Պուտինն առաջնաբեմից չի հեռանում

Պուտինն առաջնաբեմից չի հեռանում

Թեեւ աշխարհում առավել կամ նվազ կարեւոր բազմաթիվ իրադարձություններ են կատարվում, այդուհանդերձ, ՌԴ նախագահին հաջողվում է Ուկրաինայի սահմանին ստեղծած լարվածության եւ իր անտրամաբանական ու անգուշակելի վարքի հաշվին բոլորին ստվերում թողնել: 
Անցյալ շաբաթվա վերջին Չինաստանում մեկնարկեցին ձմեռային օլիմպիական խաղերը, եւ այդ մեկնարկին ՌԴ նախագահը հասցրեց ամենքից տեսանելի երեւալ: Առհասարակ, Պեկին 2022-ը սպորտի սիրահարներից ավելի հետաքրքրել է քաղաքական-դիվանագիտական շրջանակներին, լրագրողներին, մարդու իրավունքների պաշտպաններին:

Ինչո՞ւ: Մարդու իրավունքների պաշտպանները ջանում են Չինաստանում ույգուրների ընթացող հետապնդումների (շատերի բնորոշմամբ` ցեղասպանության) թեման բերել առաջնաբեմ, ինչին Պեկինն ամեն կերպ ընդդիմանում է: Լրագրողներին հետաքրքրում են ազատամտության ու ազատ խոսքի հետապնդումները on-line եւ off-line` չին ակտիվիստների տնային կալանքներով, շարժման սահմանափակումներով, անհետացումներով: Քաղաքական-դիվանագիտական շրջանակների համար Պեկինի օլիմպիական խաղերն ուշագավ են նրանով, որ դրանց բացմանն արեւմտյան առաջնորդներ առհասարակ չեն մեկնել:

Արդյունքում Պեկինում համարյա տարածաշրջանային բռնապետերի հավաք էր ստացվել, որին մասնակցում էին հիմնականում Չինաստանին սահմանակից ավտորիտար ռեժիմների` Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Պակիստանի, Ռուսաստանի նախագահները, մարդասպանության մեջ մեղադրվող Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը, Քաթարի էմիրը, Եգիպտոսի Ֆաթահ Ալ-Սիսին, եւս մի քանի հոգի, ընդհանուր թվով` 22: Ամենից երեւացողն այդ ավտոկրատների հավաքում, իհարկե, Վլադիմիր Պուտինն էր, հոգեւոր եղբոր` Սի Ծինփինի հետ հերթական գազամուղի, թե նավթամուղի կառուցման մասին թղթերի ստորագրման արարողությամբ, բայց հատկապես` Արեւմուտքի դեմ Չինաստան-Ռուսաստան բեւեռի գոյություն ցուցադրելու ձգտմամբ: 

Այն, որ Ռուսաստանն ու Չինաստանը բնական հակոտնյաներ են այս երկրագնդի վրա, ոչ մեկի համար գաղտնիք չէ: Մոսկվայում հրաշալի գիտակցում են, որ ամենքին էլ այս երկրագնդի վրա ավելի քան ցանկալի է, որ Սիբիրի անվերջանալի հարստությունները լինեն դանդաղաշարժ ու նախաձեռնությունից զուրկ ռուսական հսկողության ներքո, քան Չինաստանի երկար ձեռքերը հասնեն Սիբիրին: Չինացիները առանց բնական հարստությունների ու էներգակիրների էլ իրենց էժան ու անորակ արտադրանքով աշխարհը տնտեսական էքսպանսիայի են ենթարկում: Պատկերացնել կարելի է, թե այդ էքսպանսիան ուր կհասնի, եթե չինացիները Սիբիրի բնական հանածոների ու էներգակիրների հանդեպ իրավազորություն ունենան: Ռուսները ով եւ ինչ էլ լինեն, ինչ էլ անեն, աշխարհի համար գերադասելի է, որ լինի բավականաչափ հզոր Ռուսաստան, եւ Սիբիրը լինի Ռուսաստանի կազմում, Ռուսաստանի իրավազորության ներքո: Արդյունքում Չինաստանի հնարավոր, թեկուզ խաղաղ էքսպանսիան Սիբիրի հանդեպ Ռուսաստանի հաղթաթուղթն է աշխարհի առջեւ, իր գոյության, սահմանների ու տարածքների անձեռնմխելիության գլխավոր երաշխիքն ու վահանը:

Չինաստանում էլ կարծում են, թե ժամանակն իրենց օգտին է աշխատում, այսօր իրենցից տասն անգամ նվազ բնակչություն եւ տնտեսության ծավալ ունեցող Ռուսաստանը, եթե վաղն Արեւմուտքի աջակցությամբ չհզորանա եւ Արեւմուտքի հետ չինտեգրվի, ապա անխուսափելիորեն ռուսական Սիբիրը վերջնահաշվում Չինաստանի շահագործման ներքո կհայտնվի: Չինաստանի շահերից բխում է մեկուսացած, Արեւմուտքի հետ հակասությունների մեջ գտնվող Ռուսաստանը, որը վաղը հետզհետե զիջելու է Սիբիրը:

Որքան էլ այսօր Արեւմուտքի հետ ունեցած խնդիրները Ռուսաստանին եւ Չինաստանին մերձեցնեն, դա լոկ մակերեսային շարժում է: Չինաստանը եւ Ռուսաստանը բնական ախոյաններ են, որոնց միջեւ հնարավոր չէ այնպիսի համագործակցություն, էլ ուր մնաց դաշինքի, ինչպիսին առկա է արեւմտաեվրոպական երկրների միջեւ՝ ԵՄ-ի ձեւաչափում լինի, թե ՆԱՏՕ-ի: 

Այնպես որ, Պեկինում Չինաստանի հետ սիրախաղերով ներքին լսարանի վրա տպավորություն գործելուց այն կողմ ՌԴ նախագահ Պուտինն այլ նպատակ գուցե չէր էլ հետապնդում: Հետեւաբար, Պեկինից վերադառնալուն պես անցավ ՆԱՏՕ-ի հետ Ուկրաինայի շուրջ հակասությունների թեմային: 

Նախ հիշեցնենք, որ անցյալ շաբաթ՝ մի օր, Հունգարիայի վարչապետի հետ ասուլիսի ժամանակ, Պուտինը հայտարարեց, թե Ռուսաստանն ուսումնասիրում է ԱՄՆ-ից ստացված պատասխանները իրենց` դեկտեմբերին ուղարկած առաջարկներին եւ առաջիկայում կպատասխանի: «Առաջիկա»-ն երբ է ավարտվում, դժվար է կռահել: Ավելի դյուրին է ենթադրել, որ Մոսկվան, հավանաբար, երկար չի պատասխանի, որովհետեւ, մամուլ սպրդած տեղեկությունների համաձայն, Վաշինգտոնից գրությունում առաջարկված է, ասենք, իբրեւ ՌԴ-ի եւ ՆԱՏՕ-ի միջեւ փոխվստահության բարձրացմանը նպաստող քայլ, կազմակերպել ռուս փորձագետների այց Արեւելյան Եվրոպայում գտնվող ՆԱՏՕ-ի երկու միջուկային հարվածային կայաններ, նույնկերպ էլ` ՆԱՏՕ-ի փորձագետներն այցելեն Ռուսաստանի եվրոպական հատվածում գտնվող միջուկային կայաններ: 

Ռուսաստանում նման կոնկրետ քայլերի «այո՞» են ասելու։ Իհարկե` ոչ: Իսկ «ոչ»-ն ինչպե՞ս են հիմնավորելու: Պարզ է՝ ոչ մի կերպ: Դրա համար էլ կռահելի է, որ Մոսկվայից ուղղակի երկար չեն պատասխանելու Վաշինգտոնին, փոխարենը շարունակելու են զենք եւ զինուժ կուտակել Ուկրաինայի չորս կողմում, հետն էլ ձեւեր թափել, թե իբր դիվանագիտական ջանքեր են գործադրում` իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ: 

Ձեւեր թափելու վերջին արարն ընթացավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի գործուն դերակատարմամբ: Ֆրանսիայի նախագահը երկուշաբթի այցելեց Մոսկվա, երեքշաբթի` Կիեւ, երեքշաբթի երեկոյան էլ` Բեռլին, փորձելով ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական հանգուցալուծումը տեղափոխել Նորմանդական քառյակի ձեւաչափ` ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի կամ Պուտինի երազած ԱՄՆ-ՌԴ հարթակի փոխարեն: Վլադիմիր Պուտինին դեմքը փրկելու եւ օր-օրի խորացող ուկրաինական ճգնաժամը թուլացնելու փրկօղակ է մեկնված: Եթե ՌԴ նախագահը հաստատ չի որոշել ներխուժել Ուկրաինա եւ արյունալի պատերազմ սանձազերծելուց բացի նաեւ Ռուսաստանի տնտեսությունն Արեւմուտքի պատժամիջոցների ներքո անվերադարձ քարուքանդ անել (կռահելի սոցիալ-քաղաքական հետեւանքներով եւ ԽՍՀՄ փլուզման նմանությամբ), պետք է որ Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությանը դրական արձագանքի: Արդյո՞ք նախագահ Պուտինն այդպես կվարվի` առաջիկա օրերին կերեւա: