Էրդողանն հերթական անգամ փորձում է «ջուր պղտորել»՝ այս անգամ Ուկրաինական ուղղությամբ

Էրդողանն հերթական անգամ փորձում է «ջուր պղտորել»՝ այս անգամ Ուկրաինական ուղղությամբ

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կրկին ակտիվացել է։ Ղազախստանյան անկարգություններից հետո, որոնք որոշ վերլուծաբաններ գնահատեցին որպես «թյուրքական աշխարհի թաղումը» եւ Ռուսաստանի կողմից հետսովետական տարածքի այդ հատվածի «նայողի» դերի վերականգնումը, Թուրքիայի «անհանգիստ» եւ «անդադրում» նախագահը կրկին ակտիվության նշաններ է ցույց տալիս, ամեն գնով փորձելով ինքն իր հանդեպ ստեղծել իմիջ, թե հանդիսանում է տակտիկական դիվանագիտա-քաղաքական մանեւրների վարպետ։ Այն, որ Էրդողանը այս գիծը վաղուց է առաջ մղում, հայտնի էր վաղուց։ Ի վերջո, հասկանալի էր, որ նեոօսմանական հովերով տարված, նա փորձում է անել հնարավորը, որպեսզի իր երկիրը երկրորդ կամ երրորդ էշելոնից դուրս բերի «մեծ քաղաքականության առաջին դիվիզիոն»։

Էրդողանի գիծը պարզ է, նա ակտիվանում է այն դեպքում, երբ մյուս խաղացողների մոտ ինչ որ խնդիրներ են առաջանում որեւէ հարցի հետ կամպված, կամ անհարթություններ ու փորձում է մտնել խաղի մեջ՝ ինքնամատուցվելով ու այդ կերպ փորձելով մնալ «ջրի վրա»։ Այդպիսին էր իրավիճակը Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների արանքում մանեւրելիս։ Երբ Անկարան խնդիրներ է ունենում Վաշինգտոնի հետ, սկսում է դրեյֆել դեպի Մոսկվան, ասես հասկացնելով ամերիկացիներին, որ կարիք չկա Անկարայի հետ վիճել, քանի որ հնարավոր է Անկարան էլ դրա ազդեցությամբ ավելի սերտ բարեկամանա հակառակ կողմում գտնվող գլոբալ ուժի հետ։ Երբ ռուսների հետ հարաբերություններում են խնդիրներ ի հայտ գալիս, ապա նա միանգամից հիշում է ՆԱՏՕ-ին եւ ԱՄՆ-ին ու նրանցից է խնդրում օգնություն, ինչպես դա եղավ Իդլիբում վերջին բախումների ժամանակ։ Ուշագրավ է այն, որ թուրքական փորձագիտական հանրույթում են նույնիսկ սկսել խոսել, որ այս տակտիկան արդեն սպառել է իրեն, քանի որ ի վերջո եւ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը առաջին հերթին սեփական շահերով են առաջնորդվում եւ առանձնապես ուշադրություն չեն էլ դարձնում մի բեւեռից մյուսը պարբերաբար նետվող Էրդողանի աշխարհաքաղաքական հավակնություններին։

Օրինակ, ամերիկացի շատ վերլուծաբանների համար մինչեւ հիմա դեռ անհասկանալի է, թե Պուտինը ինչ շահեր ուներ, որ որոշեց աջակցել Էրդողանի առաջարկած Հարավ-Կովկասյան համագործակցության «3+3» ֆորմատը։ Անհասկանալի է նաեւ Անկարայի միջնորդական ջանքերը բալկանյան ուղղությամբ, որտեղ ուժեղ են ամերիկյան եւ եվրոպական ազդեցությունները։ Շատերը սա որակում են որպես «Նոր-Օսմանյան կայսրության» վերստեղծման փորձ, սակայն իրականում Թուրքիան ընդամենը փորձում է իր դիրքերն ամրապնդած լինել թե հարեւանների հետ հարաբերություններում եւ թե ավելի հեռու գոտիներում։ Էրդողանի մանեւրայնությունը բավական դիպում է նկարագրել լեհական Gazeta Polska Codziennie պարբերականը, նշելով, որ այդ տակտիկան լիովին համահունչ է Մոցարտյան սցենարին՝ նախ հնչում է «Թուրքական քայլերգը», ապա ամեն բան հետ է գնում եւ վերադառնում իր հանգիստ ելակետային վիճակին։ Նմանատիպ մի բան էլ ըստ ամենայնի պետք է սպասել հիմա, երբ Անկարան ակտիվացման նշաններ է ցույց տալիս Ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։

Սակայն այստեղ կա մի նրբերանգ։ Էրդողանն այս անգամ որոշել է խաղի մեջ մտցնել «փոքր եղբորը»՝ Իլհամ Ալիեւին, ով ի դեպ վերջերս այց էր կատարել Կիեւ։ Նախ նա հայտարարում է, որ Ուկրաինական իրադրությունը քննարկելու է Ալիեւի հետ, հետո արդեն խոսում է այն մասին, որ հրավիրելու է Պուտինին եւ Զելենսկուն Անկարա, որպեսզի պարզ ժողովրդական լեզվով ասած՝ «տնավարի նստեն խոսեն ու կարգավորեն ունեցած խնդիրները»։ Ալիեւը կարծես թե դեմ չէ այդ խաղի մեջ ներգրավված լինելուն եւ կուրացած իր «հաղթանակով» որոշել է, որ ինքը արդեն իր հերթին «մեծ քաղաքականության» մասնակից է եւ շտապել է զանգահարել Կրեմլ ու Ռուսաստանի նախագահի հետ խոսել նաեւ Ուկրաինական իրադրությունից։ Թե ինչ կլինի այս ամենի վերջը, իհարկե պարզ է ու հասկանալի, ինչի մասին արդեն նշել էր վերոհիշյալ լեհական պարբերականը, օրինակ բերելով «Թուրքական քայլերգի» Մոցարտյան սցենարը, որովհետեւ Մոսկվան հաստատ թույլ չի տա Անկարային խցկվել մի խնդրի մեջ, որը ուղիղ կարող է կապ ունենալ Ղրիմի հետ, իսկ դա արդեն Ռուսաստանի համար «կարմիր գիծ» է, որքան էլ Էրդողանը փորձի «ջուր պղտորել»՝ Ուկրաինական ճգնաժամի մեջ ինչ որ կերպ իր ներգրավումով։