Ո՞վ է գրողը Հայաստանում, եթե կուսակցական չէ, քծնող չէ․ Հայուհի Սուսաննա
Այսօր գրողների միջազգային օրն է, եւ մինչ համացանցը ողողված է շնորհավորանքներով, «Համահայկական գրողների միության» անդամ, մի շարք գրքերի հեղինակ, բանաստեղծուհի Սուսաննա Ղազարյանը՝ Հայուհի Սուսաննան, անդրադառնալով գրողի առաքելությանը, նկատում է, որ 18 տարի է, ինչ այդ ասպարեզում է, բայց այդպես էլ գրողի իրական օրը չեկավ։ «Ո՞վ է գրողը Հայաստանում, եթե կուսակցական չէ, սորոսական չէ, քծնող չէ, լղոզվող չէ, արժանապատվություն ունի, կեղծ բարեպաշտ չէ և ունի սեփական կարծիք...։ Ասեմ՝ ով է...։
Պետության կողմից անտեսված, չգնահատված, հասարակության կողմից էլ՝ համահարթեցված։ Կապ չունի, թե որքան է աշխատում իր վրա, համացանցում հավասար են բոլորը։ Իսկ ճշմարիտ գրողի համար կա՞ այլ հարթակ, իհարկե չկա։ Հայաստանում գրողը 500 օրինակ գիրք է տպում, բայց վաճառվում է լավագույն դեպքում՝ 20%-ը, ծիծաղելին էլ այն է, որ գրողն ինքն է զբաղվում վաճառքով։
Իրական գրողը, երբ ուզում է որևէ ծրագիր իրականացնել, հազիվ են գտնում մեկ կամ երկու նորմալ մարդիկ, որ կհովանավորեն, կաջակցեն ծրագրերին, որովհետև չունեն անձնական հավակնություններ...։ Իսկ ինչու մեկ կամ երկու, որովհետև վիզդ ծուռ չէ, կեղծ, քաղցր խոսքեր ասող չես, մահացու հիվանդ ձևացող ու գող չես, ընդամենը մշակույթի ասպարեզում ցանկանում ես գործ անել, որակյալ գործ։ Այն մշակույթի, որ ամեն օր անարգվում է։ Ահա ողջ իրականությունը վարագույրից այն կողմ գրողի մասին, ով իր սեփական ու սիրելի հայրենիքում ապրում է վիրավորված սրտով ու խոցված արժանապատվությամբ»,- նշում է բանաստեղծուհին՝ hraparak.am-ի հետ զրույցում ավելացնելով, որ այսօր մեր հասարակությունը պետական մակարդակով շատ է քաղաքականացվում․
«Այն, ինչ ունենք, անկախությունից հետո՝ 30 եւ ավել տարիների արդյունք է, որը մեզ այս վիճակին հասցրեց, քանի որ ավելի շատ նյութը, քան մշակույթը արժևորեցինք, եւ հասարակությունը հեռացավ մշակույթից։ Մենք ամեն ինչ պիտի անենք, որ նորից հասարակական կյանք մտնի մշակույթը եւ լինի առաջին տեղում, որպեսզի հոգևորը հաղթի նյութականին։ Մինչև մենք չունենանք հոգևոր բարձր, ինտելեկտուալ հասարակություն, մեր հասարակական կյանքում ոչինչ չի փոխվի»։
Կարծիքներ