Սարսափելին վագրը չէ, այլ այն խաբկանքը, որ վագրը էլ վագր չէ․․․

Սարսափելին վագրը չէ, այլ այն խաբկանքը, որ վագրը էլ վագր չէ․․․

Հովհաննես Շիրազի հետ զրույցը վարում էր Արամայիս Սահակյանը։ Մի փոքրիկ հատված եմ մեջբերում․ 

- Ի՜նչ երկրում ես եղել:

- Ոչ մի:

- Ի՜նչ լեզու գիտես:

- Ոչ մի:

- Տրանսպորտի ի՜նչ տեսակից ես օգտվում:

- Ոչ մի:

-Ինքնաթիռ էլ չե՜ս նստում:

- Ոչ ինքնաթիռ, ոչ էլ... վերելակ:

- Ինչո՜ւ:

- Վախենում եմ մեռնեմ, Մասիս երգող չլինի..․

Հանճարեղ բանաստեղծի մտքով անգամ չէր անցնի, որ կգա ժամանակ, երբ հայ ազգը կունենա ղեկավարի աթոռին նստած մեկը, ով թույլ չի տա Մասիս երգել։ Կասի՝ մերը չէ Սիսը, Մասիսը, պետք է մոռանալ այն պատմությունը, որ ունեցել ենք։ Շիրազին հաճախ էին ժողովրդի կողմից չսիրված գրողները քննադատում ավելորդ Մասիսերգության համար։ Մեծ բանաստեղծը նման քննադատների մասին ասում էր․ 

- Նրանք տեսել են միայն մեր ժողովրդի կուրծքը և ոչ թե սիրտը...

Երբ հարցնում էին էին, թե քո գործերում տագնապ կա, ինչի՞ց է, ասում էր․ 

-Դա տագնապ է զարթնող եղնիկի, որ հեռվից նկատել է վագրին...

Այսօր այս շիրազյան տագնապը համակել է ողջ հայ ազգին։ Դա տագնապ է զարթնող եղնիկի, որ հեռվից նկատել է վագրին... Վեց տարի մեզ քնեցրել են ու հիմա զարթնել և վագր ենք տեսնում։ Ու սարսափելին վագրը չէ, այլ նոր զարթնած եղնիկներին առաջնորդողը, որն ասում է՝վագրն այլևս եղնիկ չի ուտում։ Մենք խաղաղություն ենք կնքում վագրի հետ, ով քանի միլիոն եղնիկ է կերել ու էլ չի ուտի։ Խաղաղություն կնքելուց հետո էլ եղնիկ չի ուտի․․․ Սարսափելին վագրը չէ, այլ այն խաբկանքը, որ վագրը էլ վագր չէ․․․ Կհավատա՞ եղնիկն այդ խաբկանքին, կերակու՞րը կդառնա խաբեության․․․ 

Եվ մի՞թե չի կարելի հասկանալ, որ անպաշտպանին ուժեղն ուտում է և եթե գլուխն անգամ շոյում է, շոյելո՜վ է ուտում․․․Փոխվել է միայն ուտելու տեխնիկա՜ն՝ պատառաքաղով, ճերմակ ձեռնոցներով ու վայելքը ճաշակել կամեցող յուրայիններով․․․