Հետիոտնային անցումները եւ ՃՏՊ-ները Երեւանում

Հետիոտնային անցումները եւ ՃՏՊ-ները Երեւանում

Երեւանում, քաղաքի տարբեր հատվածներում, դժվար չէ նկատելը, որ չկան հետիոտնային անցումներ, եւ ցանկացած քաղաքացի մի քիչ անզգույշ լինելու դեպքում կարող է ենթարկվել վրաերթի։ Օրինակ, Եռաբլուր գնալիս ուղղակի պետք է հարմար պահ գտնել , «ճեղքել» մեքենաների հոսքը եւ հասնել այնտեղ։ ՀՀ ոստիկանություն ուղարկել էինք հարցում՝ տեղեկանալու, թե ինչ են պատրաստվում անել Երեւանի տարբեր փողոցները հետիոտնային անցումներով ապահովելու համար, ե՞րբ են դրանք կառուցվելու։ Հետաքրքրվել էինք նաեւ, թե որոշ փողոցներում հետիոտնային անցումներ չլինելու պատճառով ճանապարհատրանսպորտային պատահարների ինչ վիճակագրություն է արձանագրվել։

«Ձեր 09․11․2018թ․ հարցմանն ի պատասխան հայտնում ենք, որ ճանապարհային ոստիկանության համակարգի բարեփոխումների հայեցակարգից բխող ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվելիք միջոցառումների ծրագրով նախատեսված է Երեւան քաղաքում վեց եւ ավելի երթեւեկելի գոտի ու մեծ ինտենսիվությամբ երթեւեկություն ունեցող ճանապարհների վրա առկա չկարգավորվող հետիոտնային անցումների ապամոնտաժում, իսկ մյուս չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածում երթեւեկելի մասի բարձրացում մինչեւ 10 սմ-ով՝ կահավորելով անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ինչն արդեն իրականացվում է»,- արձագանքել են մեզ ՀՀ ոստիկանությունից։

Ինչ վերաբերում է մեր երկրորդ հարցին, ապա մեզ ոստիկանության հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչությունից ներկայացրել են մի երկար ցուցակ, թե Երեւան քաղաքի որ փողոցում քանի ճանապարհատրանսպորտային պատահար է եղել այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, քանի զոհ եւ վիրավոր է եղել դրանց հետեւանքով։ Քանի որ ուղարկված ցանկը բավականին ծավալուն է, ապա կներկայացնենք միայն ամենաշատ ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը։ Իսակովի պողոտայում տեղի է ունեցել 33 ՃՏՊ, եղել է 1 զոհ, 53 վիրավոր, Արշակունյաց պողոտայում եղել է 29 ՃՏՊ, 3 զոհ, 30 վիրավոր, Աճառյան փողոցում՝ 26 ՃՏՊ, ոչ մի զոհ, 31 վիրավոր, Դավիթ Բեկ փողոցում ՝ 25 ՃՏՊ, 1 զոհ, 45 վիրավոր, Տիգրան Մեծ պողոտայում ՝ 25 ՃՏՊ, ոչ մի զոհ, 28 վիրավոր, Բագրատունյաց փողոցում՝ 22 ՃՏՊ, 1 զոհ, 25 վիրավոր, Մյասնիկյան պողոտայում՝ 20 ՃՏՊ, 3 զոհ, 24 վիրավոր, Բաղրամյան պողոտայում՝ 20 ՃՏՊ, ոչ մի զոհ, 28 վիրավոր, Շիրակի փողոցում՝ 19 ՃՏՊ, 1 զոհ, 22 վիրավոր, Մաշտոցի պողոտայում՝ 19 ՃՏՊ, ոչ մի զոհ, 28 վիրավոր, Արտաշատի խճուղում՝ 15 ՃՏՊ, 1 զոհ, 23 վիրավոր, Գայի պողոտայում՝ 14 ՃՏՊ, 1 զոհ, 17 վիրավոր, Րաֆֆու փողոցում՝ 13 ՃՏՊ, 1 զոհ, 12 վիրավոր, Գ․ Նժդեհի փողոցում՝ 13 ՃՏՊ, ոչ մի զոհ, 19 վիրավոր, Կոմիտասի պողոտայում՝ 13 ՃՏՊ, ոչ մի զոհ, 17 վիրավոր, Անդրանիկի փողոցում՝ 12 ՃՏՊ, ոչ մի զոհ, 16 վիրավոր, Լենինգրադյան փողոցում՝ 11 ՃՏՊ, 1 զոհ, 14 վիրավոր, Արտաշիսյան փողոցում՝ 11 ՃՏՊ, 1 զոհ, 13 վիրավոր, Ռուբինյանց փողոցում՝ 11 ՃՏՊ, ոչ մի զոհ, 13 վիրավոր, Սարալանջի փողոցում՝ 10 ՃՏՊ, 1 զոհ, 16 վիրավոր, Ազատության պողոտայում՝ 10 ՃՏՊ, ոչ մի զոհ, 10 վիրավոր։