Ամենակարևորը՝ հաղթել է ադրբեջանցուն. Ջրափիի 7-ամյա հերոսը

Ամենակարևորը՝ հաղթել է ադրբեջանցուն. Ջրափիի 7-ամյա հերոսը
Ամենակարևորը՝ հաղթել է ադրբեջանցուն. Ջրափիի 7-ամյա հերոսը
Ամենակարևորը՝ հաղթել է ադրբեջանցուն. Ջրափիի 7-ամյա հերոսը

7-ամյա Հովհաննեսը Շիրակի մարզի Ջրափի գյուղից է: Այս օրերին գյուղի հերոսը նա է: Օրեր առաջ Թեհրանից վերադարձել է հաղթանակով: Համագյուղացիները հպարտանալու տեղ ունեն. ամենակարևորը հաղթել է ադրբեջանցուն: Հովհաննեսի մայրը՝ Անի Նալբանդյանը, նշում է, որ Ջրափիում մարզադպրոց չկա, երեխաների զբաղմունքը սահմանափակ է: Ջրափիի դպրոցի տնօրենը դպրոցի մարզադահլիճն է տրամադրել դրսից եկած մարզիչին: Շաբաթական մի քանի անգամ մարզիչ Ժիրայր Մինասյանը, 70կմ տարածություն կտրելով, Մարալիկից Ջրափի է գալիս՝ մարզելու սաներին:

Անին պատմում է, որ որդիների առօրյան բազմազբաղ դարձնելու նպատակով  կարատեի պարապմունքների ուղարկեց, եւ այսքան կարճ ժամանակում կրտսեր որդու կողմից նման հաջողությունների ակնկալիքներ անգամ չուներ: «Այս տարվա մայիս ամսից է պարապմունքների հաճախել, հասցրել է մասնակցել տարբեր մրցումների: Միջազգային մրցումներին գրավել է 2-րդ տեղը: Իսկ դեկտեմբերի 13-14-ին Թեհրանում կայացած մրցույթում իրենից 2 տարի մեծ հակառակորդների հետ է մրցագորգ դուրս եկել»,-հպարտությամբ ասում է մայրը՝ ընդգծելով, որ մրցումներին ծնողները ներկա չեն եղել եւ անհամբերությամբ սպասել են մարզիչի զանգին: Ամենից սպասվածը ադրբեջանցու հետ մրցելույթն էր:

Հովհաննեսը, հաղթելով Ադրբեջանի եւ Վրաստանի ներկայացուցիչներին, կիսաեզրափակչում միայն զիջել է պարսիկին՝ գրավելով 3-րդ պատվավոր տեղը: Մեր դիտարկմանը, թե հյուընկալող երկրի մարզիկների նկատմամբ մարզիչները կողմնապահություն են դրսևորել, Հովհաննեսն անկեղծորեն պատասխանեց. «Ոչ, չի եղել, պարզապես ես հոգնած էի ու ամենափոքրն էի»:Փոքրիկ սպորտսմենի մայրը նկատում է, որ Հովհաննեսը չափազանց նպատակասլաց է: Որդուն ոգևորում է այն, որ կարատեն այլևս օլիմպիական սպորտաձև է, եւ ապագայում պայքարելու է օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար: Մայրը հիշեցնում է.« Հովհաննեսս, չնայած զբաղվածությանը,  դասերից ետ չի ընկնում, սովորում է գերազանց»: