Դատախազը խախտել է Վահե Նիկոյանի անմեղության կանխավարկածը․ ներկայացրել է վարձավճարի սխալ չափ

Դատախազը խախտել է Վահե Նիկոյանի անմեղության կանխավարկածը․ ներկայացրել է վարձավճարի սխալ չափ

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ դատախազը սեփական նախաձեռնությամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին նոր որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Գլխավոր դատախազության հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ Նիկոյանը, 2012 թվականի հունվարի 20-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 29-ը զբաղեցնելով Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, Երևանի արևմտյան ու արևելյան հատվածներում աղբահանության և սանիտարական մաքրման երկարաժամկետ ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթների չափանիշներին չբավարարելու պայմաններում, որպես գնահատող հանձնաժողովի նախագահ՝ մասնակից ընկերությունների հայտերը գնահատել է բավարար:

Բացի այդ, ըստ դատախազության՝ նախկին փոխքաղաքապետը նշված ընկերության իրավասու պաշտոնատար անձանցից կաշառք է ստացել՝ ընդունելով իր հոր համար առանձնապես խոշոր չափերով գույքային օգուտ ստանալու առաջարկը:

«Հրապարակ»փորձեց կապ հաստատել Նիկոյանի փաստաբան Արմեն Անդրիկյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նախ նշեց, որ, ինքը այժմ ՀՀ-ում չէ, հարցերին կպատասխանի կարճ, սակայն վերադառնալուց հետո անհրաժեշտության դեպքում կխոսի ավելի մանրամասն: 

«Պարոն Նիկոյանը բնականաբար չի ընդունում իրեն առաջադրված նոր մեղադրանքը, մասնավորապես, անհեթեթություն է վերջինիս հորը պատկանող տարածքի վարձակալության պայմանագրով տարածքի օգտագործման հաստատված փաստի պարագայում փոխանցված վարձավճարը դիտել որպես կաշառք։ Ինչպես արդեն նշեցի, մեղադրանքի` իրավական և փաստական մասով անհիմն և ապօրինի լինելու մասին մանրամասն պարզաբանումներ իմ կողմից կտրվեն ՀՀ վերադառնալուց հետո»։

Նա նաեւ անդրադարձավ դատախազ Էդգար Արսենյանի վերջերս տված հարցազրույցին՝ նշելով, որ նա իր խոսքում խախտել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը․ «Ծանոթացել եմ «Լուրեր» հաղորդման կողմից պատրաստված ռեպորտաժին, որտեղ դատախազության ներկայացուցիչը, մեր գնահատմամբ, խախտելով Վահե Նիկոյանի անմեղության կանխավարկածը, մեկնաբանություն էր տալիս կաշառք ստանալու հիմքով հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշման հանգամանքների վերաբերյալ: Ընդ որում, ռեպորտաժում հնչեցվել են վճարված վարձավճարի չափի իրականությանը չհամապատասխանող թվեր, իսկ այդ վարձավճարի մասը որպես առավելություն դիտարկելու համար ներկայացված անհասկանալի համեմատական վերլուծությունը առնվազն անհիմն է: Նաեւ տեղեկացնեմ, որ սա, ըստ էության, նույն «Սանիթեքի» գործով նախորդ տարի Վահե Նիկոյանին առաջադրված մեղադրանքի փոփոխությունն է, ինչով կրկին Նիկոյանի նկատմամբ իրականացվում է ապօրինի քրեական հետապնդում, իսկ գործընթացը ինքնին բացարձակապես իրավական չէ։ Թեև նոր մեղադրանքով հանվել են նախկինում Վահե Նիկոյանին ապօրինի վերագրված մի շարք լիազորություններ, սակայն մեղադրանքում առկա են բազմաթիվ պահանջներ, որոնք չեն բխում ոլորտային օրենսդրությունից, ինչպես նաև Վահե Նիկոյանի լիազորություններին առնչություն չունեցող խախտումներ, որոնց մանրամասն կանդրադառնամ վերադառնալուց հետո»։

Նշենք, որ, ըստ դատախազի, Վահե Նիկոյանի հորը տրված կաշառքի առարկա հանդիսացող գումարի չափը կազմում է 141 միլիոն դրամից ավելի։