«Հրապարակ». Նիկոլահաճո պատասխաններ՝ Քրիստինե Գրիգորյանից

«Հրապարակ». Նիկոլահաճո պատասխաններ՝ Քրիստինե Գրիգորյանից

Գերիների թիվը ճշտված չէ։ Պատերազմական գործողությունների արդյունքում 133 մարմինների, մասունքների նույնականացումն ավարտված չէ։ Անհետ կորածների թիվը հայտնի չէ։ 20-ից ավելի ծնողներ պնդել են, որ տեսանյութի տղան իրենցն է։ 32, հետո 95 մարմիններ փոխանցվեցին, նաեւ փոքր թիվ եղավ՝ 6։ Կան մարմիններ՝ խոշտանգման հետքերով։ Կարմիր խաչի հետ կոմունիկացիա է եղել, ու ադրբեջանական կողմը հաստատել է 17 ռազմագերու առկայությունը, բայց կան նաեւ այլ տվյալներ։ Սրանք էին երեկ ասուլիսի ժամանակ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հաղորդած թվային եւ փաստական տվյալները։

Նա խոսում էր սեպտեմբերի 13-ի ադրբեջանական զինված հարձակման ու դրան հաջորդած օրերի ընթացքում իր գրասենյակի արձանագրած՝ մարդու իրավունքների խախտումների, դրանց հետ կապված իր կազմած զեկույցի մասին։

Նախկին ՄԻՊ-ն ավելի մանրամասն էր ներկայացնում գերիների հետ կապված փաստերը, ինչո՞ւ հիմա չեք ներկայացնում։ Պատասխանն էր՝ թեման զգայուն է ու փակ, չեն ուզում սթրեսի ենթարկել տղաներին ու նրանց ծնողներին։ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը երեկ խոսում էր շատ ու այնպիսի երգեցիկ, հանգստացնող ձայնով, կարծես ոչ մեկին չի ուզում նեղացնել։ Երեկվա իր ասուլիսում նա ուղիղ 16 րոպե ներածական խոսք ասաց, որում չկար կյանք, բայց լիքն էր «օֆիսային» ժարգոնը։ Այսպես՝ իր այդ ներածական խոսքում նա մի 20 անգամ օգտագործեց «զեկույց», մի 10 անգամ՝ «նարատիվ» բառը, որն արտաբերում էր ծ-ով՝ «նառածիվ», մի քանի անգամ՝ «մեդիազեկույց» արտահայտությունը։ Եվ ընդամենը երկու անգամ օգտագործեց «խոշտանգում», «անդամահատում» բառերը, իսկ «հայ զինվորների գնդակահարություն» արտահայտության փոխարեն ասաց՝ «արտադատարանային սպանություն»։ 

Ի դեպ, այդ «արտադատարանային սպանության» մասին սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական հարձակմանը նվիրված ելույթում Քրիստինե Գրիգորյանը խոսեց վերջին հերթին, հաշմանդամների, երեխաների իրավունքների, ենթակառուցվածքների,  բնապահպանությանը հասցված վնասների թվարկումից հետո միայն։ Նորմալ է՝ կասեք, նա պատմում էր, թե ինչի մասին է եղել իր առաջին զեկույցը, իր երկրորդ զեկույցը, խոսում էր փաստահավաք աշխատանքի բնույթի մասին, կարծես մի տաղտկալի գիտական սեմինարի մասնակցեր, որը հետաքրքիր է միայն գիտնականներին, իսկ հասարակ մահկանացուներն ընդամենը կարող են քնել նրա խոսքի տակ։ 
«Там стреляют, она тут бормочет, ешкин кот!»,- համացանցի օգտատերերից մեկի այս մեկնաբանությունը ստույգ հաղորդում է Քրիստինե Գրիգորյանի երեկվա ելույթը լրագրողների առաջ եւ դրան համարժեք արձագանքը։ Նա պաշտպանում էր բոլորի իրավունքները, բայց ամենաքիչը խոսեց մորթված գերիների մասին։ 

Մորթված, գնդակահարված, անդամահատված տղաների մասին հարցնում էին լրագրողները, իսկ Քրիստինեն նրանց ավելի քիչ անդրադարձավ իր ներածական խոսքում, քան նույնիսկ տեղեկատվական հարձակումներին կամ ադրբեջանական կրթական ծրագրերին։ «Այն եվրոպական կառույցները, որոնք որեւէ կերպով իրադարձություններին անդրադարձել էին, հարձակման էին ենթարկվել, ու սրանք եւս մեկ անգամ ապացուցում են, որ հիբրիդային պատերազմը շատ ռեալ է»,- ասում էր օմբուդսմենը, կարծես ինքը եվրոպական կառույցների, ոչ թե սպանված տղաների պաշտպանը լիներ։ Պատահական չէ, որ առաջին իսկ հարցը՝ ՄԻՊ-ին ուղղված, խոշտանգվածների մասին էր, թե արդյոք ՄԻՊ-ը հանդիպե՞լ է վերադարձած գերիների հետ, արդյոք արձանագրե՞լ է կտտանքների ու նվաստացումների դեպքեր, ու ինչպե՞ս պետք է նման ատելության պայմաններում խաղաղության գնանք։ Օմբուդսմենը պատասխանում է, որ վերադարձած գերիների հետ առանձնազրույցներ ունեցել են եւ առանձին զեկույց են ներկայացնելու, որ այդ փաստերը՝ խոշտանգումների, նվաստացումնեի, վատ վերաբերմունքի վերաբերյալ, խաղաղության բանակցությունների ժամանակ պետք է սեղանին լինեն։ «Բայց ես՝ որպես ՄԻՊ, չեմ համարում, որ մենք պետք է խոսենք պատերազմից ու խաղաղություն չստեղծենք։ Ասենք, որ մենք չենք ուզում նման ջանքեր գործադրել եւ իրապես չենք ուզում խաղաղություն»,- ահա այսպիսի նիկոլահաճո պատասխան հնչեց։ Քանի՞ գերի է խոշտանգումների, նվաստացուցիչ վերաբերմունքի ենթարկվել։ Գրեթե բոլորը՝ ասում է Գրիգորյանը, զգուշացնելով, որ հրապարակումների մեջ պետք է զգույշ լինենք, հաշվի առնենք, որ ունենք զինծառայողներ, որոնք գերության մեջ են։

Ասում է, որ գերիներին ադրբեջանական հիվանդանոցներում առանց ցավազրկման են կարեր դրել եւ վիրահատել, ինչն ինքնին սահմռկեցուցիչ փաստ է եւ պետք է որ առանձին արձագանքի, միջազգային աղմուկ բարձրացնելու առիթ լիներ։ Բայց սա որպես տասներորդական կարեւորության փաստ հնչեց ասուլիսի ժամանակ, ՄԻՊ-ն ուղղակի իմիջիայլոց հայտնեց՝ ի պատասխան լրագրողի հարցին։ Ինչո՞ւ էր նա սեպտեմբերի 21-ին ՔՊ-ի կողքին, ինչո՞ւ տեսավ, բայց չարձագանքեց, երբ զոհվածի ծնողին ստորացուցիչ ձեւով բերման էին ենթարկում։ «Լինել քաղաքականապես չեզոք՝ չի նշանակում լինել ընդդիմադիր քաղաքական գործիչ։ Մարդու իրավունքների պաշտպանը պետական արարողակարգային միջոցառումներին մասնակցում է, եւ այս առումով ես որեւէ խնդիր չեմ տեսնում։ Ես Եռաբլուրում գտնվելու պահին տեսանյութերով եմ տեսել, ես այնտեղ մարդկանց չեմ տեսել»,- լղոզեց Քրիստինեն՝ հիշեցնելով, որ դատապարտող հայտարարություն է արել, որ ոստիկանության կոնկրետ աշխատողները կոնկրետ իրավական գնահատականի արժանանան, եւ կա քրեական գործ։ 

Եվ այս ասուլիսի ողջ ընթացքում դժվար էր չհիշել, թե ինչպես էր ժամանակին աշխատում Արման Թաթոյանը՝ ինչ փաստեր էր հավաքում, ինչպես էր դրանք օգտագործում եւ ինչքան կոշտ ու միանշանակ էր իր գնահատականների մեջ։ Ահա թե ինչ է պատահում, երբ անկախ մի մարմին վերանում է, եւ ինքնուրույն ու պրոֆեսիոնալ անձի փոխարեն կարեւոր աթոռին նստում է իշխանամերձ մի փոխնախարար։