Ամենատարօրինակ բանը, որին հանդիպել եմ, այդ ես եմ

Ամենատարօրինակ բանը, որին հանդիպել եմ, այդ ես եմ

1988 թվականի երկրաշարժից հետո Շառլ Ազնավուրը Հայաստան եկավ։ Պատահական չհիշեցի, մենք ունեինք Մեծեր, որոնք սպեղանի էին։ Հիշում եմ՝ յուրաքանչյուրը յուրովի էր ասում՝ Շառլը եկել է․․․ Դա և՛ հպարտություն, և՛ մխիթարություն էր։ Այդ ժամանակ մեծ կործանել չէր լինի, որովհետև մենք հպարտանում էինք մեր ունեցածով, մեր ժառանգությամբ, մեր Մեծերով։ Շառլի գալու առթիվ ժողովուրդն այնպես էր ցնծում, ասես երկրաշարժ չէր եղել։ Ու շատերը դա բարձրաձայնում էին, զարմանում, որ մի մարդու գալով Հայաստանը սփոփանք ու մխիթարանք գտավ։ Հիմա, երբ Հայաստանի հետ ավելի սոսկալի արհավիրք է տեղի ունեցել, երբ մարդիկ չեն գտնում իրենց, երբ հայ ժողովրդին սփոփելու կարիք կա, էլ Շառլ չունենք։ Ես սա փոխաբերական իմաստով եմ ասում։ Ուրիշ Շառլ չունենք։ Չկա ուրիշ մեկը, որը կարող է իր ներկայությամբ , իր խոսքով մխիթարել հային։ Ոչ թե Շառլ Ազնավուրին հավասարը չունենք, դա հարցի մի կողմն է, այլ նման մարդ չկա, որ կարողանա ժողովրդի մատից «փուշ հանի», նրան կարողանա ոգի, ուժ, մխիթարություն, համբերություն տալ։ Ձեր մտքով անցե՞լ է՝ ինչու չունենք։ Ինչու՞ մենք էլ ոչ մեկի խոսքից զորություն չենք ստանում, ինչու՞ ոչ մեկի խոսքը հեղինակություն չի մեզ համար։ 

Սա ավելի մեծ ողբերգություն է, քան այն, ինչի մեջ հայտնվել ենք։  Մեզ համար էլ արժեք չկա։ Սա ազգային ողբերգություն է, երբ թել- թել, հատ-հատ ոչնչացվել են մեր ազգային արժեքները ու մեզ համար հիմա «ցավում են բորելները», որոնց չենք հավատում։ Կա՞ մի հեղինակություն, մնացե՞լ է ազգային մի դեմք, հերոս, որը կարող է այս պահին մեզ ոգի տալ, պայքարելու ուժ։ Որի հայտնվելուց հետո ֆեյքային բանակները չեն հարձակվելու՝ իբր եկավ, որ ի՞նչ անի։ Նորից եմ ասում, 2018-ից հետո սա ավելի մեծ ողբերգություն է, քան այն արհավիրքը, որի մեջ հայտնվել ենք, որովհետև նախ մեր ոգին են կոտրել, մեր ժառանգությունը, մեր ուժը, հետո արհավիրքն է բերվել։ Նախ ճյուղն է կոտրվել, որի վրա կանգնած ենք եղել, հերթը մեզ է հասել․․․ Մի զրույցի մեջ Շառլն ասել է․ «Ուզում եմ ձեզ ասել, որ իմ կյանքն ընթացել է տարօրինակ ձևով, իսկ այդ ճանապարհին ամենատարօրինակ բանը, որին հանդիպել եմ, այդ ես եմ»: Հայ ժողովրդի կյանքում ամենատարօրինակ բանը, որ հանդիպել է, դա այն է, որ էլ Շառլ չունենք, որ էլ հեղինակություն, արժեք  չունենք։ 2018-ին լուցկին վերցրել ու ինչ արժեք ունեցել ենք, վառել են։