Մենք մեր պետությունում իրավունքներ ունե՞նք, թե՞ ոչ

Մենք մեր պետությունում իրավունքներ ունե՞նք, թե՞ ոչ

Երեւանի կենտրոնում գտնվող Ֆիրդուսի թաղամասի տարածքը քաղաքի վերջին «վերնակուլյար» թաղամասերից է։ ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեն մշակել է 33-րդ թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիր, որով Ֆիրդուսի տոնավաճառի տարածքում նախատեսվում է նոր թաղամասի` փողոցների, հասարակական եւ սպասարկման օբյեկտների, բիզնես կենտրոնների, հյուրանոցների եւ բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի կառուցում: Շուրջ 40 մետր բարձրություն եւ 85 մետր տրամագիծ ունեցող շրջանաձեւ հրապարակ, որի տակ կկառուցվի բազմահարկ ստորգետնյա ավտոկայանատեղի: Ծրագիրը նախատեսվում էր իրականացնել 3-4 տարում, սակայն մինչ օրս անհայտ է, թե երբ կսկսվեն աշխատանքները։

2015 թվականին մշակվեց ու հաստատվեց կառուցապատման հայեցակարգը։ 2018 թվականի մարտին կառավարությունը վերահաստատեց գերակա հանրային շահը՝ արդեն նոր մոդելով։ Տարածքը բաժանվեց 19 լոտերի, ներգրավվեցին տեղական ու օտարերկրյա ներդրողներ։ Մենք այցելեցինք Ֆիրդուսի թաղամաս։ «Մեր անհամաձայնությունը ծրագրի հետ կայանում է նրանում, որ մենք չենք համարում, որ այս ծրագիրը հանրային գերակա շահ է: Այսինքն՝ այդ գերակա շահից բխում է, որ անկախ նրանից, անկախ քո ցանկությունից՝ համաձայն ես, թե ոչ, պետք է քո սեփականությունը վերցնեն: Մենք համարում ենք, որ սա կառուցապատման ծրագիր է: Այսինքն՝ վերցնում են ինչ-որ մի հին գույք եւ նորն են կառուցում՝ ավելի մեծ շենքեր եւ այլն: Բայց դա չի նշանակում, որ պետք է համարենք գերակա շահ»,- մեզ հետ զրույցում ասաց Ֆիրդուսի բնակիչ Ռուբեն Աթոյանը:

Նա ասաց, որ Սահմանադրության մեջ նշված է, որ սեփականությունը կարող է վերցվել պետական կարիքների համար՝ միայն այն դեպքում, երբ կա բացառիկ անհրաժեշտություն: Իսկ բնակիչները չեն կարծում, որ ինչ-որ բնակելի շենք կառուցելը բացառիկ անհրաժեշտություն չէ:
«Մենք՝ բնակիչներս, այստեղ ունենք որոշիչ դեր, որովհետեւ այն ամենը, ինչ արվում է, մեր սեփական հողի վրա են անում: Այսինքն, մի ինչ-որ մարդ, որին մենք չենք էլ ճանաչում, ճանաչում է ձեռք բերողը, մի պրոցես է սկսում՝ առանց մեզ հաշվի առնելու: Դա վիրավորական է։ Ստացվում է՝ դու քո տանը նստած ես, գալիս են, ցանկապատում են, որ պիտի քանդեն։ Կարելի՞ է հասկանալ՝ մենք մեր պետությունում իրավունքներ ունե՞նք, թե՞ ոչ»,- ասում է Աթոյանը:

Թաղամասի հնաբնակներն ունեն իրենց առաջարկը, ըստ որի՝ այն մարդիկ, ովքեր համաձայն չեն առաջարկված ֆինանսական գումարի հետ, նրանց բնակարաններ տան տեղում: «Թերություններ եւ խնդիրներ կան նաեւ կազմակերպչական աշխատանքների մեջ։ Կառավարությունն ի՞նչ հիմունքներով ու չափանիշներով է ճանաչել ձեռքբերողներին: Բոլոր ձեռքբերողները 50-100 հազար դրամ կանոնադրական կապիտալ ունեցող կազմակերպություններ են, առանց որեւէ անցյալի:

Նմանատիպ կազմակերպությունները վստահություն չեն ներշնչում: Եթե պետությունն ուզում է բարեկարգման ծրագիր իրականացնել, պետք է տենդեր հայտարարի այդ լոտի վրա։ Կարող է հողի գինը դառնում է 5 հազար դոլար՝ 1քմ-ի համար։ Մեզ մոտ եկամտաբերությունը թույլ է տալիս մրցակցային գին»,- ասաց Ռուբեն Աթոյանը։ Բնակչին անհասկանալի է՝ քողարկված ինվեստորներն ովքեր են: Նրանք հերթով մտնում են բնակիչների տներ եւ տարբեր առաջարկներ անում, հետն էլ ասում են` մյուսին բան չասես:

«Առաջարկում ենք, որ այս պրոցեսը լինի թափանցիկ, կառուցողական։ Քաղաքապետարանը թող հանդիպում կազմակերպի բնակիչների, պոտենցիալ ինվեստորների հետ, որոնք, ենթադրենք, հետաքրքրություն ունեն: Բնակիչը պետք է պետության կողմից պաշտպանվի, որովհետեւ բնակիչն անհատ մարդ է, կարող է լինի մի ծեր կին, մի ընտանիք, որն իրավական գրագիտություն չունի»,- զրույցն ավարտեց Աթոյանը։