«Հրապարակ». Չէ մի չէ` հարկատուն հերոս է, դե թող գնան՝ Արցախը հետ բերեն

«Հրապարակ». Չէ մի չէ` հարկատուն հերոս է, դե թող գնան՝ Արցախը հետ բերեն

«Հրապարակի» զրուցակիցը տնտեսագետ Վարդան Բոստանջյանն է:

- Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկատուն է: Ո՞վ է իրականում հարկատուն, եւ ի՞նչ ազդեցություն են ունենում հարկերը մեր երկրի տնտեսության վրա: 

- Մեծ հայտնագործություն չէ, որ ցանկացած երկրի պետական գործառույթների իրականացման համար ակնհայտորեն հարկեր են անհրաժեշտ: Հարկ վճարելը բոլոր երկրներում սահմանադրական բարձր ստատուս է ստացել, ինչը նշանակում է, որ ըստ քաղաքացիական օրենսգրքի` ցանկացած ֆիզիկական ու իրավաբանական անձ, ով ունի եկամուտ, պետք է հարկեր վճարի պետությանը: Դա պարտավորություն է: Պետությունն այդ հարկերով որոշակի գործառույթներ պետք է իրականացնի` անվտանգության, սոցիալական եւ այլ խնդիրներ լուծելու համար: Այս պրոցեսն անվանել հերոսություն՝ առնվազն շարունակությունն է այն մանիպուլյատիվ եւ ողորմելի հայտարարությունների, որոնք չհասկացող զանգվածի համար են: Պարզապես մեր հասարակությանը զբաղեցնելու համար տարբեր նման հայտարարություններ են անում, մարդկանց ապակողմնորոշում, եւ օրեր անց ամեն ինչ մոռացվում է: Իսկ պատճառն այն է, որ երկրի կորուստը հեշտ մարսվի: Ի՞նչ է նշանակում՝ հարկատուն հերոս է: Երկիրը պետք է լինի երկրի նման: Պետական կառույցները պետք է վերահսկվեն հստակ ձեւերով: Պետք է օրենքի գերակայություն լինի: Եթե օրենքը ճիշտ է սահմանված լինում, ամեն բան գնում է բնականոն հունով: Չէ մի չէ` հարկատուն հերոս է, դե թող էդ հերոսները գնան՝ Արցախը հետ բերեն: Բերանս չբացեմ հանկարծ….

- Իշխանությունները պնդում են, որ Հայաստանում աննախադեպ տնտեսական աճ կա: Շարքային քաղաքացիների կյանքը չի փոխվում, սակայն ասվում է, որ տնտեսությունը զարգանում է: Ի՞նչ պատկեր ունենք իրականում:

- Էդ ո՞նց է տնտեսական աճ լինում: Լավագույն դեպքում պետք է տնտեսական ակտիվության ցուցանիշի մասին խոսվի, այլ ոչ թե տնտեսության զարգացման: Դրանք տարբեր բաներ են` պայմանավորված տարբեր օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներով: Օրինակ` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն ազդեցություն են թողնում: Գալիս է փողերի հոսք, մենք փոքր երկիր ենք, միայն 2022 թվականին բանկային խողովակով մուտք գործած գումարի չափը կազմում է 5,2 տասնորդական միլիարդ դոլար: Մի փոքր երկրում այդքան գումար է մտել, սա տնտեսական ակտիվություն է, իսկ տնտեսական աճն ապահովում է արդյունաբերությունը, ինչը մեր երկրում չկա, գյուղատնտեսությունը, որը նույնպես Հայաստանում գոյություն չունի: Իբր ամեն անկյունում սնկի նման շենքեր են բուսնում, բայց դա էլ չես կարողանում հասկանալ` ի՞նչ միջոցներով է: Ի վերջո` ի՞նչ նպատակով: Տնտեսության կառուցվածքը ողորմելի է: Գերակայում է միայն առեւտուրը, բայց երկիրը չի կարող միայն առեւտրով տնտեսական աճ ունենալ: Մի խոսքով` չկա տնտեսական աճ: