Հայ-ռուսական համալսարանում հիմնադրվեց «ներքին ակադեմիա»

Հայ-ռուսական համալսարանում հիմնադրվեց «ներքին ակադեմիա»

1943 թվականին, ֆաշիստական Գերմանիայի հետ ԽԱՀՄ պատերազմի թեժ ժամանակահատվածում, ՀՍՍՀ կառավարության որոշմամբ ստեղծվեց Հայաստանի գիտությունների ակադեմիա։ Այն ժամանակ գուցե անիմաստ ու զավեշտալի մի որոշում: Ով իմանար, որ մինչև ԽՍՀՄ փլուզումը, այս կաճառը գրելու է գիտության պատմության բազմաթիվ փառավոր, ոսկե էջեր՝ շնորհիվ աշխարհահռչակ հայ գիտնականների…

Նաեւ խորհրդային գիտության համեստ, բայց հանճարեղ մշակների շնորհիվ կերտվեց խորհրդային ժողովրդի հաղթանակը Հայրենական մեծ պատերազմում, այդ նրանց շնորհիվ (միջուկային և և այլ զինատեսակների ստեղծմամբ) տևական ժամանակ պահպանվեց խաղաղությունն աշխարհում, փլուզվեց գաղութատիրական համակարգը, իսկ ներկայիս քաոսն առաջացավ, երբ քվազի- ժողովրդավարության, քվազի- խոսքի ազատության «տրոյական ձիերը» մեկնարկեցին «պերեստոյական» եւ հետխորհրդային տարածքում գիտակրթական կայացած համակարգերը վերջնականապես փլուզվեցին եւս մեկ «տրոյական ձիու»՝ բոլոնյան գործընթացի մեկնարկով, որը հիմնովին վերացրեց Ռուսական կայսրության ժամանակներից սկիզբ առնող, գերմանական ավանդույթների վրա հիմնված, խորհրդային գիտակրթական համակարգը:

Շատերի համար հայ-ռուսական համալսարանում տեղի ունեցած իրադարձությունը՝ Ավագների խորհրդի ստեղծումը որևէ բան չի նշանակում: Ավելին՝ սպառնալիքներով լի այս ժամանակահատվածում, հնարավոր է, որ այն դիտվի որպես աննշան մի բան, նույնիսկ, զավեշտ: Բայց ավելի սարսափելի է եղել իրավիճակը 1943 թվականին: 
Ռուսաստանում այդպիսի կառույց առաջինը ստեղծվել է «Բարձրագույն տնտեսագիտական դպրոց» (ԲՏԴ) գիտահետազոտական համալսարանում և անվանվում է Օրդինար պրոֆեսորների կոլեգիա: Այս առումով, թվում է, թե «ավագներ» բառը տեղին չէ, ասոցացվում է, ինչպես նկատել է մի երիտասարդ քաղաքական գործիչ, «իրենց կյանքի մայրամուտում» գտնվող անձանց հետ: Մինչդեռ, իրական պրոֆեսորը, գիտնականը ցկյանս է այդպիսին և կարող է օգտակար լինել ակադեմիական հանրությանը, պետությանը: «Օրդինար» բառն ավելի ճշգրիտ է բնութագրում երևույթը. պրոֆեսորի առնչությամբ այս մակդիրի նշանակությունն է՝ «հաստիքային»: Սովորաբար՝ օրդինար պրոֆեսորներ են դառնում միայն տվյալ համալսարանի աշխատակիցները՝ ականավոր գիտնականները և դասախոսները, որոնք հատուկ ներդրում են ունեցել համալսարանի զարգացման գործում:

Կազմակերպական գիտելիքի կառավարման բնագավառում, թերևս, նման կարգավիճակը համընկնում է տվյալ կազմակերպությունում փորձառության համայնքների կարգավիճակին և գործառույթին:

ԲՏԴ-ի նախկին ռեկտոր Յարոսլավ Կուզմինովը նկատել է. «Ոչ ես, ոչ մեր ֆակուլտետների դեկանները, հուսով եմ, իրենց պաշտոնները չեն դիտարկում որպես նվաճում: Համալսարանում կարիերան է՝ ասիստենտը-դոցենտը-պրոֆեսորը: Մեզանում որպես մարդու նվաճում է դիտարկվում նրա ընտրվելը օրդինար պրոֆեսոր, ակադեմիկոսի նման մի բան»: Դրանով է պայմանավորված, որ օրդինար պրոֆեսորների կոլեգիան երբեմն անվանում են «ներքին ակադեմիա»: Հետևաբար, ՀՌՀ-ի ձեռնարկի զարգացումը ոչ միայն ավագների վրա հիմնվելն է (ովքեր իրական նվաճումներ ունեն իրենց բնագավառներում), այլև նրանց հետ միասին «ոչ ավագ» ականավոր գիտնականների և դասախոսների վրա:

Ցանկալի, նույնիսկ պարտադիր է նման կառույցների ստեղծումը մյուս համալսարաններում, առաջին հերթին՝ ԵՊՀ-ում: Այսպիսով, «ներքին ակադեմիաների» ստեղծմամբ և նրանց միջև արդյունավետ համագործակցության ծավալմամբ, հնարավոր կլինի նոր շունչ հաղորդել երկրի գիտակրթական համակարգին: Ավելին, հաճախ է ասվում ՀՀ ԳԱԱ-ի խնդիրների մասին: Գուցե, այս ճանապարհով էլ հնարավոր լինի զարգացման այլ, ժամանակակից պայմաններին համահունչ փոփոխություններ կատարել ՀՀ ԳԱԱ-ում: Երկրի կուռ գիտակրթական համակարգի ձևավորումը ռազմավարական, անվտանգային նշանակություն ունի:

Հուսով, որ ՀՌՀ-ի ձեռնարկը կծավալվի՝ արդարացնելով ոչ միայն այդ հաստատության ակնկալիքները, այլև վարակիչ կդառնա մյուս համալսարանների համար, կխթանի երկրի հետազոտական և կրթական ներուժի մեծացմանը:  

Գագիկ Վարդանյան