես հենց ժամանակավոր կառավարության եւ դրան հենց էդ կոնտեքստում եմ նայել մինչեւ էն պահը, երբ որ հեղափոխության օրակարգը, ինչի համար էդ ժամանակավոր կառավարությունը ձեւավորվել էր, չի անտեսվել։ Իսկ անտեսվել է այն ժամանակ, երբ Ընտրական օրենսգիրքը չի փոխվել եւ անտեսվել է դեկտեմբերի 2-ի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, երբ հայտարարվեց, որ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն գուցե չկա, եւ այնտեղ կոսմետիկ մի քանի փոփոխություններ պետք է իրականացվեն։ Քննադատվել եմ նաեւ հարկային քաղաքականության նախագիծը, որը ներկայացվել է, համահարթեցման նախագիծը։ Այնպես որ, որեւէ կաշկանդող բան ինձ համար չկա։ Եվ չնայած որ մենք միասին եհղափոխական ճանապարհ ենք անցել, ինչը հիշվում է ամբողջ կյանքի ընթացքում, բայց մենք ներկայացնում ենք տարբեր գաղափարական ուղղություններ եւ ըստ այդմ էլ հարաբերվում ենք իրար հետ քաղաքական դաշտում։
Կարծիքներ