Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը միայն ցեմենտի պետտուրքի հարցը չի քննարկվել

 Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպմանը միայն ցեմենտի պետտուրքի հարցը չի քննարկվել

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը իշխանության եւ ԲՀԿ-ի միջեւ վերջին շրջանում փոխհրաձգությունների առիթ է դարձել։ Երեկ ԲՀԿ-ն «զադնի դրեց»՝ հայտարարելով, որ չի մասնակցի խնդիրը քննարկելու նպատակով ձեւավորվելիք աշխատանքային խմբի քննարկումներին։ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովը երեկ արտահերթ նիստ էր հրավիրել՝ խումբը ձեւավորելու համար, որպեսզի մինչեւ նախագծի երկրորդ ընթերցումը համակողմանի քննարկումների արդյունքում գան ընդհանուր հայտարարի եւ հասկանան՝ հարկո՞ւմ են ներմուծվող ցեմենտի հումքը, թե՞ աջակցում են հայրենական արտադրողներին, սակայն հանձնաժողովի ԲՀԿ-ական պատգամավորներ Արտյոմ Ծառուկյանը եւ Արթուր Դալլաքյանը ձեռնպահ քվեարկեցին որոշմանը։

Նիստին մասնակցելու եկած Միքայել Մելքումյանը համառոտ ներկայացրեց իրենց դիրքորոշումը՝ ասելով, որ չեն մասնակցի աշխատանքային խմբի քննարկումներին, սակայն ցանկացած որոշում իրենց համար ընդունելի կլինի. «Որեւէ խնդիր պարոն Ծառուկյանի անձնական շահերի հետ որեւէ կապ չունի»:  ԱԺ-ում Գագիկ Ծառուկյանի ունեցած ելույթն էլ նա մեկնաբանեց, թե Ծառուկյանը հարգել է կոլեկտիվի կարծիքը, մասնակցել է, ներկայացրել է կոլեկտիվի դիրքորոշումը. «Իր մասնակցությունը բխել է հենց կոլեկտիվի նկատմամբ պատասխանատվությունից: Ինչ էլ որոշեք, դա լինելու է «Իմ քայլի» պատասխանատվությունը»։ Այս հայտարարությունից հետո ԲՀԿ-ական պատգամավորները միասնաբար լքեցին հանձնաժողովի նիստը՝ բացատրելով, թե  ցեմենտի հարցի քննարկմանը չեն ցանկանում մասնակցել։ 

Հիշեցնենք․ երբ շրջանառության մեջ դրվեց սույն նախագիծը, հայտնի դարձավ, որ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտի» ղեկավարությունը մոտ 1200 աշխատողի ծանուցում է ուղարկել այն մասին, որ հունիսից այլեւս չեն աշխատելու, քանի որ կլինկերի չհարկվելու դեպքում գործարանը, որը ոչ թե ցեմենտի հումքի վրա է իր արտադրությունն իրականացնում, այլ կրաքարի, տուժելու է։ Գործազրկության բոթը ստացած աշխատակիցներն էլ եռօրյա ցույցեր կազմակերպեցին, ի վերջո, Ծառուկյանը հորդորեց պատռել ծանուցագրերը, եւ նրանք հանդարտվեցին։ Ապա տեղի ունեցավ Ծառուկյան-Փաշինյան հանդիպումը, որից հետո ԲՀԿ-ականները հայտարարեցին, որ ինչ լուծում էլ ընտրվի վերջնական քննարկումների արդյունքում, իրենք դա կընդունեն ի գիտություն։ Թե ինչու հիմա ԲՀԿ-ականները չեն ցանկանում ընդգրկվել աշխատանքային խմբում, երեկ փորձեցինք պարզել տնտեսական հարցերի հանձնաժողովի ԲՀԿ-ական պատգամավոր Արտյոմ Ծառուկյանից։

- Պարոն Ծառուկյան, դուք ձեռնպահ եք, որ խումբ ստեղծվի, ինչո՞ւ, եւ ո՞րն է հիմնավորումը, որ չեք պատրաստվում մասնակցել խմբի աշխատանքներին։

- Այո, մենք ձեռնպահ ենք եւ չենք մասնակցելու քննարկումներին։ Հույս ունենք, որ այս ամենը դրական միտում կունենա եւ նոր լիցք կհաղորդի հանձնաժողովին, նաեւ հանրության այն հատվածին, որ մեղադրանքներ էին հնչեցնում, նաեւ այս ֆեյքային գրոհին, որն առկա է մամուլում։ Ես իմ անունից ասեմ․ երեւի թե որոշում կայացնեմ այն լրատվամիջոցներին այլեւս հարցազրույց չտամ, որոնք իրենց էջերում շարունակաբար ֆեյքերի վիրավորանքները պահում են, անզեն աչքով էլ պարզ է, որ դա ֆեյքերի գրոհ է՝ ուղղորդված ինչ-որ կենտրոնից։ Ինչ վերաբերում է աշխատանքային խմբին, ապա դուք տեսաք, որ լիագումար նիստին բուռն քննարկեցինք, հիմա թող որոշեն։ Ինչ որ կորոշեն, մենք ձեռնպահ ենք մնում այս պահին այդ քննարկումներից։

- Այսինքն՝ ֆեյքերի գրոհից խուսափելու համա՞ր եք ձեռնպահ մնում, թե՞ ուրիշ պատճառով։

- Իհարկե, ոչ, ես շեշտեցի, որ ֆեյքերի մասն իմ անձնական մոտեցումն է։ Մենք  ձեռնպահ ենք մնում, իսկ պարոն Ծառուկյանի մասով միջամտությունը կրում էր զուտ այն բնույթը, որ մարդիկ 3 օր անձրեւի տակ շուրջօրյա նստացույց էին անում, եւ այդ լարվածությունը, մարդկանց խնդիրները, պրոբլեմները․․․ պարոն Ծառուկյանը՝ որպես մարդ, իր տեսակով չէր կարող անտարբեր մնալ, այնտեղ գնալու միակ պատճառը եղել է դա։ Ինչ վերաբերում է մյուս հատվածին՝ կլինկերի չհարկում, ցեմենտ եւ այլն, թող որոշեն՝ որ մոտեցումն իշխող ուժը ճիշտ է համարում, թող այդպես էլ անեն, պատասխանատվությունն ամբողջությամբ իրենց վրա է։

- Այսինքն՝ չեք մասնակցում, որպեսզի չշարունակեն ձեզ մեղադրել, թե անձնական շահի նպատակով եք քննադատում։

- Պարոն Մելքումյանի հայտարարությունը շատ հստակ է, եւ նա ասաց, թե ինչու չենք մասնակցելու։ Այո, չենք մասնակցում, որ չասեն, թե ինչ-որ մի ընկերության շահն ենք սպասարկում, մեր խնդիրը ոչ թե իքս ընկերության շահն է, այլ ընդհանրապես տեղական արտադրողների պաշտպանությունը՝ անկախ նրանից, թե ով է սեփականատերը։ Մենք այս պահին ավելորդ խոսակցություններից զերծ մնալու համար ուղղակի չենք մասնակցի։ 

- Եթե քաղաքական մեծամասնությունը չփոխի որոշումը, եւ կլինկերի վրա պետտուրք չգործի, «Արարատ ցեմենտ» գործարանի աշխատակիցների հետագա զբաղվածության հարցն ի՞նչ է լինելու, ի վերջո, իրենք դրա համար էին ցույցեր անում։

- Դուք հարցն այնպես եք տալիս, որ ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ «Արարատ ցեմենտ» գործարանի տնօրենն եմ կամ այնտեղի աշխատող։ Ես ո՞նց կարող եմ այդ հարցին պատասխանել, երբ այդ տվյալներին չեմ տիրապետում։ Ես ընդամենը մի բան գիտեմ, որ ամբողջ պատասխանատվությունը՝ հարկվելու-չհարկվելու, թող ուսումնասիրեն, վերլուծեն, հասկանան որն է մեր երկրի համար ավելի ճիշտ որոշում, այդ մոտեցումներով էլ շարժվեն առաջ։ 

- Բաբկեն Թունյանի համար անհասկանալի է ձեր խմբակցության բարձրացրած աղմուկը, նա հայտարարում է, որ մինչ օրս կլինկերի վրա պետտուրք չի գործել, ու, ըստ էության, փոփոխություն չեն անում, ինչի՞ց է առաջացել ձեր մտահոգությունը։

- Եթե հարցը տայիք մինչեւ մեր հայտարարությունը, որ չենք մասնակցելու խմբի քննարկումներին, գուցե պատասխանեի, բայց հիմա չեմ ուզում պատասխանել, մենք հիմա կսպասենք, տեսնենք՝ ինչ որոշում կընդունեն, հուսով ենք, որ լայն շրջանակներ կներգրավվեն, տեղական արտադրողներ եւ այլն, վերջում մենք մեր հայտարարությունը կանենք։

- Բայց դուք մի ամբողջ քառօրյա աղմուկ էիք բարձրացրել, հիմա եթե պետտուրք չի եղել ու չի լինելու, ի՞նչ է փոխվել, որ դժգոհ եք։

- Ես չեմ ցանկանում մեկնաբանություն անել, մենք պահելու ենք նեյտրալությունը, կսպասենք՝ թող քննարկումներն իրենք անեն։ Ամբողջ պատասխանատվությունն իրենց ձեռքերում է՝ ե՛ւ տեղական արտադրողներին պաշտպանելը, ե՛ւ ներմուծողի շահերն առաջ տանելը, ե՛ւ թվերի մասով ամեն ինչին իրենք տիրապետում են։

- Բայց «Արարատ ցեմենտի» հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչները բազում մեղադրանքներ են հնչեցնում, ինքնարժեքի հետ կապված, որ ուռճացված է ներկայացվում, ընդհանրապես գործարանի գնման հետ կապված եւ այլն․․․

- Շատ բաներ են ասում, բայց ասածի տակ պետք է հիմնավորում լինի։ Դուք էլ լրագրող եք, կմասնակցեք խմբի աշխատանքներին, կտեսնեք՝ ինքնարժեքն ինչքան է, մնացած ծախսերն ինչքան են։

- Նիկոլ Փաշինյանի հետ Ծառուկյանի հանդիպումն ի՞նչ նպատակ էր հետապնդում, եւ կարո՞ղ ենք ասել, որ հարցին լուծում չի տրվել։

- Մանրամասներն ինձ հայտնի չեն այդ հանդիպման, բայց ե՛ւ տիկին Տոնոյանն է մեկնաբանել, ե՛ւ վարչապետի մամուլի խոսնակը։ Այնտեղ չի քննարկվել միայն ցեմենտի պետտուրք կիրառելու մասով, այլ բազմաթիվ ներդրումային հարցեր եւ այլ տնտեսական հարցեր։