Ընդդիմադիր ազգային ջոջեր, ճակատագրական սխալ եք անում

Ընդդիմադիր ազգային ջոջեր, ճակատագրական սխալ եք անում

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սամվել Խալաթյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ընդդիմադիր ազգային ջոջեր,

Դուք ճակատագրական սխալ եք անում, որի համար շատ թանկ ենք վճարելու:

1.Եթե Նիկոլը դավաճան է, ինչպե՞ս եք նրա հետ ընտրությունների գնում: Չէ՞ որ չի բացառվում, որ ընտրություններում նա հաղթի, լեգիտիմացնի իր իշխանությունը: Ընտրությունների գնալով, ուրեմն, դուք, որքան էլ որ ինքնավստահ եք, այդուամենայնիվ չեք բացառում, որ ընտրություններով կարող է և փակվի հայոց պատմության էջը: Բա ո՞ւր մնաց հայրենիքի փրկության հրամայականը:

2. Եթե մեծ ցնցումներից, քաղաքացիական պատերազմից խուսափելու համար եք փորձում սահմանադրական ճանապարհով իշխանափոխություն հասնել, ապա ինչո՞ւ չեք հանդես գալիս միասնական դաշինքով, ինչո՞ւ եք մասնատում ընտրազանգվածը, չէ՞ որ թվի կոտորակն ավելի փոքր է քան ամբողջական թիվը (տես 4-րդ դասարանի դասագիրքը):

3.Եթե ընդդիմադիր այս կամ այն դաշինքը ավելի շատ քվե ստանա և վերցնի իշխանության ղեկը, իսկ իմքայլականները ընդդիմություն դառնան խորհրդարանում, ինչո՞ւ եք, հապա, այժմվանից համաձայնվում ու համակերպվում այն մտքի հետ, որ ապագա խորհրդարանում «Տրոյական ձի» ենք ունենալու, որի առկայությունը անընդհատ ու անընդհատ նոր ցնցումների տեղիք է տալու:

4.Ժողովրդի աներկբա վստահությանն արժանանալու համար ինչո՞ւ չեք ինքնամաքրվում, ինչո՞ւ են ձեր շարքերում դեռ փայլում նրանք, որոնց ժողովուրդը, մեղմ ասած, չի ընդունում, ինչո՞ւ գոնե կեսբերան չեք ապաշխարում՝ ասելով, որ ձեր իշխանության օրոք ունեցել եք սխալներ և բացթողումներ, և դա արդեն դաս է եղել ձեզ համար, որ հայրենիքի շահը պահանջում է, որ մի կողմից ժողովուրդը ձեզ ների, մյուս կողմից դուք՝ սթափորեն, այլևս չեք կրկնելու հին սխալները, չեք հանդուրժելու նմանօրինակ երևույթներ ու դրանք թույլ տվող անձանց:

5.Ոչ մեկը, ո՛չ նիկոլականները և ոչ էլ նրաց ընդդիմադիրները թող չներշնչեն իրենց, թե ժողովուրդի վստահությունն իրենց կողմն է: Ժողովրդի մեծ մասը տարակուսած է և վաղվա առակի պես դեռ մտորում է՝ «Վերև եմ թքում՝ գլուխս է, ներքև եմ թքում՝ մորուսս»»: