«Հրապարակ». Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության մասին

«Հրապարակ». Ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության մասին

Ազգային ժողովի 2014 թվականի հունիսի 11-ի նիստում Նիկոլ Փաշինյանն այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունն անվանում էր «Հայաստանի պատմության ամենասկանդալային կառավարություն»՝ վկայակոչելով այն դեպքերի ու իրադարձությունների «թոփ տասնյակը», որը, ըստ Փաշինյանի, Տիգրան Սարգսյանի կառավարությունը դարձնում էր ամենասկանդալայինը։ «Ինչպիսի՞ն էր Տիգրան Սարգսյանի կառավարությունը: Թույլ տվեք արձանագրել, որ դա 3-րդ հանրապետության ամենասկանդալային կառավարությունն էր՝ ամենասկանդալային վարչապետով: Այդ կառավարության թույլ տված սխալներն այնքան շատ են, որ նույնիսկ հնարավոր չէ դա մեկ ելույթում տեղավորել, ուստի առավել կարեւորները հիշատակելու համար ես Տիգրան Սարգսյանի կառավարության թույլ տված սկանդալների հիթ շքերթ եմ կազմել եւ այժմ կփորձեմ ձեզ ներկայացնել դրանց թոփ տասնյակը»,- հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը։  

Տեսնենք, թե Տիգրան Սարգսյանի ամենամեծ «մեղքը» որն էր համարում Փաշինյանը․ «Տիգրան Սարգսյանի՝ 2008 թվականի հոկտեմբերի 22-ին, ԱԺ հարցուպատասխանի ժամանակ արած հայտարարությունն է, երբ պատգամավոր Արտակ Դավթյանի հարցին ի պատասխան նա առաջարկեց տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի մի զարմանալի մեթոդ, ասեց` հնարավորինս քիչ խոսել ճգնաժամի մասին կամ այն աղետի մասին, որ մեզ սպասվում է: Ինչքան շատ դրա մասին խոսենք, այնքան հավանականությունը, որ այդ ճգնաժամը կլինի, մեծանում է: Ինչո՞ւ է այս հայտարարությունը սկանդալային, որովհետեւ 2008 թվականի հոկտեմբերի 22-ին, երբ ճգնաժամն արդեն մտել էր մարդկանց տները, երկրի վարչապետը դեռ հույս ուներ, որ հնարավոր է դա շրջանցել, եւ դրա համար առաջարկում էր ինչ` չխոսել դրա մասին: Արդյունքում ՀՀ-ն 2009 թվականին արձանագրեց 14.8 տոկոսի տնտեսական անկում՝ այս ցուցանիշով 2-րդ տեղը զբաղեցնելով աշխարհում»:

Եթե Տիգրան Սարգսյանն առաջարկում էր չխոսել տնտեսական ճգնաժամի մասին, ապա Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները 3 տարի շարունակ հանրությանն առաջարկում էին չխոսել մեր պարտության ու զիջումների մասին` Ադրբեջանին արված։ Օրինակ՝ առաջարկում էին չխոսել Արցախի հայաթափման վտանգի մասին՝ ասելով, որ Արցախն Ադրբեջանի կազմում ապագա ունի, իսկ երբ Արցախը հայաթափվեց, այժմ էլ հանրությանը նախատում են, թե պետք չէ խոսել «Զանգեզուրի միջանցքի», Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգների մասին: Կար ժամանակ, երբ Փաշինյանն ասում էր` ինչ էլ պատահի, եկեք պայմանավորվենք, որ մեզ պարտված չենք համարելու։ Առավել եւս` վրդովվում էր, երբ իրեն հողատու, կապիտուլյանտ էին անվանում: Իսկ Տիգրան Սարգսյանն ընդամենը ասում էր` եկեք քիչ խոսենք ճգնաժամի մասին:

Նույն ելույթում Փաշինյանը խոսում է Հրայր Թովմասյանի հայտարարությունների մասին․ «Հրայր Թովմասյանի 2014 թվականի փետրվարի 19-ին թույլ տված հայտարարությունը, երբ նա խորհրդարանի 1/3-ի հասցեին ասաց` «ղալաթ են անում»: Ընդ որում, սա ասում էր այն պարագայում, երբ 1/3-ը փորձում էր կամ ուզում էր իրացնել իր սահմանադրական լիազորությունը: Եվ սա ասում էր մի կառավարություն, որը ժամանակ առ ժամանակ խոսում էր քաղաքական նոր կուլտուրայի զարգացման մասին, ընդ որում, մինչ օրս որեւէ պատշաճ ափսոսանքի խոսք այդ մասին չի հնչել»:
Փաշինյանը, հավանաբար, այդ ժամանակ չէր էլ ենթադրում, որ տարիներ անց ոչ միայն խորհրդարանի 1/3-ին, այլեւ ողջ ընդդիմությանն ու հանրային տարբեր խմբերի ինքը կանպատվի ամենավերջին բառերով, ընդդիմությանը կսպառնա ասֆալտ ուտեցնել ու բորդյուր լիզել տալ, հոգեւորականներին կանվանի կոռումպացված, դատավորներին` վնգստացող եւ ... ոչ մի ափսոսանքի խոսք հետո չի հնչեցնի։

Տիգրան Սարգսյանի մյուս մեղքը «հարբած վիճակում հայտնվելն էր հանրության առաջ: Դա տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 11-ին, Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ: Այստեղ ի՞նչն է պրոբլեմը: Պրոբլեմը ոչ թե այն է, որ... ալկոհոլ օգտագործելու մեջ որեւէ կրիմինալ չկա, բայց եթե մարդն ի վիճակի չի գնահատել իր անձնական վիճակը, թե ինչ վիճակում է նա գտնվում, ինչպե՞ս էինք մենք նրանից ակնկալում, որ նա կարող է գնահատել երկրի տնտեսության վիճակը: Ընդ որում, հետաքրքիր բան․ Տիգրան Սարգսյանն այդպես էլ մինչեւ վերջ չխոստովանեց, որ ինքը եղել է հարբած, չնայած այդտեղ քննարկելու բան չկար, ամեն ինչ պարզ էր, հաստատ եւ ակնհայտ: Սա ցույց է տալիս հանրության նկատմամբ վերաբերմունքի մասին»,- ասել էր Փաշինյանը։

9 տարի անց՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթեր էր մտել, եւ եթե Տիգրան Սարգսյանը ենթադրյալ հարբած վիճակում հայտարարում էր, որ «ունենք հաջողություններ շախմատի ոլորտում», ապա Նիկոլ Փաշինյանը կապիտուլյացիոն պայմանագրի կնքումից հետո սպառնում էր` «եկել է քաղաքացու վրեժի ժամանակը»։  Հետո էլի եղան դեպքեր, երբ նրա` ալկոհոլ օգտագործած լինելը շատերն արձանագրեցին, բայց նա այդպես էլ «չխոստովանեց», որ եղել է հարբած, եւ այդ վիճակում բազում կասկածելի հայտարարություններ արեց։

Այդ նույն ելույթում, թվարկելով Տիգրան Սարգսյանի ենթադրյալ հանցանքները, Փաշինյանը նաեւ արագաչափերին էր անդրադարձել․ «Ասել եմ, բայց էլի կարծում եմ, որ արժե կրկնել, որ 2 տարվա ընթացքում այս գործիքը, այս որոշումը ՀՀ քաղաքացիների վրա դրել է լրացուցիչ 11 միլիարդ դրամի բեռ: Այս տարի գուցե այդ բեռն արդեն կհասնի 20 միլիարդ դրամի: Ի՞նչ է նշանակում այս բեռը: 11 միլիարդ դրամ, որ մարդիկ նախկինում օգտագործում էին իրենց երեխաներին կոշիկ առնելու, հագուստ առնելու, իրենց ընտանիքի բարեկեցությունն ապահովելու, հանգստանալու, ուղղակի սնվելու համար, հիմա այս 11 միլիարդ դրամը տալիս են ոստիկանությանը, «Սիքյուրիթի դրիմ» ընկերությանը, եւ հանրային կարծիքի եւ համոզմունքի համաձայն, այդ թվում՝ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանին»:

Հետագայում հարուցված քրեական գործերով հաստատվեց, որ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը կապ չի ունեցել արագաչափերի հետ: Իսկ քաղաքացիների ուսերին դրվող բեռը Փաշինյանի իշխանության 6 տարիներին բազմապատկվել, տասնապատկվել է: Արագաչափերն ու տեսախցիկներն էլ ոչ միայն չեն հանվել, այլեւ խիստ շատացել են: Շուրջ 14 անգամ թանկացել է կարմիր գծերի տարեկան վարձը, պետական պարտքը 4 միլիարդից հասել է մոտ 11 միլիարդ դոլարի։ Բարձրացրել են գույքահարկը, տարբեր տուրքեր ու հարկեր, շուտով կբարձրացնեն տրանսպորտի ուղեվարձի գինը եւ այլն:

Եվ եթե 2014 թվականի դրությամբ կարելի էր ասել, որ Տիգրան Սարգսյանի կառավարությունը «Հայաստանի պատմության մեջ ամենասկանդալային կառավարությունն էր», ապա Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ոչ միայն ձգտում է ամենասկանդալայինը լինել երկրագնդի մակարդակով, այլեւ Հայաստանի վերջին կառավարությունը լինել։