Ֆլյուգերը

Ֆլյուգերը

Մի մեղադրեք այն քաղաքագետներին, ովքեր ինչ-որ կանխատեսումներ են անում, իսկ որոշ ժամանակ անց պարզվում է` իրականությունը տրամագծորեն հակառակն է, զարգացումներն այլ ուղղությամբ են գնում: Մի դատափետեք այն լրագրողներին, ինչ-որ տեղեկատվություն են փոխանցում, որոնք իրականություն չեն դառնում, որովհետեւ իշխանությունը «փոշմանել է»:

Հայաստանն այլեւս անկանխատեսելի երկիր է դարձել, եւ 24 ժամից ավելի գուշակելու համար կա՛մ պետք է Վանգա լինել, կա՛մ` պարզապես շատ հաջողակ, որ բախտդ բերի, եւ ասածներդ իրականություն դառնան: Իսկ այսպիսի իշխանություն ունենալու պարագայում, որի համար, ինչպես ռուսներն են ասում` շաբաթվա մեջ 7 հատ ուրբաթ կա, եւ առավոտյան կարող են մի բան ասել, երեկոյան` դրան հակառակ պնդումներ անել, առաջ նայելն առհասարակ անչափ բարդ է: Եթե անգամ առաջներում, երբ կայուն եւ հաղթած երկիր ունեինք, մի գիշերվա մեջ Սերժ Սարգսյանը շուռ տվեց պատմության անիվը եւ 2013 թ. սեպտեմբերի 3-ին հայտարարեց Մաքսային միության անդամ դառնալու մասին, երբ մի քանի տարի շարունակ նախապատրաստվել էին ասոցացման եվրոպական համաձայնագրի ստորագրմանը, ի՞նչ կարելի է պահանջել թուլացած, խեղճացած, պարտված Հայաստանի հեղափոխական իշխանություններից: Շատերը փորձում են որեւէ տրամաբանություն գտնել Նիկոլ Փաշինյանի քայլերի եւ որոշումների մեջ, հեռուն գնացող վերլուծություններ անել եւ բազմաքայլ կոմբինացիաներ գուշակել:

Իզուր: Գործող իշխանությունը հողմացույցի նման` քամուց թեքվում է այս ու այն կողմ, նայած քամին որ կողմից է փչում: Այս պահին ճնշումը (գայթակղությունները, խոստումները, ակնկալիքները) զորեղ է Արեւմուտքից` ինքն արեւմտյան կողմնորոշման գործիչ է, հաջորդ պահին` Ռուսաստանից, ռուսամետ է մինչեւ ուղնուծուծը: