Վրաստանի կառավարությունը կվճարի բնակիչների ձմեռային կոմունալ ծախսերը

Վրաստանի կառավարությունը կվճարի բնակիչների ձմեռային կոմունալ ծախսերը

Վրաստանի կառավարությունը հայտարարել է, որ կվճարի բնակիչների ձմեռային սեզոնի՝ չորս ամսվա, կոմունալ ծախսերն էլեկտրաէներգիայի եւ բնական գազի համար։ Այս մասին հայտնում է «Sputnik»-ի վրացական ծառայությունը, հավելելով, որ հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան։

Ըստ այդմ, կորոնավիրուսային համավարակի բերած ճգնաժամի դեմ պայքարի ծրագրի երկրորդ փուլում վրացական կառավարությունը վճարելու է բնակչության նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար եւ փետրվար ամսվա կոմունալ վճարները /էլեկտրաէներգիա, բնական գազ եւ այլն/։

Ընդ որում, կվճարվի այն քաղաքացիներինը, որոնք ամսական օգտագործում են մինչեւ 200 կՎտ/ժամ էլեկտրաէներգիա մինչեւ 200 խորանարդ մետր գազ, այդ թվում` ջրի եւ մաքրման վճարները: Գախարիան շեշտել է, որ սա նվազագույնն է, ինչով կառավարությունն այսօր կարող է աջակցել բնակչությանը։

Ի դեպ, ըստ հաշվարկների, այն բաժանորդների թիվը, ովքեր ամսական 200 կՎտ-ից պակաս էլեկտրաէներգիա են սպառում, 1.2 միլիոն է, պետությունը 17 միլիոն լարի (5.3 միլիոն դոլար) կհատկացնի` այդ քաղաքացիների կոմունալ ծախսերը վճարելու համար: Բացի այդ, Վրաստանում նաեւ 670 հազար բաժանորդ կա, ովքեր ամսական մինչեւ 200 խորանարդ մետր բնական գազ են սպառում: Նրանց կոմունալ ծախսերը մարելու համար պետությունը 27 միլիոն լարի (գրեթե 8.4 միլիոն դոլար) կհատկացնի:

Նշենք, որ կորոնավիրուսի տարածվելուց հետո Վրաստանի կառավարությունն արդեն 3-րդ անգամն է, որ կվճարի բնակիչների կոմունալ ծախսերը: