Սասունն իմ հայրենիքն է, ես այն երբեք չեմ լքի

Սասունն իմ հայրենիքն է, ես այն երբեք չեմ լքի

«Հրապարակի» զրուցակիցն է Թուրքիայի Դիարբեքիր նահանգում բնակվող մեր հայրենակից՝ լուսանկարիչ, լրագրող Կարոտ Սասունյանը

- Պարոն Սասունյան, կարո՞ղ եք վերջնական թիվ ասել, թե երկրաշարժի հետեւանքով որքան հայ է զոհվել Թուրքիայում: 

- Մալաթիայում մահացել է երեք հայ, Անթաքիայում՝ երկու ընտանիք, Ադիյամանում՝ չորս մարդ, Դիարբեքիրում՝ երկու մարդ: Զոհերի թիվը տասից ավելի է: Հավանաբար, թիվը կավելանա, քանի որ շատ տեղերում դեռեւս աշխատանքներ կան կատարվելու, հավանաբար՝ դեռեւս շատերը փլատակներում են: 

- Սա քրիստոնյա՞ հայերի թիվն է, թե՞ բոլորի: 

- Ոչ, սա բոլորի թիվը չէ, այլ միայն քրիստոնյա հայերի թիվը: Իսկ կրոնափոխված՝ մուսուլման հայերի զոհերի թիվը, հավանաբար, շատ է: Դա չենք կարող հստակ իմանալ: 

- Հիմա ի՞նչ իրավիճակ է այդտեղ: 

- Մենք ընտանիքով Սասունի մեր տանն ենք, քանի որ այստեղ ավելի ապահով է։ Դիարբեքիրի (Տիգրանակերտի) բնակչությունը մոտ 2 միլիոն է։ Մոտ մեկ միլիոն մարդ չի կարողանում գնալ իր տուն։ Մարզասրահներում, եկեղեցիներում, մզկիթներում, մեկ հարկանի տներում եւ աշխատավայրերում ու վրաններում են մնում։ Քաղաքի հյուրանոցներում անվճար են մնում։ Անթաքիայում, Ադիյամանում, Այնթապում, Մալաթիայում ապրողներն ավելի ծանր վիճակում են, քանի որ մեծ մասի տներն ավերվել են, մնացած տներն էլ մտնել հնարավոր չէ։ Մարդիկ շատ դժվար պայմաններում են ապրում։ Եղանակային պայմաններն էլ շատ վատ են: Որոշ տեղերում ձյուն է տեղում: Ստամբուլի Հայոց պատրիարքարանը մեծ նյութական օգնություն է ցուցաբերում, մեծ աշխատանք ծավալում: Դիարբեքիրում է նաեւ Կարո Փայլանը, ով փլատակների մոտ եւ փորձում է օգնություն ցուցաբերել: Հինգերորդ օրը փլատակների տակից ողջ մարդիկ են դուրս բերվել։ Մահացածների թիվը հիմա մոտ 20 հազար է, բայց սպասվում է, որ այդ թիվը կհասնի 50-60 հազարի։ Քանդվել է 6 հազար 500 շենք։ Հազարավոր վիրավորներ կան։ Հայկական համայնքից էլ շատ մարդիկ են զոհվել։ Աշխարհի շատ երկրներից ժամանած փրկարարական խմբերը շարունակում են երկրաշարժի գոտում փլատակների հեռացման աշխատանքները։ Այդ խմբերից մեկն էլ Հայաստանի փրկարարների խումբն է։ Այս խումբը փրկարարական աշխատանքներ է իրականացնում Ադիյամանում։ Դիարբեքիրից մեր հայ ընկերներն այցելել են Հայաստանի փրկարարների խմբին։ Ինչպես նաեւ Հունաստանը մեկից ավելի երկրաշարժի փրկարարական խումբ է ուղարկել:

- Իսկ ինչպե՞ս է թուրք հասարակությունն ընդունում Հայաստանից եւ Հունաստանից փրկարարական խմբերի ժամանումը:

- Կարծում եմ՝ լավ: Հիմա Թուրքիայում հումանիտար միջավայր է: Թե՛ հայերը, թե՛ հույները, որոնց հետ Թուրքիան ունի թշնամական վերաբերմունք, փրկարարներ ուղարկեցին, իսկ թուրքական պետությունը ստիպված է ընդունել: 

- Հնարավո՞ր է, որ այս աղետից հետո Թուրքիայի հայերը գան Հայաստան՝ մշտական բնակության:

- Դժվար է ասել: Ես իմ փոխարեն կարող եմ ասել. ինձ համար Սասունն իմ հայրենիքն է։ Ես ամեն տեսակ դժվարության դիմանում եմ եւ հայրենիքիցս չեմ հեռանում։ Եթե հայրենիքս լքեմ, ո՞վ տեր կկանգնի հայրենիքին, ձեզ նման այստեղ եկող հայերին ո՞վ կընդունի։ Այո, ինձ համար Վանը, Մուշը, Կարինը, Կարսը նույնն են, ինչ Երեւանը, Ստեփանակերտը, Նախիջեւանը։ Ես իմ հայրենիքը չեմ լքի: Վերջում ուզում եմ հավելել, որ, անկախ մեր այս իրավիճակից, ինձ մտահոգում է արցախցի իմ հայրենակիցների վիճակը: Մոտ 2 ամիս է՝ Արցախում 120 հազար հայ պատանդ է պահվում։ Արցախի բնակիչներն այս ձմեռ օրով չունեն գազ եւ էլեկտրականություն, զրկված են դեղերից եւ մթերքից։ Բերձորի միջանցքը փակած ազերիներից մարդկություն սպասելն ինչքանո՞վ է ճիշտ։ Ես ամբողջ սրտով կանգնած եմ մեր արցախցի եղբայրների կողքին եւ կարող եմ միայն աղոթել, որ Արցախի ժողովրդը հնարավորինս շուտ ազատ լինի։ Ազատ, անկախ Արցախ…