355 կոնտակտ հաստատվել է հեռախոսների միջոցով

355 կոնտակտ հաստատվել է հեռախոսների միջոցով

Տեղեկություն ունենք, որ « Էրեբունի»  հիվանդանոցում դիալիզ ստացող հիվանդից թե՛ բժիշկներն են վարակվել, թե՛ դիալիզ ստացող  20 հիվանդ։
Մեր տեղեկություններով՝ բոլորին վարակած հիվանդը այլ հիվանդանոցից է  եղել։ Նախ, Առողջապահության նախարարություն զանգահարեցինք լուրի իսկությունը ճշտելու համար։ Որոշ ժամանակ անց հայտնեցին, որ «առանձին դեպքերով տեղեկություն չունեն»  և չեն էլ տրամադրում։
«Էրեբունի»  ԲԿ-ի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն էլ, ըստ էության, ոչ հերքեց, ոչ հաստատեց՝ ասելով․«Հայտնել ենք, որ «Էրեբունի»  հիվանդանոցում եղել են դեպքեր, որ  հիվանդներից, բուժաշխատողները վարակվել են։ Բայց իրենք թեստավորվել են և մեկուսացվել»։

Հունանյանը չպատասխանեց՝ արդյոք դիալիզ ստացող հիվանդի՞ց է վարակը տարածվել, քանի որ ասաց․ «ես չգիտեմ, թե որ հիվանդից է եղել» ։ Հարցին էլ, թե այնուամենայնիվ, դիալիզ ստացողները վարակվե՞լ, մամուլի խոսնակը կրկնեց՝ բուժաաշխատողների շրջանում կան վարակվածներ։
Հունանյանը նշեց, որ իրենց բժիշկները այլ հիվանդանոցներում են բուժում ստանում։ Նույնը՝ գյումրեցի տաքսիստի մասով, որի վերաբերյալ կասկածներ կան, որ շփվել է հիվանդի հետ, նա փախել է, փնտրում են, ուզում են մեկուսացնել։ ԱՆ-ից էլ այս դեպքում պահանջեցին կոնկրետ տվյալներ՝ անուն, ազգանուն, տվյալ, որը չունեինք։

Պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից խոսեցինք նրա մամուլի քարտուղար Վահան Հունանյանի հետ, տեղյա՞կ են գյումրեցի տաքսիստի դեպքի մասին։ Վահան Հունանյանն ի պատասխան հայտնեց, որ այդ դեպքերով զբաղվում է Առողջապահության նախարարությունը։

Փոխվարչապետի մամուլի քարտուղարին ևս մեկ հարց ուղղեցինք՝ Covid -19 վարակի տարածումը կանխելու նպատակով, օրենքով սահմանված կարգով հեռախոսային հավելվածի միջոցով հայտնաբերվածները կորոնավիրուս հիվանդացությամբ 2066 պացիենտների քանի՞ տոկոսն են կազմում։ Փոխվարչապետի մամուլի քարտուղարը ներկայացնելով երեկ չէ առաջին օրվա՝ ապրիլի 28-ի տվյալներ, հայտնեց, որ ավտոմատացված եղանակով վերլուծվել են  887 հիվանդի կոնտակտներ, վերհանվել է  9737 կոնտակտ, որը չի ներառում համաճարակաբանների կողմից ինդենտիֆիկացված անձանց, այսինքն սա լրացուցիչ կոնտակտ են։ Զանգահարվել է թվով 5224  կոնտակտավորի և  ի վերջո, հաստատվել է 355 կոնտակտ, որոնք ինքնամեկուսացվել են։