Գեղանիստի գյուղապետի դեմ քրգործը մերժելիս վկայակոչվել է «Վեոլիա ջուր» -ը, որը ոչնչից տեղյակ չէ

Գեղանիստի գյուղապետի դեմ քրգործը մերժելիս վկայակոչվել է «Վեոլիա ջուր» -ը, որը ոչնչից տեղյակ չէ

Արարատի մարզի Մասիսի շրջանի Գեղանիստ գյուղի բնակչուհի Աիդա Ադիլխանյանը 30 տարուց ավելի Գեղանիստի 10 փողոցի 35 հասցեում 800 քառակուսի մետր սեփականության իրավունքով գրանցված հողամասի և շենք-շինության սեփականատեր է, իսկ  դրան հարող  1000 քառակուսի մետր տարածքը, որը հատուկ նշանակության հող է, պայմանագրային հիմունքներով օգտագործում էր՝ գյուղապետարանին պարտաճանաչ վճարելով հողօգտագործման  վարձը։

Այդ տարածքը եղել է տիկին Աիդայի միակ եկամտի աղբյուրը․ կինը այնտեղ  կանաչի, լոլիկ բանջարբոստանային կուլտուրաներ է ցանել, վաճառել։ Աիդան ի սկզբանե նախազգուշացված է եղել, որ հողը կարող է օգտագործվել միմիայն  գյուղատնտեսական նպատակների համար և այս ընթացքում, ապրելով Արարատյան դաշտի սրտում, անգամ մեկ ծառ չի կարողացել տնկել։ 

Սակայն 2015-ին Գեղանիստի 23 տարվա գյուղաետ Վաչիկ Ադիլխանյանը կնոջ տանը կից հողակտորը 2 մասի կիսելով, վաճառել է հողը, դեռ ավելին, հատուկ նշանակության հողերի վրա, աճուրդի հիման վրա շինթույլտվություն է տվել, այնտեղ կառուցվել է շինանյութի խանութ՝ իր պահեստով, իսկ դրա կողքին էլ՝ ավտոսերվիս։ Այն, իհարկե, այլ կառուցապատողի է պատկանում։ 

Նշենք, որ ըստ Հողային օրենսգրքի՝ 60-րդ հոդվածի պահանջների՝ արգելվում է այն հողերի վաճառքը, որոնք ընկնում են բարձրավոլտ հոսանքի տակ կամ որտեղով անցնում են խոշոր տրամաչափի խմելու ջրի ու գազի խողակաշարեր։ 

Նշված մանրամասները ներկայացրեց Աիդայի լիազորված անձ Սամվել Գաբրիելյանը։ Ըստ նրա՝ բացի այն, որ հատուկ նշանակության հողերը չի կարելի վաճառել,  գյուղապետը նաև դրանք վաճառել է կեղծ աճուրդով։ Իսկ, որ այն կեղծ է եղել , ըստ Սամվելի, վկայում է գյուղապետի ու կառուցապատողի խոսակցության գաղտնի ձայնագրությունը, որը նրանք պատրաստվում են ներկայացնել ՀՔԾ։

«Լրիվ պատմում է» ,-նշեց կնոջ լիազորված անձը՝ հավելելով, որ Կադաստրի պետն էլ անօրինական կերպով շինարարությանը տվել է սեփականության վկայական։ 

Սամվելը հայտարարում է՝ սա պետական հանցագործություն է, որը շարունակվում է։

Նշենք, որ կնոջ իրավաբանները ոստիկանություն հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, սակայն ոստիկանության փոխգնդապետ Ջ․Լ  Մարությանը  կայացրել էր հարուցված  նյութերով քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում, իսկ  դատախազություն բողոքարկելուց հետո էլ  Արարատի մարզային վարչության Մասիսի  բաժնի հետաքննության բաժնի տեսուչ  Ա․ Միքայելյանն էլ  2019․24․01 կայացրել է քրեական գործը մերժելու մասին որոշման դեմ Աիդա Ադիլխանյանի բողոքը մերժելու մասին որոշում։ 

Որպես գործի չհարուցման, իսկ հետագայում նաև այլ ատյանում՝ դատախազությունում գործի կարճման հիմք են մատնանշվել գյուղապետի ներկայացրած թղթերը, Որ նա ներկայացրել է թույլտվության մասին ապացույցներ։ Այսիքն,որ նա ներկայացրել է աճուրդի թղթերն ու, իբր, «Վեոլիա ջուր»-ը, «Գազպրոմ Արմենիա» -ն ի ու  ԲԷՑ-ը չեն առարկում և որ գյուղապետարանն աճուրդով իրավունք ունի հողը  վաճառելու և տալու համապատասխան փաստաթղթեր՝ շինթույլտվության համար։

Գործը կարճվելուց հետո կնոջ լիազորված անձինք դիմում են գրել հղվող փաստաթղթերին ծանոթանալու համար,( որովհետև կարճման որոշման մեջ վկայակոչվում են գյուղապետի կողմից ներկայացված  փաստաթղթերը) տեսնեն իրո՞ք չեն առարկում, սակայն ոչ   ոստիկանությունը, ո՛չ դատախազությունը, Սամվելի խոսքով՝ դրանք չի տրամադրում։  

Սակայն ամենազավեշտալին այն է, որ Աիդայի իրավաբանների՝ «Վեոլիա ջուր» ուղարկված հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նշված հասցեին կից հողատարածքում ընկերության Շահումյան տեղամասի աշխատակցի կողմից տեղում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված հասցեի դիմաց՝ կենտրոնական ճանապարհի եզրագծին կից գոյություն ունի շինություն, որը ծառայում է որպես խանութ և որ շենքի հետնամասից 5-6 մետր հեռավորության վրա անցնում են Արարատյան 4-րդ և 5-րդ ջրատարները՝ համապատասխանաբար՝ 1000 և 1200 մետր տրամաչափերով և որոնք ընկած են կառուցված քարե ցանկապատից ներս։

Ընկերության տրամադրած պատասխանի համաձայն՝ իրենց կողմից երբևէ չի տրվում ջրատարների վրա շենք-շինությունների կառուցման թույլտվություն։ Ավելին՝  ըստ «Վեոլիա ջրի» այդ շինարարությունները կատարվել են առանց ընկերությանը որևէ կերպ իրազեկելու։

Փաստորեն, գործի կարճման հղումները այդ ենթադրյալ, բայց գոյություն չունեցող  թույլտվություններն են։ Ինչ վերաբերում է «Գազպրոմ Արմենիային», ապա այնտեղից պատասխանը Սամվելը դեռ չի ստացել։ 
Աիդայի լիազորված անձն ասում  է, որ քննիչը բազմակողմանի քննություն չի տարել և որ երևում է, որ դա շահադիտական միտումներով է։

Նա ասաց նաև, թե  շինանյութի խանութի կառուցապատողն ու կից ավտոսերվիսի տերերը բարեխիղճ մոլորության մեջ են՝ գյուղապետարանին  վճարելով  անօրիանական փաստաթղթերի հիման վրա։
Զրույցի վերջում Աիդան ու իր փաստաբանը նշեցին, թե Ադիլխանյանը  հին կարկառուն հանրապետական է, բայց վայելում է մարզի նոր իշխանությունների հովանավորությունը։  

Hraparak.am -ը, սակայն, պարզեց, որ Վաչիկ Ադիլխանյանը անկուսակցական է և երբեք չի եղել կուսակցական ։ Իր հետ, սակայն, չհաջողվեց խոսել, քանի որ նրա հեռախոսահամարներից մեկին պատասխանած եղբայրն ասաց, որ Վաչիկը Արցախում է։ Մյուս համարը, առհասարակ, անհասանելի էր։ 
Հասանելի էր, բայց հեռախոսին չէր պատասխանում նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։