Կառավարությունը խախտում է կառավարության որոշումը

Կառավարությունը խախտում է կառավարության որոշումը

Տիգրան Սարգսյանի կառավարությունը դեռևս 2009 թվականի մայիսի 21-ի 562-Ն որոշմամբ  մարզպետների աշխատանքի գնահատման կարգ ու չափանիշներ է սահմանել։ Սահմանել է նաև դրանց վրա ձևավորվող գնահատականների միավորները։
Մարզպետների գործունեությունը գնահատելու իրավասությունը տրվել է տվյալ բնագավառի պետական լիազոր մարմնին՝ նախարարություններ, կառավարման առընթեր մարմիններ և այլն։ Որոշման համաձայն, մարզերի ղեկավարների գործունեության արդյունքները պետք է գնահատվեն և հրապարակվեն մինչև ընթացիկ տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը։
Բայց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կայքում դեռևս 2009-2017 թվականների մարզպետների գործունեության գնահատման զեկույցներն են։ Ստացվում է՝ Նոր Հայաստանի իշխանությունը երկիրը ղեկավարում է ոչ միայն մերժվածների ծրագրերով, այլև ուժը կորցրած չի ճանաչում նախկինների որոշումը․ բոլոր նախարարություններն ու պետական այլ գերատեսչություններն արդեն երկու անգամ խախտել  են ՀՀ կառավարության 21․05․2009թ․ որոշումը՝անտեսելով մարզպետների գործունեության գնահատման պահանջը։
2018 թվականից հետո նշանակված մարզպետները Նիկոլ Փաշինյանի  շրջապատից են, և հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչպես է կառավարությունը գնահատում նրանց աշխատանքը։ Դատելով լրատվամիջոցների հրապարակումներից, միակ բանը, որ անթերի կատարում են՝ միլիոնավոր դրամների պարգևավճարներ բաժանելն է։ Այս հարթությունում  մարզպետները հավասարվել են ԱԺ նախագահին ու նախարարներին։ Իրենց դելետանտությունը սքողելու համար որոշ մարզպետներ էլ, մասնավորապես Արմավիրինը, ջերմեռանդորեն քոփի փեստ է անում ու ֆբ-յան  էջում տարածում կառավարության նիստերն ու որոշումները՝ վերագրելով իրեն կառավարության մամլո ծառայության գործառույթը։
Իսկ կառավարության վերը նշված որոշումը հստակ սահմանում է տարածքային կառավարման ղեկավարի  գործառույթը։ Դրանք են՝ ոչ պետական միջոցներով առողջապահության ոլորտում իրականացրած ներդրումները, նոր աշխատատեղերի ստեղծումը, աջակցությունը մարզերում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման, միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցությունը, աջակցությունը մարզում արտադրված գյուղատնտեսական մթերքի իրացմանը և այլն։
Տարբեր առիթներով Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ։ Երկրում որևէ մեկից որևէ բանով ավել և պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա կառուցվում է մեր իրականությունը»։
Փաստորեն, բոլորը, բացի իր նշանակած պաշտոնյաներից․․․