7-րդ գումարման ԱԺ-ում մեկ կռված տղա կա

7-րդ գումարման ԱԺ-ում մեկ կռված տղա կա
Համլետ Հայրապետյան

Մինչ «Երկրապահ» կամավորականների միությունում անորոշ ժամանակով հետաձգված է համագումարը եւ, հետեւաբար, նոր նախագահի ընտրությունը, պարզվում է՝ երկրապահները մի թեթեւ նեղացած են իշխանությունից։

ԵԿՄ փոխնախագահ Համլետ Հայրապետյանը, որը 1-ին Գերագույն խորհրդի պատգամավոր է, երեկ լրագրողների հետ հանդիպմանը նախ մի քիչ պոետիկ կրկնեց իր նախկինում ասած խոսքը, թե հայրենիքը պետք է սիրել ոչ միայն զոհվել կարողանալու համար, այլեւ ապրելու, այն շենացնելու, հիշեցրեց Վազգեն Սարգսյանի խոսքը, որ ժողովո՛ւրդ, պատերազմն ավարտված չէ, ապա նկատեց, որ 7-րդ գումարման ԱԺ-ում այսօր միայն մեկ կռված տղա կա՝ Սասուն Միքայելյանը։ Նրան, իհարկե, ասուլիսի եկած ԵԿՄ փոխնախագահը կոչեց «քայլող լեգենդ», բայցեւ նկատեց․ «Երբ ես նայում եմ ԱԺ առաջին նիստը, իմ համար շատ դժվար է, քանի որ, երբ ես 1-ին գումարման խորհրդարանի պատգամավոր էի, մենք այն ժամանակ ունեինք «Երկրապահ» պատգամավորական խումբ, որտեղ ձեւավորվեցին օրենքների հիմնական օրենքները։ Եվ դա արեց «Երկրապահը», նաեւ էս բնագավառում կարողացավ իր խոսքն ասել։ Բա եթե ես չխառնվեմ երկրի քաղաքական կյանքին, քաղաքականությունով պետք է, չէ՞, երկրի մասին մտածես»։

Ուրեմն ինչո՞ւ են ԵԿՄ-ականները միայն այսօր, երբ ձեւավորվում է ԱԺ-ն, այդ մասին խոսում, ինչո՞ւ ընտրություններից առաջ չէին մտածում։ Համլետ Հայրապետյանն ի պատասխան ասաց, թե մտածել են։ «Արամ Սարգսյանը փորձեց իր կուսակցությունով մի քանի հոգու առաջադրել ռեյտինգային ցուցակներում, եւ տեղի ունեցավ այն, ինչ ունեցավ, համապատասխան ձայներ չհավաքվեցին, եւ ԵԿՄ տղաները չանցան Ազգային ժողով»։ Բայց չէ՞ որ «Իմ քայլով» առաջադրվելու դեպքում ունենալու էին երաշխավորված արդյունք՝ ներկայացվածություն ԱԺ-ում։ Համլետ Հայրապետյանը, ի վերջո, ասաց, որ դա իրենք չէ՝ «Իմ քայլը» պետք է առաջարկեր։

«Դուք ամեն ինչ գցում եք մեր վրա, բայց ինչո՞ւ երկրի ղեկավարությունը չի ասում՝ մի հատ մեզ էլ հաշվի առնեն, էն տղաներին, էն բազմահազարանոց բանակը, որը 2 պատերազմ է հաղթանակել»,- ասաց ԵԿՄ փոխնախագահը։ Նա ավելացրեց, որ  դիտավորություն չի տեսնում, միգուցե աշխատանքով խիստ զբաղված են եղել։

Ինչեւէ, ընտրությունների գնացքն արդեն մեկնել է, բայց երկրի գերագույն գլխավոր հրամանատարին, իշխանության մյուս ներկայացուցիչներին Համլետ Հայրապետյանը դիմում է․ «Հանձնարարվի հավուր պատշաճի, որ համապատասխան մասնագետների հետ նստենք, որոշենք «Երկրապահի» ապագայի մասին, ինչպիսի՞ն լինի ինքը, որտե՞ ղ լինի ինքը… եթե պետք չենք, ասեն՝ պետք չեք, եթե պետք ենք, մենք պատրաստ ենք… ոչ թե հանուն հայրենիքի զոհվենք, այլեւ ապրենք»։

Հիշեցնենք, որ 2018-ի հունիսին զինվորից տուշոնկա ու սնունդ գողանալու, ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով քրեական հետապնդման ենթարկված ու մեկուսացված ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի նախագահությունը կասեցնելուց հետո կառույցում այդպես էլ նախագահ չընտրվեց, համագումար չանցկացվեց, եւ «Երկրապահը» կառավարվում է  փոխնախագահների կողմից․ Արա Կետիկյան, ով նաեւ ԵԿՄ նախագահի պաշտոնակատարն է, Համլետ Հարությունյան, Ղուկաս Ուլիխանյան եւ այլք։ Այս ընթացքում ԵԿՄ նախագահի 2 եւ ավելի թեկնածուի անուն էր շրջանառվում՝ Արամ Զավենի Սարգսյան, Սասուն Միքայելյան, Կոռնիձորցի Արո, սակայն ո՛չ համագումար եղավ, ո՛չ ընտրություն, ո՛չ էլ նույն Համլետ Հայրապետյանը որեւէ մոտավոր ժամկետ է հայտնում։

«Պետք է խորը մտածենք, պետք է խորը վերլուծություններ անենք… էնպես չէ, որ գնացել ենք, ձեռքներս դրել ենք գլխներիս տակ, մտածել ենք՝ մի քիչ էլ ձգենք։ Ոչ մեկի համար հաճելի չէ, այո, պետք է ունենանք ղեկավար,  պետք է իմանանք, կոնկրետ ճշտենք մեր տեղը, որ կարողանանք էս կառույցը նորմալ առաջ տանել»,- ասում է ԵԿՄ փոխնախագահը։ Նա նշեց, որ ժամանակը կարճ էր, բոլորը, նաեւ իրենք, այս կամ այն կերպ զբաղված էին ԱԺ ընտրություններով, հիմա եկել հասել է Ազգային ժողովի ձեւավորման պահը, սրանից հետո կզբաղվեն նաեւ այդ հարցերով։ Անձամբ Համլետ Հայրապետյանն այն կարծիքին է, որ  ԵԿՄ-ն պետք է անցնի պաշտպանության նախարարության ենթակայության ներքո՝ որպես Ազգային գվարդիա, բայցեւ պահպանվի «Երկրապահ» բրենդը։ «Երկրապահը բազմահազարանոց ընտանիք է՝ 62 հազարանոց, եւ պետք է կարողանա գոյատեւել, ապրել, պետք է կարողանա մտածի իր զոհված ազատամարտիկների ընտանիքների մասին, ճիշտ է՝ սա պետության խնդիրն է, բայց ամենօրյա հոգածության խնդիրը բաժանմունքի նախագահինն է։ Եվ պետք է նաեւ մտածի վիրավոր տղաների մասին, բոլոր տղաների, որոնք կռվել են եւ որոնք այսօր օրական հաց աշխատելու հնարավորություն չունեն։ 90 տոկոսը եւ ավելին այսօր չունեն այն հավուր պատշաճի ուշադրությունը, որոնց արդյունքում ունենա աշխատանք, եւ դրա համար որոշեցինք, որ լինի իշխանության ներկայացուցիչ»,- ասում է Համլետ Հայրապետյանը։

Սա նրա պատասխանն էր հարցին, թե, այնուամենայնիվ, ԵԿՄ-ում ինչ տրամադրություններ կան, եւ ում են գերադասում՝ Սասուն Միքայելյա՞նին, թե՞ Արամ Սարգսյանին։ Երկուսի մասով էլ հնչեցին դրվատանքի խոսքեր, միայն Սասուն Միքայելյանի պարագայում՝ հետեւյալ շեշտադրմամբ, որ «որպես իշխանության ներկայացուցիչ՝ անձնապես Գերագույն գլխավոր հրամանատարի հովանու ներքո, ՊՆ հովանու ներքո, կկարողանա երկրապահ ընտանիքը հավուր պատշաճի պահել»։