Իրականությանը դեմ-դիմաց

Իրականությանը դեմ-դիմաց

Նոյեմբերի 29-ը շուրջ 70 տարի պետականորեն նշվել է որպես Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման եւ ազգային վերածննդի օր: Անկախությունից ի վեր ձեւավորվել է պատմա-քաղաքական գնահատական,  որ Հայաստանի առաջին հանրապետության անկումը պայմանավորված էր արեւմուտքից՝ թուրքական, արեւելքից՝ բոլշեւիկյան հարձակումով: Աճել է երկու սերունդ, որին մանավանդ վերջին երկու տասնամյակներում ներշնչվում է, որ ռուս-թուրքական սեպարատ համաձայնությամբ Հայաստանից տարածքներ են օտարվել: Ապագայի մասին նրանց պատկերացումներն, այսպիսով, կառուցվում են պատմական արդարության վերականգնման, մեզնից ապօրինաբար խլվածը վերադարձնելու անհրաժեշտության վրա: Ո՞րն է իրականությունը՝ շատ մեծ հավակնոտություն կլիներ մտնել հարցին պատասխանելու ծանրության տակ: Միայն՝ մի քանի ժողովրդագրական փաստեր: Եւ այսպես՝ 1897թ. մարդահամարի տվյալներով  Երեւանի նահանգի բնակչության ընդհանուր թվի մեջ հայերը կազմել են 53, 2 , թաթարները՝ (ադրբեջանցիները) 37,8 տոկոս:

Ըստ գավառների՝ Ալեքսանդրապոլում համապատասխանաբար 85, 5/ 4,7, Նախիջեւանում՝ 34,4/ 63,7, Նոր Բայազետում՝  66,3/28,3, Սուրմալուում՝ 30, 4/ 46,5, Շարուր-Դարալագյազում՝ 27, 1/ 67,4, Երեւանում՝ 38,5 /51,4, Էջմիածնում ՝ 62,4/ 29,0 տոկոս: Կարսի մարզում բնակչության ընդհանուր թվաքանակը՝ 174 044, որից հայեր՝ 37 084: Ընդունված է, որ 1914թ. դրությամբ Երեւանի, Բաքվի, Ելիզավետպոլի եւ Թիֆլիսի նահանգներում եւ Կարսի մարզում հայ բնակչության ընդհանուր թվաքանակը  1 միլիոնի սահմաններում էր: Հայաստանում խորհրդային իշխանության հաստատումից եւ սահմանների ճշգրտումից  հետո բնակչության թվաքանակը մոտավորապես 800 000  էր, որից ադրբեջանցիները՝ 87 000: Ահա ժողովրդագրական այսպիսի պատկեր ենք ունեցել 1921թ.-ին: 1989թ. խորհրդային վերջին մարդահամարի տվյալներով ՀԽՍՀ բնակչությունը կազմում էր 3 232 100:  Իրականությունը, ուզենք, թե ոչ, սա է: Խորհրդային Հայաստանի բնակչությունը 70 տարում քառապատկվել է, անկախության շուրջ երեսուն տարիներին՝ նվազել ավելի քան 300 000-ով՝ ըստ պաշտոնական վիճակագրության:

Մենք չգիտենք, թե որքան էր Հայաստանի բնակչությունը Տիգրան Մեծի կամ Արշակունիների ժամանակ կամ՝ Բագրատունիների: Մանավանդ՝ դրա ո՞ր մասն էին կազմում հայերը, իսկ վերջին հարյուրամյակի ժողովրդագրական պատկերը ստույգ է, հասանելի եւ բաղդատելի: Չոր արդյունքում ստացվում է, որ մեր ազգային ամենահաջողված նախագիծը խորհրդային Հայաստանն էր: Ներկայիս գերխնդիրն է՝ պահպանել անկախությունը եւ ապագան այնպես կանխածրագրել, որպեսզի մոտակա տասնամյակներում գոնե հասնենք 1989-ի ժողովրդագրական մակարդակին: Ինչպե՞ս: Պետք է գտնվի կոնսենսուս: Հակառակ պարագայում  կդառնանք  անմրցունակ, եւ Հայաստանի անկախությունը՝ վտանգված: