Ինքնափիառված, ապա խեղճացված «գերագույնի» ֆենոմենը

Ինքնափիառված, ապա խեղճացված «գերագույնի» ֆենոմենը

Այն, որ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կուսակցական խմբակցությունը բոյկոտելու էր ընդդիմադիր խմբակցությունների կողմից նախաձեռնված՝ Ազգային ժողովի հունիսի 3-ի արտահերթ նիստը, անակնկալ չէր: Դա առաջին դեպքը չէր, ու այդպես էլ պետք է լիներ: Չնայած, անկեղծ ասած, այդ խմբակցության անդամներին հասկանում եմ: Իրենց առաջնորդի շնորհիվ, քաջնազարական բախտի բերմամբ, մարդիկ անհայտությունից հայտնվեցին խորհրդարանում: Բնականաբար, այսօր պետք է թքած ունենան Արցախի ճակատագրի վրա՝ եթե այդպես է պահանջում իրենց անձնական և խմբակային (այդ թվում՝ իրենց ղեկավարի) շահը: Վաղն էլ թքած կունենան Հայաստանի վրա և կլքեն այն՝ հենց դա իրենց պարտադրվի: Եվ մի որևէ երկրում հարմարվելով՝ կդառնան դրա քաղաքացին: Կմոռանա նույնիսկ ապրիլի 24-ի խորհուրդը, քանի որ դա ևս չի տեղավորվում վերը նշված շահի շրջանակում: Չի տեղավորվում, քանի որ խանգարում է թուրքերի հետ քիրվայություն հաստատելու՝ անձնական շահով առաջնորդվող Նիկոլի և նրա նեղ շրջապատի մեկ-երկու անձի երազանքին: Իսկ ինչո՞ւ հենց ապրիլի 24-ի խորհուրդը. որովհետև այն միակ երևույթն է, որ այսօր միավորում է բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց հայ են համարում: Իհարկե, առանձին բացառությունները չհաշված:  

Սակայն վստահ եմ, որ նիկոլական այդ թայֆան մինչ այդ անընդհատ թմբկահարելու է, այսպես կոչված, ժողովրդի իշխանության մասին: Կամ այն երևույթի մասին, ինչն իրենց բառապաշարում անվանվում է ժողովրդավարություն: Որովհետև այն, ինչ այսօր հաստատված է մեր երկրում, կիլոմետրերով հեռու է իրական ժողովրդավարությունից: Որքան տեղյակ եմ այլ երկրների պատմությունից, ժողովրդավարության կայացումն ընթանում էր այդ երկրների հասարակությունների ֆինանսական բարեկեցության և գիտակցական մակարդակի բարձրացմանը զուգընթաց: Նույնիսկ արևմտյան երկրներում այն հաստատուն տեսք ստացավ միայն նախորդ դարի երկրորդ կեսում՝ երբ բոլոր քաղաքացիները ստացան ձայնի իրավունք: Նման չափանիշով Հայաստանի քաղաքացիներին այսօր դիտարկելու պարագայում բազմաթիվ մարդիկ կզրկվեին ձայնի իրավունքից: Ինչպես կարող էր, օրինակ, ձայնի իրավունք ստանալ այն տատը, որ պատրաստ էր սեփական թոռներին զոհել թուրքերին, միայն թե ոչինչ չպատահեր Նիկոլին: Համապատասխան տրամադրության առկայության պայմաններում կարելի էր, իհարկե, դա ներկայացնել որպես պետական մտածողության դրսևորում, բայց Նիկոլի կողմից անդունդ գլորվող պետականության պայմաններում նորմալ անձնավորությունը նման տրամադրություն ունենալ ուղղակի չի կարող:

Վերադառնանք Ազգային ժողովի արտահերթ նիստը բոյկոտելուն: Մանիպուլյատիվ և, բնականաբար, կեղծ փաստարկներով փորձելով հիմնավորել բոյկոտը՝ Նիկոլի անձնական խմբակցությունը չի մոռանում շահարկել «Արցախի և արցախահայության իրավունքներն ու շահերը բոլոր հնարավոր հարթակներում պաշտպանելու» պատրաստակամությունը: Պատկերացնո՞ւմ եք՝ մարդիկ ատամներով պաշտպանում են Արցախը թշնամուն հանձնած իրենց առաջնորդին ու միաժամանակ խոստանում են պաշտպանել արցախցուն: Կարծում եմ, որ դրանից դենը հակատրամաբանություն լինել  չի կարող: Ինչպես նաև քաղաքական անբարոյականություն: Դե, իսկ «հայկական ժողովրդավարության» ներբողելը թողնում ենք ոստիկանության կարմիր ու սև բերետավորների վայրագության դրսևորումներին: Եվ մեկ էլ քպկականների խղճին: Այն խղճին, որ հաստատ գոյություն չունի: 

Ինչ մնում է Նիկոլի «Խաղաղության օրակարգին», ապա ստիպված եմ վերջինիս հիշեցնել, որ 2020 թվականին Տավուշի հուլիսյան դիրքային մարտի նշանակությունը Սարդարապատի հերոսամարտին հավասարեցրած Նիկոլը պարտությունից հետո փոխվել էր 180 աստիճանով: Հաղթանակի ինքնափիառված «գերագույնը» վերածվել էր պարտության իրական սիմվոլի: Ինչը նշանակում է, որ ինչ հակահայկական պարտադրանք էլ դեմ տա նրան Ադրբեջանի նախագահը՝ ինքն անմռունչ ընդունելու է: Որպեսզի ընտրողի առաջնային մանդատով օժտված «ուսապարկերն» ընկալեն Նիկոլի վտանգավորությունը ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև հենց իրենց առումով, ներկայացնեմ մեկ հիպոթետիկ օրինակ: 

Ենթադրենք, թե ջոկատ կազմած «ուսապարկերը» գնացել են առաջնագիծ (իհարկե, դա ֆանտաստիկայի ոլորտից է, բայց դե ենթադրենք նման մի բան): Հերթական ու հաջող մարտի ընթացքում հրամանատարը շարքից դուրս է գալիս: Նրան փոխարինում է տեղակալը, որն ավարտում է մարտը: Հաջորդ օրը թշնամին հակահարձակման է անցնում ու գրավում է ջոկատի տեղակայման դիրքերը: Ջոկատը նահանջում է, իսկ հրամանատարի հակասական հրամանները  կազմակերպված նահանջը վերածում են փախուստի: Դա տեսնելով՝ հրամանատարը խեղճանում է և ընկնում ծանր ընկճախտի մեջ: Հաջորդ օրը ջոկատի առջև դրվում է մեկ այլ դիրք պահելու խնդիր:

Գիտակցելով, որ իրենց կյանքը կախված է հրամանատարի բանիմաց ու գրագետ հրամաններից, կցանկանայի՞ն, արդյոք, որ մնար իրենց հրամանատարը: Կարծում եմ, որ խելքը գլխին ու ինքնապաշտպանական բնազդ ունեցող յուրաքանչյուր ոք պետք է պատասխանի՝ ոչ: Եվ ի գիտություն «ուսապարկերի»՝ ավելացնեմ, որ հենց այդպիսի հրամանատար է այսօր բաժին ընկել Հայաստանին: