«Հրապարակ». Իշխանությունները որոշել են ՀՅԴ-ն արգելե՞լ՝ որպես կուսակցություն

«Հրապարակ». Իշխանությունները որոշել են ՀՅԴ-ն արգելե՞լ՝ որպես կուսակցություն

Մարտի 13-ին ԱԱԾ հատուկ ջոկատայինները ներխուժել էին դաշնակցական Գագիկ Սարգսյանի տուն, խուզարկել տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանի եւ ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութեր տեղադրելու մեղադրանքով, որը ՔԿ-ն որակել էր որպես ահաբեկչական գործողություն։ Չնայած տառացիորեն դրանից մի քանի օր առաջ «Հրապարակին» պատասխանել էր, թե Մելքոնյանի տան մոտ պայթյունը նրա հարեւանի նկատմամբ է իրականացվել` անձնական խնդիրների հողի վրա, իսկ փոխոստիկանապետը ՔՊ-ի գրասենյակի մոտ հայտնաբերված ռումբն անվանել էր մուլյաժ` կեղծ:

Երեւանի դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ մեկ ամսով կալանավորելով նրան։ Նույն գործով հետապնդում է իրականացվում եւս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կալանավորված են։ 

Փաստաբան Մկրտիչ Դավթյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ մեղադրանքը շինծու է եւ ունի բացառապես մեկ նպատակ` լուծարել ՀՅԴ-ն։ «Գագիկ Սարգսյանը ոչ մի կապ չունի ենթադրյալ հանցանքի հետ: Եկել եմ այն եզրահանգման, որ այս գործը ՀՅԴ-ն որպես կուսակցություն արգելելու համար է: Այնպես, ինչպես արեց Լեւոն Տեր-Պետրոսյանը տարիներ առաջ` 1994-ին: Ի դեպ, սա առաջին դեպքը չէ։ Մի շարք գործերով՝ շինծու, հորինված մտքերով, երեւակայությամբ, քրեական հետապնդումներ են հարուցում անձի նկատմամբ, եւ պատահական չէ, որ դատարանը, քննելով խափանման միջոցի հարցը, որոշել է մեկ ամսով կալանավորել՝ դիրքորոշում հայտնելով, որ անորոշությունները շատ են, բայց, չգիտես ինչու, գրել է, որ կասկածի շեմը համարում է հաղթահարված: Նշեմ նաեւ, որ Գագիկ Մելքոնյանը երբեք չի բնակվել, չի բնակվում այն հասցեում, որտեղ իբրեւ տեղադրվել է պայթուցիկը, հետեւաբար, հարց է առաջանում, թե ով է ուղղորդել այդ անձին՝ տեղադրել ոչ թե իրական, այլ այդ հասցեում, սակայն քննիչը չի պարզել այդ հանգամանքները, ու այստեղ նորից մի շարք հարցեր են առաջանում»,- նշում է փաստաբանը: 

Այսօր տեղի ունեցող պրոցեսները փաստաբան Մկրտիչ Դավթյանի մոտ հուշեր են արթնացնում հեռավոր 1994 թվականի դեկտեմբերի իրադարձությունների հետ կապված, երբ մի մռայլ ձմեռային օր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀՅԴ-ն, որպես կուսակցություն, արգելվում է։ «Իշխանությունները, տեսնելով ՀՅԴ-ի պայքարի մղումները, գտել է կուսակցությունից ազատվելու տարբերակը: Ըստ էության, այս շինծու գործով համ կազատվեն խորհրդարանական ընդդիմությունից, որտեղ գերակշռում է Դաշնակցությունը, եւ կուսակցությունից, որն այս իշխանության վախերի պատճառն է դարձել: Ամենազավեշտալին գիտե՞ք որն է, որ Գագիկ Սարգսյանին կալանավորել են մի խռովյալ ՔՊ-ականի ցուցմունքի հիման վրա, այո, այո…. Այժմ այդ երդվյալ ՔՊ-ականը որոշել է հավատարմության երդում տալ ՔՊ-ին: Նա է այս շինծու գործի ցուցմունք տվողը: Մեկը, ով եղել է ՔՊ-ական, հետո որոշել է դառնալ ընդդիմադիր, իսկ այժմ ՔՊ-ին ցույց է տալիս իր հավատարմությունը»,- ասում է զրուցակիցս։ 

Փաստաբանը նաեւ նշեց, որ իր պաշտպանյալ Գագիկ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալուց. «Արդարադատությունը կարող է կանխել այս ապօրինությունը, բայց տեսնում ենք լրիվ այլ բան: Այս ապօրինությունների վերջը կարող է դնել նաեւ մեր ժողովուրդը` այնպես, ինչպես 2018 թվականին, երբ փողոց դուրս եկավ»: 
Դաշնակցական պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ, մեզ հետ զրույցում անդրադառնալով թեմային, ասաց. «Ես դեռեւս չեմ խոսել փաստաբանի հետ, եթե նման պնդում է արել, բնականաբար, ունի հիմքեր, եւ նրա խոսքը պետք է ընդունել որպես հիմք»: