Հունվարի 14-ին Աժ-ը կսկսի իր աշխատանքը

Հունվարի 14-ին Աժ-ը  կսկսի իր աշխատանքը

Կոտայքի մարզից ընտրված 4 պատգամավորներից միայն Սասուն Միքայելյանն է աշխատել օրենսդիրում: Նորընտիր պատգամավոր Վահե Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ պատգամավոր կլինի ԱԺ-ում, ակտիվ կաշխատի, թե՞ կոճակ սեղմողի դերում կլինի, Հովհաննիսյանն, ասաց, որ հարցը համարում է ոչ կոռեկտ, հետևաբար չի պատասխանի մեր հարցերին: 

Նույն հարցերը ուղղեցինք նաեւ մարզի մյուս նորընտիր պատգամավոր՝ Վաղարշակ Հակոբյանին. «Կարծում եմ՝ անցել են այն ժամանակները, որ պատգամավորների հիմնական աշխատանքը եղել է կոճակ սեղմելը: Աշխատանքս օրենսդիրում լինելու է ակտիվ, պատրաստվում եմ հանդես գալ տարբեր օրենսդրական նախաձեռնություններով, որոնք փոփոխություն կբերեն հասարակության կյանքում: Վստահաբար կարող եմ ասել, որ հեղափոխությունը արդեն հասել է խորհրդարան և այն առաջ տանելու համար հարկավոր է մեր՝ բոլորիս ամենօրյա աշխատանքը»:

-Պարո´ն Հակոբյան, ի՞նչ է տալիս Ձեզ պատգամավորական մանդատը:

Պատգամավորական մանդատը ինքնին պարտավորեցնող է, քանի որ ես հանդես եմ գալիս հազարավոր մարդկանց անունից: Այն լիազորություն է, որը պետք է օգտագործել բացառապես հասարակության կյանքը բարելավելու համար:

-Ի՞նչ եք խոստացել Ձեզ ընտրողներին: Առաջիկայում կա՞ որեւէ նախագիծ, որով հանդես կգաք, ի նպաստ մարզի բնակիչների:

-Ամբողջ քարոզարշավի ընթացքում ներկայացրել եմ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրը, ներկայացրել եմ մեր թիմի առաջնահերթությունները, իմ և, բնականաբար թիմիս անունից խոստացել եմ այդ կետերի իրականացման համար անել ամեն ինչ: Որպես պատգամավոր արդեն ուսումնասիրել եմ որոշակի իրավական ակտեր, որոնք, վստահաբար, պետք է ենթարկվեն փոփոխության: Առաջիկայում ոչ միայն մեր, այլև բոլոր մարզերի բնակիչները կհամոզվեն, որ մեր թիմի կողմից բերած փոփոխությունները լինելու են ի նպաստ իրենց բարօրության:

-Ասում են ապրում ենք Նոր Հայաստանում: Ի՞նչ տարբերություն կա Հին ու Նոր Հայաստանի միջեւ: 

-Տարբերությունները շատ են։ Նոր Հայաստանում օրենքի առաջ հավասար են բոլորը, սա նոր Հայաստանի կարևոր փոփոխություններից մեկն է: Նոր Հայաստանում գործարարությամբ կարող են զբաղվել բոլորը, մոնոպոլիաներ և հովանավորյալներ չկան և այլն: Այս շարքը բավականին երկար կարելի է շարունակել: 

-Առաջին աշխատավարձը ինչի՞ վրա եք ծախսելու:

-Դեռ չեմ որոշել, բայց, կարծում եմ, որ այն չի տարբերվելու իմ նախորդ աշխատավարձերից: