ԲԴԽ-ն կաթվածահար է արել համակարգի աշխատանքը

ԲԴԽ-ն կաթվածահար է արել համակարգի աշխատանքը

Բարձրագույն դատական խորհուրդը կրկին կաթվածահար է արել դատական իշխանության գործունեությունը։ Բանն այն է, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ չի գործում դատական դեպարտամենտի ենթակայության ներքո գործող «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը։

Նշենք, որ այս համակարգում են տեղադրվում դատաքննության փուլում գտնվող բոլոր քրեական գործերը, քաղաքացիական, վարչական վարույթները, սնանկության գործերը, դատարանների որոշումները և այլն: Եւ այս համակարգը աշխատանքային կարևոր նշանակություն ունի դատական իշխանությանն առնչություն ունեցող ցանկացած անձի համար։ Փաստաբանական համայքն էլ արդեն ահազանգում է, որ կայքի չաշխատելու հետևանքով իրենք ուղղակի չեն կարողանում աշխատել։ Փաստաբաններից մեկը մեզ հետ զրույցում ասաց, թե ինչ նշանակություն ունի այս հարթակն իրենց աշխատանքում․

«Նախ իմ և մեր գրասենյակի կողմից վարվող գործերի ընթացքին հետևելու տեսանկյունից է «Դատալեքսի» աշխատանքը կարևոր, դատական նիստերի վերաբերյալ տեղեկություններ ստանալու, այլ գործերով տեղեկատվություն ստանալու․․․, շատ- շատ մեծ նշանակություն ունի, նույնիսկ դատարաններում հիմա առձեռն հայց չեն ընդունում, քանի որ եթե «Դատալեքսը» չի աշխատում, չեն կարողանում լրացնել։ Այ, այսպիսի մեծ խնդիրներ են առաջացել։ Պետական մարմինները չեն կարողանում տեղեկատվություն ստանալ, և, օրինակ, կադաստրի դիմումները, որոնք կապված են առկա դատական գործերի հետ, չեն ստացվում»,- ասաց փաստաբանը։

ԲԴԽ-ից փորձեցինք հասկանալ, թե ինչու կայքը չի աշխատում և երբ կվերականգնվի, մեզ փոխանցեցին, որ տեխնիկական աշխատանքներ են տարվում, շուտով կաշխատի։