Հարցերը լուծվում են գյուղամիջում

Հարցերը լուծվում են գյուղամիջում

Ինչո՞ւ իշխանությունները չեն արձագանքում մամուլի քննադատական հրապարակումներին: Մեր կարծիքով` դրա համար, առնվազն, երկու պատճառ պետք է լինի: Առաջին` իշխանություններն ընդունում են քննադատությունն ու իրենց սխալները, եւ երկրորդ` չունեն այն մակարդակը, որ կարողանան համարժեք արձագանքել իրենց էշին «չոշ» ասող մամուլի հրապարակումներին: Եթե նկատել եք, նույնիսկ Փաշինյանին չի հաջողվում դա անել ինչպես հարկն է:

Իշխանությունների կողմից արձագանք չկա ոչ միայն մամուլի, այսպես ասենք՝ «սեփական» նյութերին, այլեւ քաղաքական, հասարակական, մշակույթի, գիտության եւ այլ ոլորտների գործիչների հրապարակային հայտարարություններին: Այդ ամենի արդյունքում բանավեճը մերօրյա Հայաստանում իսպառ բացակայում է, եւ դա շատ վատ է: Փաստորեն, ներսում մենք իրար հետ չենք խոսում, եւ եթե մամուլն էլ մի բան չգրի, այնպիսի տպավորություն կստեղծվի, որ Հայաստանում հասարակական-քաղաքական կյանք ընդհանրապես գոյություն չունի:

Օրերս մի հետաքրքիր գրառում կարդացի Ֆեյսբուքում: Օգտատերը գրել էր. «Եթե մի այնպիսի բան ես ասել, որ «զոմբիների» բանակը հարձակվել է վրադ, ապա դա նշանակում է` գտել ես ճշմարտության բանալին»: Կարելի է թե՛ համաձայնել եւ թե՛ չհամաձայնել այս մտքին: Բանն այն է, որ «զոմբիների բանակ»-ը, հնարավոր է, հենց մեծամասնությունն է եւ չի ընդունում որեւէ տեսակետ կամ միտք, որ ակնհայտ սխալ է պարունակում: Այսուհանդերձ, «զոմբիների բանակով» չէ, որ պետք է քննարկվեն կամ դատապարտվեն իշխանությանը ոչ հաճելի մտքերն ու գաղափարները, որքան էլ դրանք ընդունելի չլինեն: Սա, մեղմ ասած, հարցը ոհմակային հոգեբանությամբ խլացնելու, հարցը բարձրաձայնողին լռեցնելու, նրա բերանը կոպիտ ձեւով փակելու տխուր պրակտիկա է: ԽՍՀՄ ժամանակներում այլախոհին, առանց ավելորդ ձեւականությունների, մեկուսացնում էին հասարակությունից: Եթե գրող էր, կոմպոզիտոր կամ նկարիչ` արգելում էին նրա գործերը, եթե քաղաքական գործիչ էր` բանտարկում էին կամ արտաքսում:

Պատճառն այն էր, որ միակուսակցական երկրում նոնսենս էր բանավեճի հարթակ ասվածը: Բոլորը պետք է մտածեին եւ խոսեին ԽՄԿԿ Քաղբյուրոյի պես: Մերօրյա Հայաստանում արդեն այդ իրավիճակի երկու նախապայմանը կա` մեկ կուսակցության իշխանություն եւ բանավեճի հարթակի բացակայություն: Մյուս կողմից էլ՝ իշխանության պոպուլիզմի պաշարն ավարտվում է, արված գործեր չկան, աջակիցների բանակն օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով նոսրանում է: Վաղը, մյուս օրը նույնիսկ չեն կարողանալու հայտարարել, թե ժողովրդի պահանջով ենք բուլդոզերը փողոց հանել: Եվ եթե մինչ այդ էլ երկրում չստեղծվի բանավեճի հարթակ, միմյանց հետ խոսելու, միմյանց լսելու մշակույթ չձեւավորվի, Փաշինյանի կառավարությունն ինքնապաշտպանական բնազդով ստիպված է լինելու դիմել բռնությունների, որովհետեւ, ընդհուպ այս պահի դրությամբ, համապատասխան գործիքներ չունի` լռեցնելու տարերայնորեն ահագնացող դժգոհությունը:

Ժամանակին Տեր-Պետրոսյանն էլ խուսափում էր բանավեճերից, հարցերը քննարկում նեղ «կրուգում» եւ, ի վերջո, հաղթահարեց ռուբիկոնն ու սկսեց հալածել ընդդիմադիրներին, մամուլի միջոցներ փակել, քաղաքական գործիչների արտաքսել: Փաշինյանը մեկ տարում այս ճանապարհի գրեթե կեսն անցել է արդեն, եւ ինչքան հեռանում ենք «հեղափոխության» բորբ օրերից, նա այնքան մոտենում է ռուբիկոնին: 

Իր իշխանության հատկապես վերջին տարիներին Տեր-Պետրոսյանը սիրում էր հարցերը քննարկել ՀՀՇ-ական նեղ շրջապատում, որին ավելի հեշտ էր սեփական որոշումները պարտադրելը: Փաշինյանն այս նույն աշխատաոճը որդեգրել է ԱԺ էյֆորիկ ընտրություններով վարչապետ դառնալու առաջին օրվանից: Նա նախ թիմակիցներին արգելեց քաղաքական լուրջ թեմաներով հայտարարություններ անել, ապա հիմնադրեց մի ավանդույթ, ըստ որի` իր կառավարության անդամները պետք է ամեն առիթով գան ԱԺ եւ լիկբեզ անցկացնեն բացառապես «Իմ քայլը» խմբակցության համար: Ինքը` Փաշինյանը, պատրաստվում է Ալիեւի հետ Վիեննայում տեղի ունեցած հանդիպման մանրամասները ներկայացնել ԱԺ սեփական խմբակցությանը: Ինչպե՞ս հասկանանք սա, մանավանդ, որ ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության նախարարը, ըստ էության, արել է մի հայտարարություն, որը, կարծես, այնքան էլ չի տեղավորվում հայ-ադրբեջանական թավշյա հարաբերություններ ստեղծելու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների պատրանքներում: 
Նիկոլ Փաշինյանը, եթե հավատանք նրա բանավոր հայտարարությանը, մեր երկրից հալածել է համակարգային կոռուպցիայի արատավոր երեւույթը, ավելի ստույգ` վերացրել է այն: Ես դժվարանում եմ հավատալ Փաշինյանին, որովհետեւ արդարությունը վերականգնելու փոխարեն նա հենց այս պահին զբաղված է թավշյա կոռուպցիա հիմնադրելով:

Ինչի՞ մասին է խոսում երկրի բոլոր ծակուծուկերը սեփական «ամենակարող» կադրերով լցնելու նրա քաղաքականությունը, ոստիկանությունով, ԱԱԾ-ով ու ՀՔԾ-ով մարդկանց ահ տալու նրա գործելաոճը, տեսանկարահանող սարքերի, արագաչափերի ու «կարմիր գծերի» հետ դաշինք կնքելը, «ով Աննայի հիմնադրամին փող տա` նրան չեմ բռնի» նշանաբանը եւ այլն: Օրերս մի հոդված էի գրել, որտեղ ակնարկել էի, որ Փաշինյանը սեփական հանցագործ կադրերին չի բռնում: Ոչ մի արձագանք Փաշինյանի կողմից, բայց դրանից 2-3 օր հետո ձերբակալեցին մի փոխնախարարի` 3 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու համար: Հիմա սա այնքան ծիծաղելի է, որ էլ չասելու: Տեսեք-տեսեք, մեր թիմակցին էլ չենք խնայում կոռուպցիան արմատախիլ անելու ճանապարհին: Էն փոխնախարարն էլ էնքան «միամիտ է», որ Փաշինյանի քթի տակ կաշառք է վերցրել, այո՞:

Չեմ հավատում, բայց նաեւ ասեմ, որ այս գեղեցիկ ներկայացումը թավշյա կոռուպցիայի դրսեւորման մի նոր ձեւ է, որ կարելի է հանգիստ խղճով բնութագրել որպես «ԱԱԾ-ի ձեռամբ դյուրահավատ ուղեղներից կասկածների դուրսմղում` խաբեության եղանակով»: Բավական է միայն ուշադրությամբ հետեւել` ով է կաշառքը տվել, ինչ նպատակով, ով է վերցրել եւ ով է բռնել: Հա, եւ ամենակարեւորը` երբ է դա տեղի ունեցել: Իսկ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մամուլն սկսեց ուշադրություն դարձնել Փաշինյանի եւ նրա թիմի խիստ միակողմանի հակակոռուպցիոն արշավին: Փաշինյանը կարող էր այդ հարցը փակել մամուլում շրջանառվող կարծիքների շուրջ մի գեղեցիկ բանավեճ կազմակերպելով, բայց, ավաղ, նա նախընտրեց հերթական տեսարանի բեմականացմամբ վերահաստատել կոռուպցիայի հաղթահարման փաստը: Խեղճ փոխնախարար, նա երեւի այդ փողը չի էլ տեսել:

ՀԳ. Գյուղում, սովորաբար, հարցերը լուծվում են գյուղամիջում: Թեկուզ գյուղական կարգով, բայց լուծվում են: Մենք կորցնում ենք «մեր ազգային գյուղամեջը»: