Ո՞նց ես քնում, Նիկոլ․․․

Ո՞նց ես քնում, Նիկոլ․․․

Լաչինը  մերոնք վերցրել էին։ Ի՜նչ հաղթանակ էր, ի՜նչ ցնծություն։ Մեր զինվորներից մեկը պատմում էր, երբ մտել էին Լաչինի գյուղերից մեկը։ Ամայություն։ Շունչ չկար։ 

«Օրվա վերջում մի տուն մտանք, որ մի քիչ հանգստանանք։ Փափուկ տեղաշոր էր, փափուկ բարձեր։ Ես ու ընկերս պառկել էինք սենյակում։ Մեկ էլ ինչ որ ձայներ ենք լսում։ Տեղից վեր ենք թռնում և գնում ձայնի ուղղությամբ։ Խոհանոցից էր գալիս։ Զարմանքից քարանում ենք։ Մի շատ ծեր կին էր։ Ինքնաեռը միացրել, թեյ էր լցնում։ «Սա առյուծի սի՞րտ է կերել,- մտածում եմ»։ Ադրբեջաներեն հարցնում եմ՝ ինչու՞ ես մնացել։ 

-Ու՞ր գնամ,- ասում է,- իմոնք լրիվ այստեղ են։ 

Ձեռքս ակամայից տանում եմ հրացանիս, մտածելով, որ ընտանիքն էլ այստեղ է ու թաքնված, մեկ էլ թե՝

-Գերեզմանոցում են՝ ամուսինս, տղաս, աղջիկս, ծնողներս, հարազատներս։ Իրենց ու՞մ թողնեմ։ 

Ընկերս թե․ 

-Իսկ չե՞ս վախենում, որ քեզ էլ նրանց մոտ կուղարկենք։ 

- Շնորհակալ կլինեմ,- ասաց պառավը։ 

Հետո շատ հանգիստ մեզ համար էլ թեյ լցրեց ու ասաց՝ խմեք։ 

Այս փոքրիկ դրվագը ես ներկայացրել էի ,,Ազատագրում,, գրքում։ Զինվորը պատմում էր, թե ինչքան ծանր էր տարել այդ դրվագը։ Հիմա Արցախի գյուղերում բոլորն այդ վիճակում են։ Առաջինն ասում են՝ մեր շիրիմները, սիրելիները։ Նրանց ողբն ու տառապանքը չներկայացնեմ։ 

Ո՞նց ես քնում, Նիկոլ․․․