Մարզերում թափառող շների առումով խայտառակ վիճակ է

Մարզերում թափառող շների առումով խայտառակ վիճակ է

Հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքական նոր իշխանությունները գրեթե մանիֆեստի մակարդակով հայտարարել էին, որ հետայսու մարդկանց ու կենդանիների համակեցությունը Հայաստանի քաղաքներում ու գյուղերում պետք է լինի անվտանգ։ Այսինքն՝ վերանալու է կենդանիների սպանդի ամոթալի պրակտիկան։ Գաղափարախոսությունը լրացվում է նաեւ օրենսդրական մակարդակով․ պատահական չէ, որ վերջին շրջանում «Իմ քայլը» դաշինքը ու նաեւ ԲՀԿ-ական մի շարք պատգամավորներ խոստանում են շրջանառության մեջ դնել կենդանիների նկատմամբ դաժան ու ծանակող վերաբերմունքը բացառող օրենքների նախագծերի փաթեթ, ընդհուպ մինչեւ կենդանիներին վրաերթի ենթարկելու ու անօգնական վիճակում թողնելու կամ նրանց վրա կրակելու համար քրեական պատասխանատվություն՝ տարբեր երկոտանի «անասունների» համար։

Մինչ այս նախագծերը խոստացվում էին ու շրջանառության մեջ դրվում, կենդանասերները պարբերաբար ահազանգում էին, որ պետք է արագացնել ստերջացումը, քանի որ թափառող կենդանիներն ահավոր բազմանում են, թափառում են ոհմակներով, դարձել են ագրեսիվ, եւ զգուշացնում էին, որ նման կերպ շարունակելու դեպքում այլ տարբերակ չի մնալու, քան կրակելը։ Եթե ոչ Երեւանում, ապա մարզերում կենդանիների խնդիրների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների այս կանխատեսումներն ինչ-որ չափով իրականանում են։ Նախօրեին, օրինակ, ֆեյսբուքյան «Իմ կատուն» էջում կենդանասերները հրացանի ու աղով փամփուշտների լուսանկար էին տեղադրել՝ ինչ-որ մարդկանց համար։ Մեզ հետ զրույցում խմբի անդամներից մեկն ասաց, որ Վանաձորում շների վրա կրակում են։ Ինչ վերաբերում է հրացանին, ասաց, որ այն խորհրդանշական է, օրն էլ՝ ապրիլմեկյան է, բայց նախազգուշացում պարունակում է։ 

Վանաձորի քաղաքապետարանի ԼՀԿ խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը հայտնեց, որ թափառող շների սպանդը Վանաձորում շարունակվելիս է եղել մինչեւ մեկ շաբաթ առաջ։ «Մրցույթ է հայտարարվել, ամեն տարի շահող կազմակերպություն է եղել, ում հետ կնքված պայմանագրի, դրան կից հավելվածի մեջ գրված է, որ ինքը պարտավոր է գիշերային որսի միջոցով կատարել շների հավաքագրում, անգամ նշված է հասցե, որ այստեղ առավոտյան պետք է լինի դիերի հաշվարկ։ Այսինքն՝ այդ ամենը եղել է մինչեւ մոտ մեկ շաբաթ առաջ։ Նաեւ այնտեղ ամրագրված է, որ ամեն տարի հաղթող կազմակերպությունը պարտավորվում է տարեկան ոչնչացնել մինչեւ 2 հազար շուն»,- պատմեց Անահիտը։ Նա ինչ-որ կերպ հասել է նրան, որ շների ոչնչացմամբ զբաղվող կազմակերպությունը հրապարակել է Վանաձորում գիշերային ժամերի իր ժամանակացույցը, ինչի հիման վրա դիմել է ոստիկանություն։

«Դիմեցի այն հիմքով, որ բնակելի վայրերում պատրաստվում են զենք կիրառել, ինչն օրենքով արգելված է, ինչից հետո զրուցեցինք Մամիկոն Ասլանյանի հետ, ինքն ասաց, որ էդ դեպքում աշխատանքները դադարեցված են, չի կարելի, հիմա էս պահին փակ են, այդ ժամանակացույցը կայքից հանել են»,- ասում է Վանաձորի ավագանու անդամը։ Վերջինիս խոսքով՝ Վանաձորում չկա ո՛չ կենդանիների կացարան, ո՛չ ստերջացման կենտրոն, ո՛չ անասնաբուժական կլինիկա։ Հետեւաբար, այստեղ շարունակում են դիմել այս բարբարոսական մեթոդներին։ «Դինգո» թիմի վերջին մի քանի ամիսների ահազանգերը վկայում են, որ մարզերից շատերում նույն վիճակն է։ Գորիսի քաղաքապետարանը, օրինակ, փետրվարի 7-ին հայտարարություն էր տվել այն մասին, որ շների վնասազերծման աշխատանքներ են իրականացվելու, եւ բնակչության անվտանգության նկատառումներով, միջոցառումը տեղի է ունենալու ժամը 23-ից հետո։ Բնակիչներին էլ խնդրել էին խուճապի չմատնվել եւ ընտանի կենդանիներին դրսում չթողնել։

Փետրվարի 21-ին էլ՝ մեկ այլ ահազանգ, որ Գավառում օրը ցերեկով զենք են կիրառում։ «Փրկենք կենդանիներին» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ Նունե Մեհրաբյանը մեզ ասաց, որ մարզերում վիճակը խայտառակ է, նոր-նոր իրավիճակ է փոխվել Երեւանում, երբ վերջապես Երեւանի քաղաքապետարանը սկսել է իրականացնել շների ստերջացման աշխատանքները։ «Շատ-շատ էին շները, բայց, փառք Աստծո, կամաց-կամաց Երեւանի քաղաքապետարանը սկսել է աշխատանքները։ Իրենք անգամ նույն օրը բաց էին թողնում շներին, մենք պնդեցինք, որ պահեն, նույն օրը բաց չթողնեն, էլ չեն թողնում։ Եվ հիմա, ստերջացումներից հետո արդեն քաղաքում ոհմակներ չկան»,- ասաց Նունեն։ Երեւանի քաղաքապետարանը տեղական ու միջազգային մասնագետների համադրված մեթոդիկայով Երեւանում հաշվել է մոտ 15 հազար շուն։ Սա, Նունե Մեհրաբյանի գնահատմամբ, թերեւս մի քիչ ուռճացված թիվ է։ Այն առումով, որ 30 միլիոնանոց Մոսկվայում թափառող շների քանակը 30 հազար է։ 

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ից, Երեւանի ավագանու որոշմամբ, մայրաքաղաքում այս հարցով զբաղվում է թափառող կենդանիների վնասազերծման համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունը։ Քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը մեզ տեղեկացրեց, որ նշված 15 հազար շներից հաշվարկվել է 6 հազար էգ շուն․ «Այսինքն՝ ծրագիրը, որ պիտի տանի նրան, որ ունենանք առանց թափառող շների մայրաքաղաք, նպատակաուղղված է այդ քանակին»։ Ծրագիրը սկսվել է մարտի կեսից, 2019-ի համար նախատեսված է ստերջացնել 4 հազար 500 շուն, այս պահի դրությամբ ստերջացվել է 47-ը։ Պարզվում է՝ ստերջացվում են հիմնականում էգ շները։ Որոշ դեպքերում՝ արուները, որոնք վտանգ են ներկայացնում հանրության համար։ Ստերջացումներն արվում են թեժ գծերից ստացված ահազանգերի համաձայն՝ ըստ վտանգավորության աստիճանի։ Մեկ շան հաշվարկով քաղաքապետարանն իրականացնում է նախնական զննում, պատվաստում, հետվիրահատական խնամք եւ կենդանուն տարածք վերադարձ։ Այս ցիկլը, մեկ շան հաշվով, քաղաքապետարանի վրա «նստում է» 22 հազար դրամ։