Շառլատանություն․ անհայտ ծագման նիհարեցնող թեյեր՝ ՌԴ-ից

Շառլատանություն․ անհայտ ծագման նիհարեցնող թեյեր՝ ՌԴ-ից

Տեւական ժամանակ է՝ առողջապահության նախարարության, հայտնի բժիշկների անվան տակ նիհարեցնող դեղաբույսերից պատրաստված թեյեր են վաճառվում Հայաստանում։ Թե ի՞նչ ծագման դեղաբույսերի մասին է խոսքը, քանի՞ հոգի են դրանից օգտվել, ինչ արդյունք է տալիս՝ դժվար է ասել։ Այն կայքում, որտեղ ներկայացված է թեյը, չունի հետադարձ կապի ոչ մի միջոց։ Միայն տարածում են՝ որովայնն ու կոնքերը կնիհարեցնենք 7 օրում։

Պարզվում է՝ այն այնքան էլ «անմեղ» դեղամիջոց չէ, եւ գործ ունենք սովորական շառլատանության հետ։ Ինչպես մեր զրուցակից Թագուհի Փիրուզյանն է նշում՝ կայքում օգտագործում են իր հոր՝ բժիշկ Գագիկ Փիրուզյանի լուսանկարը, սակայն Աբգար Զավարյան անուն-ազգանունով։ Ավելին՝ ֆեյք էջերով բազմաթիվ մեկնաբանություններ են տեղադրում՝ իբր այն հրաշք-միջոց է՝ ավելորդ քաշից ազատվելու համար։
Գագիկ Փիրուզյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ, այն քննվում է Քննչական կոմիտեում։ 

Բժշկի փաստաբան Վարդան Ալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 1 տարի առաջ դիմում են ներկայացրել, սակայն գործի քննությունը կասեցվել է, այժմ էլի վերաբացվել․ «Ի սկզբանե ներկայացրել ենք կազմակերպված հանցավորության դեմ վարչություն, այն ժամանակ, երբ ներկայացրել էինք, գտել էինք այն մարդկանց, ովքեր վաճառքն էին իրականացնում ՀՀ-ում, գործի քննության ընթացքում պարզվել է, որ պատվիրատուն, գովազդ տեղադրողը Հայաստանում չեն։ Այդքանը կարող եմ ասել, այլ պետությունում են՝ Ռուսաստանում, հարցումներ էին ուղարկել ՌԴ, կասեցվել էր մինչեւ պատասխանները գային, հիմա եկել են։ Հիմա էլի վերսկսվել են նոր թեյերի գովազդներով, տեսել ենք նաեւ այլ բժշկի՝ Վահե Տեր-Մինասյանի նկարով գովազդներ»։

Նա նշեց, որ որոշ ժամանակ անց կասկածյալներ են եղել, նրանք այժմ գործում ներգրավված չեն․ «Այն մարդիկ, ովքեր միայն վաճառքն են իրականացնում կասկածյալի կարգավիճակ ունեին, սակայն նրանք գովազդի հետ կապ չունեն։ Ապրանքի ստեղծողը ուրիշ մարդ է։ Ես փորձել եմ պատվեր գրանցել, սակայն ՌԴ-ից էին զանգում։ Գնել եմ այն, հանձնել եմ քրեական վարույթ իրականացնողներին»։

Դիմել են նաեւ առողջապահության նախարարությանը, այնտեղից հայտնել են, որ իրենք էլ են քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացրել։ Փաստաբանը նշեց, որ վերջին անգամ թեյը գնել է 7500 դրամով։

Ի դեպ, նշենք, որ թեյի գովազդն անելիս տեղադրում են շոու-բիզնեսի ներկայացուցիչների լուսանկարները, դրան իր էջում անդրադարձել էր դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը։ Նա նշել էր․ «Վերոնշյալ ընկերությունը` ապօրինի կերպով, առանց իմ իմացության ու համաձայնության, մոնտաժելով իմ լուսանկարը, միտումնավոր փորձել է տպավորություն ստեղծել հանրության շրջանում, որ, իբրև թե, ես գովազդում եմ իրենց ընկերության կողմից ներմուծվող այս նիհարացնող սուրճը։ Ուզում եմ նշել, որ անհրաժեշտ բոլոր իրավական գործընթացներն արդեն կատարված են այդ ընկերությանը իրավական դաշտում պատասխանատվության կանչելու հանրությանը մոլորեցնելու նպատակով տարածված գովազդները հերքելու, անբարեխիղճ տնտեսական գործունեությունը դադարեցնելու, և իմ գործարար համբավն ու պատիվը արատավորելու և մի շարք այլ հիմքերով»։