Նոր մշակութային նախագիծ՝ «Հրապարակից»

Նոր մշակութային նախագիծ՝ «Հրապարակից»

Սիրելի՛ ընթերցող

Մեկ տարի շարունակ՝ ամեն ամիս, «Հրապարակ» օրաթերթն իր ընթերցողներին ներկայացավ նոր նախագծով՝ «Հրապարակ» մշակութային հավելվածով, որն իրականություն դարձավ մշակույթի նախարարության համաֆինանսավորմամբ։ Գումարը քիչ էր, ցանկությունը՝ մեծ, անելու լավ գործ, հատկապես որ մշակույթը մամուլում միշտ կցորդի կարգավիճակում է եղել եւ հաճախ, ըստ արժանվույն, չի ներկայացվել՝ այն էլ գերքաղաքականացված մեր օրերում։

Մեր թիմն այս ընթացքում փորձեց անդրադառնալ մշակույթին ամենալայն իմաստով՝ ներկայացնելով ինչպես ավագ, այնպես էլ նոր սերնդի դեմքեր, տպագրելով անտիպ եւ հեղինակային գործեր, գրախոսություններ, հարցազրույցներ, էսսեներ, արվեստագիտական հոդվածներ, արձակ եւ չափածո ստեղծագործություններ։

Առանց համեստության արձանագրենք, որ մեր 4 էջանոց մշակութային հավելվածը սիրվեց ընթերցողների կողմից, դրա արձագանքը նկատեցինք հենց առաջին իսկ համարից, երբ մեր էլփոստին ստացանք հատուկ հավելվածի համար ուղարկված գրական գործեր։   

«Հրապարակ» մշակութային հավելվածն իր արած գործով նոր ճանապարհ հարթեց մի նոր նախագծի համար. հաջորդ տարվանից մշակույթի նախարարության համաֆինանսավորմամբ, նույն հաճախականությամբ, առանձին ձեւաչափով եւ կրկնակի ծավալով լույս կտեսնի «Մշակութային Հրապարակ» ամսաթերթը։ Այնպես որ՝ սպասեք մեզ։

Հավելվածի խմբագիր՝ Սոնա Ադամյան