Վարչապետը համատեղության կարգով կկատարի նաեւ ԱԳ նախարարի պարտականությունները

Վարչապետը համատեղության կարգով կկատարի նաեւ ԱԳ նախարարի պարտականությունները

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան համատեղության կարգով իրականացնելու է նաեւ ԱԳ նախարարի պարտականությունները այնքան ժամանակ, քանի դեռ այդ պաշտոնի համար նախարար չի նշանակվի։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։

«Մինչեւ կառավարության հաջորդ կազմի ձեւավորումը ես իրականացնելու եմ նաեւ ԱԳ նախարարի պարտականությունները»,- լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետ Կիսիդան։

Նշենք, որ Ճապոնիայի ԱԳ նախարար Տոսիմիցու Մոտեգին պաշտոնապես զբաղեցրել է իշխող Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչը նշանակում է, որ նա թողել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Ճապոնիայում հոկտեմբերի 31-ին տեղի են ունեցել պառլամենտական ընտրություններ։ 465 պատգամավորական մանդատներից իշխող ԼԴԿ-ն կարողացել է պահպանել բացարձակ մեծամասնությունը՝ ապահովելով 261 մանդատ։ Սա սակայն 2017 թվականի ընտրությունների համեմատությամբ քիչ է 15 մանդատով։ «Կոմեյտո» կուսակցությունը հավաքել է 32 մանդատ, որը երեք մանդատով ավելին է։ Այս կուսակցությունը հանդիսանում է կոալիցիոն կրտսեր գործընկեր իշխող կուսակցության համար։