Ալիևը սեփական անզորությունը բարդում է ընդդիմության վրա

Ալիևը սեփական անզորությունը բարդում է ընդդիմության վրա

2020 թվականի ապրիլի 14-ին Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Ալիևը տեսակապով անցկացրած «2020թ. հունվար-մարտ ամիսների երկրի սոցիալ-տնտեսական արդյունքների վերաբերյալ» խորհրդակցության ընթացքում հայտարարել է, որ իշխանությունների կողմից ձեռնարկված քայլերն, այդ թվում՝ քաղաքական երկխոսության սկզբունքին ընդդիմադիր կուսակցությունների դրական արձագանքն, Ադրբեջանի անկախության տարիներից ի վեր նոր իրավիճակ են ստեղծել, ինչը մեծ օգուտ է բերելու երկրին: Նշել է, որ երկխոսությունից հրաժարված «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցություններին դժվար է քաղաքական ուժ կոչել, քանի որ դրանք պայքար են մղում ոչ թե Ադրբեջանի իշխանությունների, այլ՝ երկրի և ժողովրդի դեմ: Հավելել է, որ երկրի և ժողովրդի նկատմամբ թշնամանք ցուցաբերող այդ ուժերին պետք է դիմել իրենց անունով և կոչել «թշնամի»: Վերջիններս ուրախանում են, երբ Ադրբեջանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վատթարանամ է, սակայն նրանց ցանկությունները չեն իրականանալու, քանի որ ներկայիս քաղաքական իրավիճակում ծայրահեղական խմբավորումները տեղ չունեն:

Վերջերս Ադրբեջանում տարբեր պատրվակներով մի շարք ընդդիմադիրների ձերբակալությունները հուշում են, որ Ադրբեջանի իշխանությունները մտավախությոններ ունեն ընդդիմության ակտիվացման կապակցությամբ, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի տարածմամբ, ինչպես նաև նավթի գների նվազմամբ ու դրանից բխող հնարավոր սոցիալ-տնտեսական հետևանքներով: Պաշտոնական Բաքուն նախկինում ևս վարկաբեկել է ընդդիմությանը, սակայն, առաջին անգամ է, որ երկրի առաջին դեմքը բացեիբաց ընդդիմադիր կուսակցություններին անվանում է թշնամիներ: Դա նշանակում է մեկ բան, որ Ադրբեջանում ներքին իրավիճակը բավականին լուրջ է, և նկատվում են իշխանությունների համար անցանկալի զարգացումների նախանշաններ: Այդ կերպ, իշխանություններն ի դեմս Ի. Ալիևի փորձում են հասարակության շրջանում սերմանել այն գաղափարը, որ երկրում առկա ծանր սոցիալ-տնտեսական վիճակի միակ մեղավորներն են հանդիսանում «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» և «Մուսավաթ» կուսակցություններն, այդպիսով թաքցնելով «ալիևյան» ռեժիմի անկարողությունը և քաղաքական կամքի բացակայությունը:

Դժվար չէ պատկերացնել, թե ի՞նչ կկատարվի Ադրբեջանի տնտեսության հետ Ալիևի հավերժ կառավարման և նավթի գների կտրուկ անկման դեպքում: Համակարգային ինստիտուցիոնալ փոփոխություններին Ադրբեջանի իշխանությունը պատրաստ չէ, հին մոդելն իրեն սպառել է, իսկ համոզիչ նորը գոյություն չունի: Պարզ է նաև, որ այն գաղափարախոսությունները, որոնք հանրությանը մատուցվել են, իրենց սպառել են։ Պատմություններն այն մասին, որ ամեն ինչում մեղավոր է ընդդիմությունը, որ նրանց շուրջը թշնամիների օղակ է, այլևս ցանկալի արդյունք չի տալիս: Այն, որ «հինգերորդ շարասյունը» խարխլում է Ադրբեջանի տնտեսությունը, չի համապատասխանում իրականությանը: Ադրբեջանում դադարել է աշխատել նաև մարդկանց ապագայի հանդեպ հույս տալու փորձը: Ադրբեջանի ժողովուրդը ապրում է բառացի, կորպորատիվ հասարակության մեջ, որտեղ օրենքի առջև հավասարություն չկա: Իշխող համակարգը տվել է «ճաքեր», Ադրբեջանցիների պատկերացումն այն մասին,  որ կան ինչ-որ սցենարներ անելանելի ծանր տնտեսական վիճակից դուրս գալու համար նույնպես, չի համապատասխանում իրականությանը։

Հայկազ Խաչատրյան