«Գոլդեն փելեսը» նվիրատվությունից երեք տարի անց կարող է նորից վերադարձվել տիրոջը

«Գոլդեն փելեսը» նվիրատվությունից երեք տարի անց կարող է նորից վերադարձվել տիրոջը

Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի սեփականատերը՝ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը, հյուրանոցը նվիրաբերել է պետությանը, բայց գույքը պետությանը փոխանցելու գործընթացը ձգձգվում է ու չի հաջողվում գլուխ բերել։

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ կան որոշակի ռիսկեր, այդ ռիսկերն իրենք ներկայացրել են կառավարություն, այժմ դրանք քննարկման փուլում են մյուս պետական մարմինների հետ, և նշեց, որ գույքը նվեր ընդունելու մասին նույնպես կառավարության որոշում է լինելու։ 

Hraparak.am-ի հարցին, թե ինչ ռիսկերի մասին է խոսքը, պարոն Բաբայանն ասաց․ «Ռիկսերը հետևյալն են, որ «Գոլդեն Փելես» ՍՊԸ-ի բալանսում ոչ միայն Ծաղկաձորի գույքն է, այլ նաև կան շատ այլ գույքեր, այդ թվում՝ նաև Երևանում, և օրենքով գույք նվիրատվություն կատարելուց հետո երեք տարվա ընթացքում, եթե սնանկության գործընթաց լինի, ապա կարող է տվյալ ՍՊԸ-ն հետ բերել այդ գույքը։ Որպեսզի նման ավելորդ ռիսկերից խուսափենք, մենք հիմա քննարկում ենք, որ որևէ նման ռիսկ պարունակող գործարք չլինի»։

Այսինքն՝ հնարավոր է, որ նվիրաբերած գույքը նորից հե՞տ վերցվի, և դա ինչպե՞ս է հնարավոր, Բաբայանը դժվարացավ պատասխանել․ «Հիմա ես հստակ չեմ կարող ասել՝ ինչպես, բայց էդ ռիսկը կա, և որպեսզի էդ ռիսկը չլինի, մենք առաջարկել ենք, որ գործընթացը թեկուզ մի փոքր դանդաղ լինի, բայց ստեղծվի մի առանձին ՍՊԸ, որի բալանսին կլինի միայն Ծաղկաձորի այդ հյուրանոցը, և որն արդեն առանց այլ պարտավորությունների կկարողանա տրվել պետությանը»։

Իսկ եթե, ամեն դեպքում, առանց որևէ ռիսկի այդ հյուրանոցը փոխանցվի պետությանը, ի՞նչ է լինելու հետո դրա ճակատագիրը՝ պետությո՞ւնն է սկսելու շահագործել այն, թե՞ տանելու է մասնավորեցման։ «Ոչ, պետությունը չի շահագործի, ես վստահ եմ, որ չկա պետական որևէ մի կառույց, որը կարող է լավագույն տնօրինումը կատարել հյուրանոցային բիզնեսում, բայց կարող է տալ հավատարմագրային կառավարման կամ կարող է օտարել, արդեն գնորդն ինքը կորոշի, թե ինչ ձևով է աշխատեցնելու։ Մենք կփորձենք էնպես անել, որ հյուրանոցը հնարավորինս ցնցումների չենթարկվի, և, եթե հնարավոր լինի, նաև բնականոն աշխատանքը շարունակվի»,- ասաց Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը։