Երեւանի վրա ճնշումները սկսում են ավելի զգալի դառնալ

Երեւանի վրա ճնշումները սկսում են ավելի զգալի դառնալ

The Economist պարբերականն իր էջերում հրապարակված հոդվածներից մեկում անդրադառնում է Հայաստանին, նշելով, որ Հայաստանը օգնում է Ռուսաստանին շրջանցելու Արեւմուտքի կողմից սահմանված սանկցիաները՝ չսանկցիավորված առեւտրի միջոցով։ Հոդվածում նշվում է, որ չնայած Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված սանկցիաներին, Ռուսաստանը շարունակում է ներկրել այնքան, որքան նախքան ռուս-ուկրաինական պատերազմը։ Արեւմուտքի փոխարեն, ըստ պարբերականի, Ռուսաստանի համար նոր առեւտրային գործընկերներ են ի հայտ եկել։ Ներկայումս Չինաստանը երկու անգամ ավելի շատ ապրանք է մատակարարում Ռուսաստանին, քան 19 թվականին։ Զուգահեռաբար, կտրուկ աճել է Արեւմուտքից «զուգահեռ» ներկրումները, այսինքն՝ երրորդ երկրներից Ռուսաստան արեւմտյան ծագման ապրանքների մատակարարումները՝ սկսած գազավորված ըմպելիքներից մինչեւ համակարգչային չիփեր։ 

Այս համատեքստում բրիտանական պարբերականի ուշադրությունը գրավել է այն, որ 2022 թվականին Հայաստանը ԵՄ-ից երկու անգամ շատ ապրանք է ներկրել, իսկ Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումներն աճել են 3 անգամ։ Ուշագրավ է այն, որ Հայաստանի տնտեսության հետ կապված այս ցուցանիշների խորհրդավոր փոփոխությունը աննկատ չի մնացել ոչ եվրոպացի, ոչ ամերիկացի մասնագետների կողմից։ Հատկապես, որ Ադրբեջանն էլ առիթը բաց չի թողնում այս հարցը «թեժ պահել» եվրոպական տարբեր ատյաններում։ Այսպես, ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Պետեր Ստանոն հայտարարել է, որ Հայաստանի կողմից սանկցիոն ապրանքների անօրինական վաճառքի/մատակարարումների հարցը դեպի Ռուսաստան, ներկայումս ուսումնասիրվում է ԵՄ մասնագետների կողմից։ Սա այն դեպքում, երբ Հայաստանն այդպես էլ չկարողացավ Ադրբեջանի մասով հասնել այն բանին, որ Արեւմուտքը սկսի հետաքրքրվել, թե այդքան պաշարներ չունեցող Բաքուն ինչպե՞ս է իր ունեցած հնարավորությունները բազմիցս գերազանցող գազի մատակարարումներ իրականացում Եվրոպա։ 

Ի դեպ, մի քանի անգամ հայաստանցի տարբեր կալիբրի պաշտոնյաներ խոսել են ներքին լսարանին ուղղված հարցազրույցներում այս մասին, ակնարկելով, որ ադրբեջանական կողմն, ըստ էության, ռուսական գազն է վերամակնիշավորում եւ վաճառում, սակայն այս դիտարկումներն արեւմտյան մայրաքաղաքներին պաշտոնական Երեւանը չի կարողացել ինչպես հարկն է տեղ հասցնել, եւ հիմա հակառակ արշավ է իրականացվում Հայաստանի դեմ։ 
Մյուս կողմից, ուշագրավ է, որ The Economist-ի այս հոդվածը լույս է տեսնում հիմա՝ Բլինքեն-Միրզոյան-Բայրամով բանակցությունների նախօրյակին։ Տպավորություն է, որ Երեւանի վրա Արեւմուտքից գործադրվող ճնշումները սկսում են ավելի զգալի դառնալ, որոնց «Հրապարակն» արդեն մի քանի անգամ անդրադարձել է։ Նման ճնշման մեդիա-քարոզչական պրոդուկտ կարելի է համարել նաեւ NYT-ի հոդվածը նույն թեմայով, որը հայերենով ներկայացրել էր «Ամերիկայի Ձայնը»։